ArmLur.am-ն արդեն անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը` Գյումրու օրվա հետ կապված և տեղեկացրել, որ փաստացի Գյումրու քաղաքապետարանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավեր ուղարկվել է:
Հետաքրքիր է, որ երեկ վարչապետը Երևանում միջոցառման էր մասնակցում, սակայն Գյումրիի տոնին ներկա է եղել միայն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ընդ որում, վերջինս այնտեղ փոխանցել էր հենց վարչապետի կողմից շնորհավորանք և փաստորեն Փաշինյանն այդ մասին տեղյակ չի եղել:
Ինչպես հայտնի է`վարչապետն ունի արարողակարգի բաժին, և սովորաբար ցանկացած միջոցառման մասին տվյալներ գալիս են հենց այդ բաժնից, որը մինչ այդ կազմում է վարչապետի օրակարգը հենց տարբեր միջոցառումների հրավերների կամ տեղեկությունների հիման վրա: Եվ փաստացի, եթե վարչապետը տեղյակ չի եղել միջոցառումից, նշանակում է` այդ բաժինն է թերացել` չներկայացնելով միջոցառման մասին տեղեկությունը:
Մասնավորապես, արարողակարգի բաժնի գործառույթները հետևյալն են`
1) ապահովում է վարչապետի և աշխատակազմի ղեկավարի միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.
2) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի մասնակցությամբ բարձրագույն և բարձր մակարդակի այցերի, վարչապետի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգը.
3) իր իրավասության շրջանակներում ապահովում է վարչապետի, անհրաժեշտության դեպքում նրա տիկնոջ, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ` աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացումը:
Վարչապետը խոստացել էր պատժել մեղավորին, հետաքրքիր է` ումի՞ց նա կսկսի, և արդյոք թերացում կա նաև Արարատ Միրզոյանի մեջ: