Տղամարդը երբեք չպետք է դադարի տղամարդ լինել. Էմմա Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը: Նա պատմել է, թե ով է իր առաջին սուր քննադատը, խոսել է այն մասին, թե ինչից է վախենում, ինչի համար է ափսոսում եւ ինչը չի ներում: Մենք փորձել ենք բացահայտել Էմմա Պետրոսյանի էությունը, խոսել ենք այնպիսի թեմաներից, որոնք կարելի է քննարկել ընկերների հետ մեկ գավաթ սուրճի շուրջ:

-Էմմա, Դուք ապրում եք անցյալով, ներկայո՞վ, թե՞ ապագայով:

-Երեքն էլ իմ կյանքում տեղ ունեն: Անցյալից կտրվելը դժվար խնդիր է, իսկ ներկայի զգացողությունն էլ երբեմն կորցնում ես: Ես ինձ միշտ ստիպում եմ, որ ներկան բաց չթողնեմ, որ ավելի շատ ապրեմ, քան մտորեմ անցյալի կամ ապագայի շուրջ:

Մեկը, ում հանդեպ ակնածանք եք տածում:

-Ամեն մարդ էլ արժանի է հարգանքի:

-Ու՞մ հետ կցանկանայիք դուետ ունենալ:

-Շառլ Ազնավուրի, Սթինգի, Արամոյի:

-Միանգամից ընկերանում եք, հետո «մաղո՞ւմ», թե՞ նախապես զգուշավորություն եք ցուցաբերում:

-Քանի որ մարդասեր եմ, շուտ էլ սիրում եմ ընկերանալ, բայց միեւնույն է, միշտ էլ ունեմ ստորակետներ դնելու սովորություն, տարիքի հետ զգուշավորություն եմ ձեռք բերել:

-Ապրում եք սպասելո՞վ, թե՞ սպասում եք ապրելով:

-Դրանք երկու նժարի պես իրարից անբաժան են: Կա շրջան, երբ դու սպասում ես, կա շրջան, երբ ապրում ես: Չես կարող միմյանցից զատել այս երկու հասկացությունները:

-Ամենազարմանահրաշ բանը, որ ստեղծել է մարդը:

-Մարդը:

-Ո՞վ է Ձեր սիրելի պոետը:

-Չեմ սիրում առանձնացնել, դժվարանում եմ պատասխանել: Բայց երբ զգացմունքներն են գերակա, երբ թույլ եմ, խոցելի, արցունքոտ, տակնուվրա, ինձ ապրեցնում են Տերյանը, Եսենինը, իսկ երբ ավելի ամուր եմ՝ Դավիթ Հովհաննեսը, Չարենցը, Սեւակը, Պաստեռնակը, Ցվետաեւան: Սիրելի պոետների պակաս չեմ ունեցել:

-Ո՞վ է Ձեր ամենասուր քննադատը:

-Այսօր որդիս:

-Ո՞րն է Ձեր սիրելի երաժշտական գործիքը:

-Երեքը կասեմ՝ ջութակ, որը նվագում եմ, թավջութակ, որը ջութակից անբաժան է, եւ դաշնամուր: Դաշնամուրի մեջ բազմաձայնություն կա, քառաձայնություն կա:

-Ո՞րն է այն գույնը, որը Ձեզ տրամադրություն է հաղորդում:

-Սեւը եւ սպիտակը ինձ համարձակություն են տալիս: Այդ երկու բեւեռների, պլյուսի եւ մինուսի միջեւ գտնվելով՝ ես ինձ շատ լավ եմ զգում, կարծես իմ աջ եւ ձախ ոտքերի վրա լինեմ:

-Ինչի՞ համար եք ափսոսում:

-Ափսոսում եմ, որ լիքը բան թողնում եմ վաղվան, որ պլաններս չեմ իրագործում` հատկապես՝ ընթերցանության հետ կապված, ափսոսում եմ, որ մարդկանց եմ կորցնում, որ չասացի «կներես», երբ դրա անհրաժեշտությունը կար, երբ սխալ էի:

-Շարունակեք միտքը. «Տղամարդը երբեք չպետք է…»

-Դադարի լինել տղամարդ: Սա ամենակարեւորն է: Էլի շատ բաներ կարող եմ թվել, բայց սա է հիմնականը:

-Երբեք չեք համաձայնի երգել…

-Անճաշակ, տգեղ երգեր, մի բան, որ ականջի համար հաճելի չէ, որը խաթարում է դիմացինի խաղաղությունը, որովհետեւ երգն էլ հոգի ունի:

-Վախենում եք, որ…

– Առանձնապես չկա նման բան, բայց երեւի վախենում եմ «վախենալ» բառից:

-Ի՞նչը երբեք չեք ներում:

-Այդպիսի բան չկա: Որ վայրկյանին որ հասկանում ես՝ ամեն ինչ անցողիկ է, փոփոխական, գիտակցում ես, որ դու ինքդ փոխվեցիր, պարտավոր ես ներել աններելին:

-Եթե չլիներ հումորը…

-Չէր լինի կյանքը, կամ կլիներ, բայց ոչ այսքան դինամիկ:

-Եվ վերջում՝ ի՞նչ է արվեստը:

-Արվեստն այն հայելին է, որտեղ նայում է մարդը, որին ձգտում է նա, որը կերտում եւ գեղեցկացնում է մարդուն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս