Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցի մասին ասաց, որ Ալիևի հետ կանոնավոր կապի մեջ լինելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Վարչապետը նշեց, որ Ալիևը նորմալ, դրական տպավորություն է թողել, բայց վստահ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կհետևի այդ պայմանավորվածությանը. «Իհարկե, վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել: Վաղը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև մշտական կապ հաստատել, որպեսզի մենք կարողանանք իրավիճակը ավելի օպերատիվ վերահսկել»:
Ադրբեջանի նախագահի հետ վարչապետը խոսել է նաև Ստեփանակերտի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին. «Այդ հարցը նույնպես քննարկել ենք: Իհարկե, մեր տեսակետները տարբեր են: Ես ասեմ, որ հենց Դուշանբեից զանգել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին և տեղեկացրել, որ կա այսպիսի պայմանավորվածություն մեր մասով: Եվ նա ասել է, որ պայմանավորվածությունն ընդունելի է նաև իրենց համար: Այնպես որ, Արցախի իշխանությունը լիարժեք տեղեկացված է»: