Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները` ահռելի բեռ պետական բյուջեի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամները ահռելի բեռ են դարձել ՀՀ պետական բյուջեի վրա` վատնելով միջոցները, բայց հանրությունն այդպես էլ ականատես չի լինում նրանց կատարած աշխատանքի արդյունքներին:

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում լուծարեց 2017 թվականին ստեղծված «Ռազմավարական նախաձեռնարկությունների կենտրոն» հիմնադրամը: Եւ լուծարման գործընթացի կազմակերպման համար հատկացվեց 33 մլն 292 հազար 100 դրամ: Այլեւս գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը պետական միջոցները մսխում էր` հատկացնելով նորաստեղծ հիմնադրամներին: Խոսքը Հայաստանի զարգացման հիմնադրամի ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասին է, որոնք ղեկավարում էին նախկին վարչապետի նախկին օգնականները: Ի դեպ, հենց այս կենտրոն հիմնադրամի աշխատակազմն էր պետական միջոցներով գնել 12 հազար դրամանոց սուրճեր, ինչի մասին ժամանակին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը:

Այդ ողջ ընթացքում կենտրոնը այդպես էլ լուրջ արդյունք չգրանցեց: Այդ մասին է վկայում նաեւ կենտրոնի պաշտոնական կայքէջը. կիսատ է եւ թերի է տեղեկությունների բաժինը: Անգամ կայքէջում չենք կարող գտնել, թե ովքեր են կենտրոնի ղեկավարները, գործընկերները, եւ այս ընթացքում ինչ է արվել: Մյուս կողմից` կենտրոնի փակման վերաբերյալ որոշումը խիստ դժգոհություններ էր առաջացրել հենց այդ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մոտ: Անգամ Վարդանյանը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ռուսաստանաբնակ գործարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքն ու իր ընկերները վերջին 18 տարիների ընթացքում ավելի քան 600 մլն դոլարի ներդրում են կատարել Հայաստանում, ինչին վարչապետը արձագանքել էր, որ երկրում տարբեր կենտրոնների լուծարման գործընթաց է սկսվել, ու դա անխուսափելի է: Նա հռետորական հարց էր ուղղել Վարդանյանին` ինչ էր անում կենտրոնը, եթե այս 2 տարվա ընթացքում չկատարեց իր առջեւ դրված խնդիրը:

Պարզվում է` կառավարությունը լուծարման գործընթացը սկսել է առայժմ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից: Ըստ որոշ տեղեկությունների` սրան հնարավոր է հաջորդի «Հայաստանի զարգացման» հիմնադրամը, որը, ի դեպ, տեւական ժամանակ է` անվանափոխվել է` «Բիզնես Արմենիա»-ի: Չնայած այն հանգամանքին, որ «Բիզնես Արմենիա» կենտրոնը մինչեւ հիմա չի լուծարվել, դրա ղեկավար Արմեն Ավակ Ավակյանը շարունակում է պաշտոնավարել, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս. ինչո՞ւ այս հարցում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնում արմատական քայլերի, եթե այս կառույցը եւս անարդյունավետ է աշխատում, նախարարությունների կողքին նախարարության գործառույթներ է ստանձնել: Իսկ որ նրանց գործունեությունն անիմաստ է, բավական է դիտել հաշվետվությունը: Ըստ հիմնադրամի` 2017-ին Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 75 ընկերություն մասնակցել է 11 միջազգային ցուցահանդեսի:

Տպավորություն է, թե առանց իրենց ընկերությունները չէին ներկայանա ցուցահանդեսներին, տպավորություն է, որ առանց իրենց նույն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը չէր կազմակերպի: Շարունակենք ներկայացնել նրանց հաշվետվությունից. հիմնադրամի օգնությամբ Հայաստանում 15 ու կես մլն դոլարի ներդրումային հուշագրեր են կնքվել, կատարվել է 3 մլն դոլարի վերաներդրում: Գալուստ Սահակյանի ոճով ասած՝ ներդրումային հուշագիրը դեռ ներդրում անել չէ: Էլ չենք ասում այն մասին, որ պարզ չէ՝ նրանց միջնորդությամբ ինչպիսի ընկերությունների հետ է այդ հուշագրերը կնքվել:

Բայց չնայած սրան` հիմնադրամը չի դադարում պետական միջոցները անխնա ծախսել իր էիտար հաճույքների համար: Թե ինչ ծախսերի մասին է խոսքը, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ անդադարձել է: Օրինակ` ընթացիկ տարում Հայաստանի զարգացման հիմնադրամի` «Բիզնես Արմենիա»-ի աշխատակազմը նախատեսել է գնել 1500 դրամանոց սիգարետներ: Էլ չենք խոսում լուծվող եւ աղացած սուրճի, ընկույզով շոկոլադի, ծիրանաչրով շոկոլադի, մուգ շամպայնի, կրեմով կաթնային շամպայնի, կրեմով սուրճի, կրեմով շոկոլադների մասին: Բացի այս, գնվել է 104 հատ պոլո շապիկ, որոնց համար ընդհանուր ծախսվել է մոտ 450 հազար դրամ, իսկ կանոնավոր օդային փոխադրման ծառայության համար` 10 մլն դրամ: Նաեւ գնվել է լամինատե հատակ, պատի սալիկ, ներկ լատեքսային եւ այլ շինարարական ապրանքներ: Միայն 10 հատ 0.7 լ կոնյակի համար ծախսվել է 415 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ 16.5 մլն դրամ նախատեսվել է ծախսել տեղեկատվական ֆիլմերի արտադրության համար: Թե ինչի մասին են այդ ֆիլմերը, արդյոք նկարահանվել են, թե ոչ, այդպես էլ անհայտ է, տեղեկատվական հոլովակների պատրաստման համար ծախսվել է 13.5 մլն դրամ:

 

Գործարար միջոցառումների կազմակերպման աշխատանքները արժեցել են 4 մլն 940 հազար դրամ: Բացի այս, հիմնադրամը մայիսյան հերոսամարտերի նպատակով հուշանվերների վրա ծախսել է 10 մլն 995 հազար դրամ գումար: Թե ում համար է նախատեսված եղել հուշանվերները, պաշտոնական փաստաթղթում ոչինչ չկա նշված:

Ավելին, ըստ մեր տեղեկությունների` նրանք ցանկացել են Երեւանի կենտրոնում հսկա շենք ձեռք բերել` պատճառաբանելով, թե իրենք տարածք են վարձակալում, եւ վարձավճարը կարելի է խնայել: Սակայն ըստ մեզ հասած տեղեկությունների` Արմեն Ավակ Ավակյանի առաջարկը մերժվել է` ասելով, որ դեռ հարց է՝ այդ հիմնադրամը շարունակելու է գոյությունը, թե ոչ: Այնպես որ, համաձայնեք, այս հիմնադրամի օր առաջ լուծարումն այլընտրանք չունի: Մնում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում արագացնի քայլերը: Այլապես կստացվի, որ նա Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը լուծարեց, իսկ այս մյուս հիմնադրամը՝ ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս