Անընդունելի են կուսակցականացված ցուցակներով ընտրությունները. Հաղթանակ Շահումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, Երեւանի ավագանու, խորհրդարանական ընտրությունների, ժողովրդի շրջանում առկա տրամադրությունների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է կուսակցականացված ցուցակներով ավագանու ընտրությունների անցկացումը եւ միաժամանակ հույս հայտնել, որ կգա ժամանակը, եւ իրավիճակն այդ առումով կփոխվի:

-Պարո՛ն Շահումյան, սպասու՞մ էիք, որ «Իմ քայլը» դաշինքը Երեւանի ավագանու ընտրություններում 80 տոկոսից ավել ձայն կստանար: Արդյոք սրա արդյունքում տեղի չունեցա՞վ քաղաքական դաշտի միաբեւեռացում:

-Կարծում եմ՝ բոլորն էլ սպասում էին նման արդյունքների, անսպասելի ոչինչ չեղավ: Իսկ միաբեւեռության խնդիր չեմ տեսնում: Ժողովուրդը Փաշինյանին աջակցելու համար իր ձայնը տվեց նրա թեկնածուին: Ամեն դեպքում, պետք է ասեմ, որ ինձ համար անընդունելի է կուսակցականացված ցուցակներով ավագանու ընտրությունների անցկացումը: Քաղաքի ավագանու անդամները պետք է լինեին անկուսակցական, ամեն թաղ պետք է առաջադրեր լավ մասնագետի եւ հեղինակության: Հուսով եմ՝ կգա ժամանակ, եւ իրավիճակն այս առումով կփոխվի:

– Երեւանի ավագանու ընտրություններում խախտումներ մեծ մասամբ չեղան, ժողովուրդն ուներ հստակ կողմնորոշում, կարելի՞ է ասել, որ այդ կերպ հող նախապատրաստվեց նաեւ խորհրդարանական ընտրությունների համար:

-Այո, ամեն ինչ տանում է դրան: Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թերեւս առաջին անգամ էր, որ ժողովուրդը հավատաց` առանց կաշառքի, պարտադրանքի կարող է ընտրություն կատարել: Իսկ նախորդ ընտրությունները բոլորիս աչքի առաջ են կատարվել, եւ գիտենք, թե ինչ սկզբունքով: Հիմա անհասկանալի վիճակ է. խորհրդարանի ներկա կազմը եւ կառավարության կազմը հակասությունների մեջ են, բայց ոչ առողջ հակասությունների: Մենք տեսել ենք, թե վերջին երեսուն տարվա ընթացքում հին կուսակցություններն ինչպես են իրենց սեփական շահը գերադասել երկրի շահից: Հիմա հարկավոր է, որ նոր ընտրություններ լինեն: Ազգային ժողովի ներկայիս անդամները ճիշտ կանեն՝ ազգային մտածողություն դրսեւորեն եւ աջակցեն ժողովրդի թեկնածուին:

-Ի՞նչ եք կարծում՝ Ազգային ժողովը շտապ ցրելու անհրաժեշտություն կա՞, թե՞, այնուամենայնիվ, պետք չէ շտապել:

-Տեսեք՝ հիմա ամեն ինչ իրար է խառնվել: Օրինակ՝ դատական համակարգում այնքան կասկածելի կենսագրություններով հնաբնակներ կան, որոնք պետք է դուրս գան, որ համակարգը մաքրվի: Նույնը կարելի է ասել Ազգային ժողովի դեպքում: Եթե ուզում են, որ օրենքը պահենք եւ միջազգային հանրությանն էլ օրինազանցի կերպարով չներկայանանք, պետք է այնպես անեն, որ օրենքը նպաստի արդար խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

-Պարո՛ն Շահումյան, Ձեր դիտարկմամբ՝ հիմա մեր ժողովրդի շրջանում ի՞նչ տրամադրություններ են իշխում:

-Ցավոք, նկատում եմ, որ ժողովրդի մի հատված փոխանակ երկրի համար սրտացավ լինի, իր տան ու դռան խնդիրներն է ուզում առաջ տանել եւ լուծել: Ես գիտեմ մարդկանց, որոնք սկզբում աջակցում էին ժողովրդական շարժմանը, բայց հիմա վիրավորված են, որ իրենց կամ իրենց երեխաներին աշխատանք չեն տվել: Եսասիրական նկրտումները մեր երկրի համար քայքայիչ են: Մյուս կողմից էլ նկատում եմ, որ ժողովրդի մի զգալի հատված զգացել է իր ազդեցության ուժը երկրի կառավարման հարցում: Կուզեմ, որ այդ ազդեցությունը պահպանվի: Հիմա ժողովուրդը վստահ է, որ իրեն վատ պահող ցանկացած իշխանության կարող է դուրս շպրտել: Դա արդեն մեծ բան է, դա կզգաստացնի ցանկացած կուսակցության եւ ղեկավարի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս