Երեկ Գյումրի քաղաքի օրն էր, և այդ առիթով քաղաքում կազմակերպված էր նաև միջոցառում: Լուսանկարներից պարզ է դառնում, որ միջոցառումներին մասնակցել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց սոցցանցի իր էջում` ասելով, թե ինքը քիչ առաջ է իմացել այդպիսի օրվա գոյության մասին, և խոստացավ գտնել ու պատժել այդ հարցում թերացողներին:
ArmLur.am-ն արդեն ներկայացրել է, թե ինչ է պարզաբանում Շիրակի մարզպետը: Սակայն հետաքրքիր է, որ Արարատ Միրզոյանը, ով ինչպես նշեցինք, մասնակցել է միջոցառումներին, այնտեղ իր խոսքում փոխանցել է հենց վարչապետի շնորհավորանքները: Հետաքրքիրը նաև այն է, որ Գյումրու քաղաքապետարանի կողմից դեռ շաբաթներ առաջ հայտարարություն էր եղել, թե հրավերք է ուղարկվել բոլոր պաշտոնյաներին, այդ թվում` նախագահին և վարչապետին:
Մասնավորապես, դեռևս սեպտեմբերի 25-ին «Ասպարեզ» կայքը հրապարակում է ունեցել քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցի մասին` նշելով նաև հրավիրյալների ցանկը: «Գյումրու քաղաքապետարանից «Ասպարեզ»-ին փոխանցում են, որ քաղաքը բազմաթիվ հյուրեր է ունենալու, հրավիրված են ՀՀ նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ, Աժ նախագահը, տեղակալները, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ այլք», – գրված էր հոդվածում:
Ստացվում է` քաղաքապետարանից հրավեր եղել է, Միրզոյանը շնորհավորել է, սակայն անձամբ Նիկոլ Փաշինյանը միայն երեկ է իմացել Գյումրու օրվա և միջոցառումների մասին: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ArmLur.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Արարատ Միրզոյանի` վարչապետի անունից շնորհավորանքներ ուղղելուն` ասելով, թե ինքը վարչապետի մամուլի խոսնակն է և չի կարող պարզաբանել Արարատ Միրզոյանի խոսքերը:
Իսկ ինչ վերաբերում է վարչապետի խոսքերին, Արման Եղոյանը նկատեց, թե վարչապետն ասել է այն, ինչ պետք է ասեր, և չի կարծում, թե հավելյալ մեկնաբանությունների կարքի կա, քանի որ մնացածը աշխատանքային հարցեր են:
Որքան էլ մեկնաբանվի, թե աշխատանքային հարցեր են, փաստ է մեկ բան. հրավերքը եղել է, առաջին փոխվարչապետը վարչապետի անունից շնորհավորել է, սակայն Նիկոլ Փաշինյանն այդ ամենից տեղյակ չի եղել: