Քաղաքապետի ու փոխմարզպետի արկածները. ուշագրավ միջադեպ Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս մի ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Գեղարքունիքի փոխմարզպետ 27-ամյա Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջեւ: Թվում էր, թե Հայաստանի «Հանրապետական կուսակցության»` իշխանությունից հեռանալուց հետո Հայաստանում գոյություն ունեցող բարքերը փոխվել են, եւ դեռ ավելին` փոխվել են պատկերացումները ՀՀ իշխանության մասին, սակայն պարզվում է, որ պատկերը այդքան էլ այդպես չէ: Մարզերում հակառակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, որ պետք է արտոնյալներ չլինեն` պարզվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կան անդամներ, որոնք «խայտառակում են ռեսպուբլիկան»:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի ավտոմեքենաները երթեւեկելիս են եղել, եւ Ճամբարակի քաղաքապետ Ադամյանը «հանդգնել» է իր մեքենան ավելի արագ վարել եւ վազանց կատարել փոխմարզպետ Գրիգորյանի ավտմեքենային: Եվ ահա այս ամենը դուր չի եկել Նարեկ Գրիգորյանին եւ վերջինս ժամանակ չի կորցրել եւ շատ արագ կատարվածի մասին տեղյակ է պահել մարզային ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձանց` պահանջելով, որ նրանք Ճամբարակի քաղաքապետի մեքենան տեղափոխեն տուգանային հրապարակ եւ արարքի համար վարչական պատասանատվության ենթարկեն: Որքան էլ տարօրինակ է, ոստիկանները կատարել են 27-ամյա փոխմարզպետի հրահանգը եւ կանգնեցրել են Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանին եւ պնդել են, որ պետք է մեքենան տանեն տուգանային հրապարակ: Քաղաքապետ Ադամյանը բնականաբար հետաքրքրվել է, թե ինչու են տանում, ոստիկանները պատասխանել են, որ այդպես է ցանկացել Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը:

Ինչեւէ, այս ամենից հետո Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը գնացել է մարզպետարան եւ փորձել է «հաշիվ պահանջել» փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանից, թե սա ինչ անելու բան է, որ նա արել է, արդյունքում մարզպետարանում մի քանի րոպե խառնաշփոթ է ստեղծվել, սակայն ամեն ինչ ավարտվել է առանց լուրջ մարմնական վնասվածք հասցնելու: Այս միջադեպի մասին խոսում են Գեղարքունիքի մարզպետարանում գրեթե բոլորը, սակայն հետաքրքիր է, որ կատարվածի մասին գերթե որեւէ տեղ չի հանրայնացվել:

«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի մասին տեղեկությունը նախ փորձեց պարզել Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց այլ անձ` նշելով, թե նա տեղում չէ եւ չգիտի, թե երբ կգա: Կատարվածի մասին զրուցեցինք փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ, որը հերքեց տեղեկությունը` նշելով, թե. «Այդպիսի բան բացարձակապես չի եղել, դա բացառում եմ, մենք բարիդրացիական հարաբերություններ ունենք, մենք աշխատում ենք շատ նորմալ, ոչ, ոչ, ոչ, նման բան չի եղել»:

Քնար Մանուկյան




Լրահոս