ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԱՐՏԵՐԸ, ԴԱՇՏԵՐԸ ՉԻ ՕՐՀՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը թե՛ թռչնամսի, թե՛ խոզի եւ թե՛ տավարի մսի առումով ինքնաբավ չէ, դեֆիցիտ կա: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի խոսքերով` «ուզենք, թե չուզենք, պետք է միս ներմուծենք«: Այս եւ այլ թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում անցած տարվա ընթացքում նվազել է ցորենի բերքատվությունը: Հայաստանում գյուղացիները մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Մտահոգվա՞ծ եք այս թվերով: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
-Մենք հիմա կոռեցիայի փուլում ենք գտնվում, որպեսզի հասկանանք` եղել է, այսքան է մնացել, թե ինչումն է խնդիրը: Լեռնային եւ բարձր լեռնային գոտիներում, որտեղ անձրեւոտ է, այդ տարածքներում հնարավոր է հացահատիկ ցանել: Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագիր, որը հավանության է արժանացել նրա կողմից: Պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել այս տարվա աշնանացանի ժամանակահատվածի համար: Ծրագրի նպատակը հանրապետությունում վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի ավելացումն է, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացումը եւ տարածքային անհամամասնությունների մեղմումն է: Այս փորձնական ծրագիրը, եթե հաջողվի, կձգտենք մեկ հեկտարի գնով որոշակի գումար տրամադրել գյուղացիական տնտեսություններին, որպեսզի ցանքատարածությունները մեծանան:
-Նույն իրավիճակն է նաեւ կարտոֆիլի դեպքում. վերջին մի քանի տարիներին Հայաստանում նվազել է կարտոֆիլի բերքատվության չափը: Օրինակ` եթե 2016 թվականին կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 606 հազար 300 տոննա, ապա 2017-ին հավաքվել է 547 հազար 400 տոննա կարտոֆիլ, ուղիղ 58 հազար 900 տոննայով պակաս: Հայաստանը սկսել է ոչ միայն ցորեն, այլեւ մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել: Արդյունքում մարդիկ չեն ցանկանում հող մշակել, որովհետեւ իրացման խնդրի առաջ են կանգնում…
-Դա առնվազն թյուր կարծիք է: Ցորեն եւ ալյուր ներկրվում է մոտ 60 տոկոս: Հայաստանը կարտոֆիլ ավելի շատ արտահանում է, քան ներկրում: Իհարկե, չեն ցանկանում հող մշակել, քանի որ գտնում են, որ հողով զբաղվելու եկամտաբերությունը ցածր է: Իսկ դա մեծապես պայմանավորված է նրանով, որ ցանքաշրջանառությունը ճիշտ չի կատարվում, տեխնիկան հնամաշ է, մարդկանց մեծ մասի հողի մշակման կառավարման գիտելիքները շատ ցածր է: Դրա լուծման համար ուղղություններն են ճիշտ հասցեական սուբսիդավորումները, ճիշտ խորհրդատվությունը, հիմնական միջոցների ճիշտ տրամադրումը եւ ենթակառուցվածքային եւ տեխնիկական` թե՛ տրակտոր, թե՛ ցանց:
-Պարո՛ն Խաչատրյան, ներքին շուկայում մեծ քանակությամբ բելառուսական ծագման մսամթերք է հայտնվել, որը վաճառվում է ավելի ցածր գնով, քան տեղականը: Արդյոք այս ամենի արդյունքում տեղական արտադրողները վնասներ կկրեն: Չէ՞ որ արտադրատեսակի ինքնարժեքը բարձր է, քանի որ անասնակերը բավական թանկ է:
-Մենք թե՛ թռչնամսի, թե՛ խոզի եւ թե՛ տավարի մսի առումով մենք ինքնաբավ չենք, դեֆիցիտ ունենք: Այսինքն մենք ուզենք, թե չուզենք, պետք է միս ներմուծենք: Եւ երկրորդը` կա տեղական եւ սառեցված խոզի միս, դրանք շուկայական տարբեր սեգմենտներ են: Այսինքն նա, ով փող ունի, տեղականն է գնում, ով չունի, ստիպված գնում է սառեցվածը: Չի վնասի, որովհետեւ մեր տեղական արտադրողների կարողությունները չեն բավարարում, որպեսզի պահանջարկի ծավալը փակենք: Որիշ խնդիր է, որ մենք որպես պետություն պետք է խթանենք, որպեսզի միսը ավելի շատ արտադրվի: Ինչը լուծելու ուղղությամբ ԳՆ-ն ծրագիր ունի, եւ որոշակի գումարով պետք է սուբսիդավորվենք թե՛ մսատու, թե՛ կաթնատու տոհմային կենդանիների ներմուծումը: Մի քիչ ավելի ամբիցիոզ ծրագիր ունենք նաեւ թռչնամսի զարգացման ուղղությամբ, որովհետեւ թռչնամսի մասով մենք նույնիսկ 1/3-ով ինքնաբավ չենք: Ձվով ինքնաբավ ենք, թռչնամսով` ոչ: Բացի այս, մեր երկրում 4 անգամ ավելի քիչ ոչխար ունենք, քան եղել է խորհրդային տարիներին: Նաեւ եթե մեկ հեկտարին ընկնող սուբսիդավորումը կարողանանք ճիշտ կիրառել, ապա կերային բազայի հարցը կլուծվի, որովհետեւ տեղ կա, որտեղ պետք է միայն խոտ ցանվի:
-ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարներից Սերգո Կարապետյանը լավ բերք ստանալու համար դաշտերը տերունական աղոթքով օրհնելու կողմնակից էր: Հնարավո՞ր է` Դուք էլ այս հարցով դիմեք հոգեւորականներին:
-Ես խաղողօրհնեքի արարողությանը եղել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բայց ոչ… ես նման բան չեմ անի, որովհետեւ եթե արած լինեի, ապա շուտ կանեի: Կխնդրեի Աստծուց` հիմա ես նոր եմ եկել` մայիսին, խնդրում եմ, Աստված, մի հինգ ավելի շատ ջանք թափենք, որ գարնանացանը, որը վերաջացել էր մայիսի 1-ին, եւս երկու ամիս տեւի: Բայց, ոչ, չեմ անի: Անգամ չեմ դիմել հոգեւորականին` իմ բնակարանը օհնի, բայց ես էլ, երեխաներս էլ մկրտված ենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԻՐԵՆՑ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ԹՈՂԱԾ՝ ՈՒՐԻՇԻ ՓՇԻՑ ԵՆ ԽՈՍՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ ելույթի պատճառով:

«Հայաստանում այսօր շատ պարզ իրավիճակ է. կան սպիտակ ուժեր եւ սեւ ուժեր: Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություններ ունենանք, սեւ ուժերն են: Մեր դեմը խաղ չկա» -ասել էր Հայկ Մարությանը: Հենց նրա այս արտահայտությունն էլ քննադատությունների տեղիք էր տվել:
Նրան սկսեցին քննադատել քաղաքական տարբեր ուժեր, նաեւ մարդիկ սոցիալական ցանցերում: Քննադատողների թվում էին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում գտնվող ուժերը, որ մասնակցում են այս ընտրություններին: Օրինակ` ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Այս նախադասությունը լսել ենք վաղուց եւ հենց այդ նախադասությունն էր, որ թե՛ երկիրը, թե՛ այդ գործիչներին տարավ ուղղակի կործանման»: Իսկ ահա ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն ասել է. «Ես կարծում եմ՝ Հայկ Մարությանը լավ չի հասկացել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառն ու իմաստը»:
Հայկ Մարությանն ավելի ուշ պարզաբանել էր, թե. «Ես ամենեւին անթերի չեմ, եւ կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձեւակերպել խոսքս, եւ, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։ Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, եւ դա Հայաստանի ժողովուրդն է»: Ասել է թե` թեկնածուն գիտակցել է իր սխալն ու փորձում է պարզաբանել ասածների իմաստը:
Բայց հատկանշական է, որ նրան առաջին պատասխանողը եղավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը: Նա նշել էր. «Այ գավառական ծաղրածու, դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սեւերի եւ սպիտակների կիսես»:
Ինչ խոսք, Հայկ Մարությանն այնքան էլ գեղեցիկ չի արտահայտվել եւ վստահաբար դրա համար նկատողություն ստացել է նաեւ հարազատ կուսակցությունից: Սա պետք է դաս լինի, որպեսզի ամեն խոսքից առաջ յուրաքանչյուր արտահատվող մտածի, եւ հատկապես խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի թիմին, որպեսզի չստվերեն հեղափոխության արժեքը: Ի վերջո, Վիգեն Սարգսյանի նմաններն են փորձելու օգտվել առիթից, ովքեր իրենց սեփական աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փշից են խոսում` մոռացած իրենց քաղաքական առաջնորդ Սերժ Սարգսյանի` «խիյարը թարս է բուսնում», «ինչքան ուզես, էնքան խփեմ», «եկել ես ստեղ, որ ինչ անես» արտահայտությունները: Չնայած եթե անկեղծ, Վիգեն Սարգսյանի երեկվա հայտարարությունները ինչ-որ առումով կարելի է առաջընթաց որակել. նախարար աշխատած ժամանակ նա սոցիալական ցանցում քաղաքացուն վիրավորել էր՝ գրելով. «Բոշան դու ես»: Հիմա «բոշա» արտահայտության համեմատ գավառական ծաղրածուն գրագետ է հնչում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՀՀԿ-Ն ԿԱՆՉՈՒՄ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Վերջերս Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արատակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Արման Զեւոնդյանն այսօր կայցելի ՀՀ Ազգային ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նորանշանակ դեսպանն այսօր հանդիպում կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Բանն այն է, որ այդպես է պահանջում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել ՀՀ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողով` հանդիպման կամ աշխատանքային քննարկման: Հետաքրքիր է, որ առաջին անգամ չէ, որ նոր դեսպան է նշանակվում, սակայն դժվար կլինի հիշել դեպք, երբ նշանակումից հետո նա հյուրընկալվել է խորհրդարանում: Եվ քանի որ այս դեսպանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` Օլեգ Եսայանի փոխարեն, ՀՀԿ-ականները` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, առիթը բաց չեն թողնի օրենքին հղում անելով հանդիպում կազմակերպել:

 

 

Ո՞ՒՐ Է ԿՇՏԱՄԲԱՆՔԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի մասին հարցին, հայտարարեց, որ Շանթն ինքն է հրաժարվել ազատ արձակվելու իր առաջարկած մեխանիզմն ընդունել: Փաշինյանն ասել էր. «Երբ դե յուրե դատապարտված անձի փակ ռեժիմը փոխվում, դառնում է բաց ռեժիմ, նրան տրվում է արձակուրդ: Դրանից հետո 24 ժամ նա լինում է ազատության մեջ պայմանով, որ պարտավորվում է ժամանակ առ ժամանակ գնալ ինչ-որ տեղ եւ թղթեր ստորագրել: Շանթ Հարությունյանը հրաժարվել է այդ մեխանիզմից օգտվել, որովհետեւ արձակուրդի համար պարտադիր է նրա կողմից դիմում գրելը»: Վարչապետը նշեց, որ Շանթ Հարությունյանը շարունակել է պնդել, որ համաձայն չէ նման որեւէ պայմանով ազատ արձակվել:
Շանթ Հարությունյանը Փաշինյանին ուղղված իր սահմանափակ պատասխանում զուգահեռներ անցկացրեց Սերժ Սարգսյանի եւ ներկայիս վարչապետի միջեւ.«Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու»,- գրված է Շանթի պատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանումներ ստանալ Շանթի որդուց` Շահեն Հարությունյանից, թե Փաշինյանի կոնկրետ ո՞ր խոսքն է Շանթը կշտամբանք որակել, արդյոք վարչապետը վիրավորե՞լ Է Շանթին իրենց հեռախոսազրույցի ժամանակ: Շահենը նշեց,որ չի կարող պատասխանել այդ հարցին, եւ կարծում է,որ դա կարող է անել միայն Շանթը: «Եթե հորս հնարավորություն տրվի մամլո ասուլիս ունենալ, նա ամեն հարցի պատասխան էլ կտա»,- ասաց Շահենը:




Լրահոս