Բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենայի այրման հետևանքով Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին`ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։

Հրդեհը ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնեցին, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։

Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները հնարավորություն են ունեցել մոտենալ թունելին միայն Դիլիջանի կողմից և հանգցնել կրակը։

Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում: Հրդեհի արդյունքում մեծ վնաս է հասցվել թունելին:

Նշենք, որ մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։

Թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, առաջիկայում այն փակ կլինի նաև վերանորոգման նպատակով։

Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս