ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող վաճառականները դժգոհում են բարձր մաքսատուրքերից: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ եթե նախկինում Հայաստան հագուստ ներկրելիս 1 կգ-ի համար 6-7 դոլար մաքսավճար էին մուծում, ապա հիմա նույն ապրանքը ներկրելու դեպքում մաքսավճարը կազմելու է ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը: Այս որոշումն, իհարկե, չի բխում ներկրողների շահերից, վնասում է նրանց բիզնեսին, նաեւ կարող է գնաճի պատճառ դառնալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, կառավարությունն այսպես նպատակ ունի զարգացնելու տեղական արտադրությունը: Գաղտնիք չէ, որ հիմնականում Թուրքիայից ու Չինաստանից ներկրված էժան ու անորակ հագուստը ողողել է հայկական շուկան, մինչդեռ կարելի է փոքր ու միջին ձեռնարկատերերին արտոնություններ տալով` նպաստել տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Մանավանդ, երբ հաճախ ներկրված հումքը նույն արժեքն ունի, ինչ նշված երկրներից ներկրված պատրաստի արտադրանքը: Այսպիսով, տեղական արտադրողին հարկային անհրաժեշտ արտոնություններ տալով` հայրենի կառավարությունը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդյունաբերության զարգացմանը:

 

 

Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել: Ի վերջո, Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի` կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տարածված տեղեկությունների առնչությամբ մեկնաբանությունների համար դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արմեն Եղոյանին, ով նշեց. «Անհասկանալի շրջանակներից շրջանառության մեջ դրված լուրերը չեմ մեկնաբանում»:

 

 

Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արցախում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ է հասունացել: Սակայն չնայած դրան` Բակո Սահակյանն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունի, այլ ցանկանում է շարունակել պաշտոնավարումը մինչեւ 2020 թվական, երբ տեղի կունենան նախագահի ընտրություններ: Նա հայտարարել է, թե այդ ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը: Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե Արցախում իսկապես առկա է Բակո Սահակյանի հրաժարականի քաղաքական եւ հասարակական պահանջ: «Քաղաքական ուժերի մեջ էլ կան նման կարծիքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ Արցախում միշտ էլ եղել է, պարզապես Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի են ոգեշնչել: Իսկ ահա Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ մեզ հետ զրույցում պնդել է՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ ոչ մի կողմից չի տեսնում, ընդամենը 1-2 հոգի է այդ թեման շահարկում:

 

 

 

Սեպտեմբերի 1-ին` Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սկզբում իրավապահները փորձել են Արթուր Աղաբեկյանի անունը կապել գեներալ Մանվել Գրիգորյանի ու նրա դեմ հարուցված քրեական գործի հետ, «տուշոնկաներ հայտնաբերելու» նպատակով խուզարկություն է իրականացվել անգամ Աղաբեկյանին պատկանող ընկերություններում: Ու սա այն դեպքում, երբ Աղաբեկյանն ու Գրիգորյանը 2015թ. ի վեր միմյանց հետ չեն շփվում: Ավելին, Աղաբեկյանի տանը որեւէ «տուշոնկա-զգուշչոնկա» չհայտնաբերելուց հետո որոշվել է ամեն դեպքում նրա դեմ մի բան գտնել: Ու հիշել են Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանին, որը տարիներ շարունակ սեւեռված հայտարարություններ է արել «Մարտիկ» հիմնադրամում իր կարծիքով տեղի ունեցած չարաշահումների մասին, եւ, ըստ էության, պատրաստ է ցանկացած պահի իրավապահներին անհրաժեշտ ցուցմունքներ տալ:

 

 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴՐՎԱԳԸ
Մարտի 1-ի քրեական գործը գնալով ամբողջանում է: Երեկ ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել 2008թ. մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակի նստացույցը բռնությամբ ցրելու դրվագով: Այն միացվել է մարտի 1-ի մայր գործին: Ըստ ՀՔԾ-ի` «2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների առնվազն 1300 ծառայողներ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում…»: ՀՔԾ-ն հիշեցրել է, որ այս դրվագով ուսումնասիրություններ են արել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, նախկին նախագահի հրամանագրով ստեղծված փաստահավաք խումբը, որոնց ոստիկանության ղեկավարությունը կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու ներկայացրել իրենց հակաօրինական գործողությունները քողարկելու եւ պատասխանատվությունից ազատվելու նպատակով: Ըստ ՀՔԾ-ի` «Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին»: ՀՔԾ-ն նախկին բարձրաստիճան ոստիկաններից որեւէ մեկին, այդ թվում՝ այդ օրերին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին դեռ մեղադրանք չի առաջադրել: Բայց իրադարձությունների ընթացքը հուշում է, որ շուտով այս գործով նոր մեղադրյալների անուններ ենք լսելու:
Իսկ մինչ այդ արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. այս տասը տարիների ընթացքում շատ է խոսվել մարտի 1-ի լուսադեմին կատարված գործողությունների մասին: Անգամ ՀՀԿ իշխանության օրոք ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում էր ամրագրված, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավիճակին անհամաչափ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խախտմամբ: Բայց չնայած այս ամենին` նախկին իշխանությունները հմտորեն շրջանցել են այդ թեման` չփորձելով այդ ամենին իրավական գնահատական տալ: Մինչդեռ, նկատենք, մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտման համար սա առանցքային դրվագներից մեկն է, եւ սրան ավելի վաղ պետք էր անդրադարձ կատարել:




Լրահոս