«Ճանաչելով Հայկ Մարությանի տեսակը՝ կարող եմ ասել, որ Երեւանը, ի դեմ նրա, ունենալու է աշխատասեր, բծախնդիր եւ գումարը տեղին ծախսող քաղաքապետ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան, Հայկ Մարությանի խաղընկեր Անդրանիկ Հարությունյանը: Նա հիշեց մի պատմություն՝ կապված քաղաքապետի հետ. «3-4 տարի առաջ էր, միասին իրեր էինք տեղափոխում, շատ անհարմար պահ էր, եւ ես ծխախոտս նետեցի գետնին: Հայկը շատ զայրացավ եւ անձամբ տարավ ու ծխախոտը նետեց աղբը: Ի դեպ, այդտեղ միայն մենք էինք, ուրիշը չկար, եւ որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու խնդիր եւս չկար»,-հիշեց դերասանը:
Նրա համոզմամբ՝ այսօր մայրաքաղաքն ամենաշատը ժպտացող մարդկանց կարիք ունի. «Թեեւ նրանց թիվը հեղափոխությունից հետո մեծացավ, մենք դեռ պետք է կարողանանք պահել այն, ինչ ունենք, ինչ ձեռք բերեցինք»,-շեշտեց Անդրանիկը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ստանձնած պաշտոնի համար Հայկ Մարությանին պետք է շնորհավորե՞լ, թե՞ ցավակցել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե որքան մեծ ծավալի աշխատանքներ պետք է իրականացնել քաղաքային կյանքը բարելավելու համար. «Այո, գործերը շատ են, այս պարագայում կարող ենք նրան ե՛ւ շնորհավորել, ե՛ւ ցավակցել: Մի բան կարող եմ ասել՝ երեւանցիները շուտով տեսնելու են դրական տեղաշարժեր եւ ուրախանալու են, դրանից էլ Հայկն ինքն է ուրախանալու, այնպես որ ավելի շուտ պետք է նրան շնորհավորել»,-մեկնաբանեց նա:
Անդրանիկի խոսքով՝ ինքը ոչ մի պարագայում հայրենիքից չի հեռանալու ո՛չ ներկայիս, ո՛չ էլ գալիք իշխանության օրոք. «Սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը եւ ուզում եմ, որ ամբողջ աշխարհի հայերն իմանան, որ ունեն իրենց տեղը»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան