ԱՐՑԱԽՈՒՄ ՈԳԵՇՆՉՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո նման տրամադրություններ են տիրում նաեւ Արցախում: Մասնավորապես, չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արցախում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ է հասունացել: Սակայն չնայած դրան` Բակո Սահակյանն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունի, այլ հակառակը, ցանկանում է շարունակել պաշտոնավարել մինչեւ 2020 թվականը, երբ տեղի կունենան նախագահի ընտրություններ: Նա հայտարարել է, թե այդ ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը:

Արցախում տիրող տրամադրությունների ակունքները եւս թաքնված են սահմանադրական փոփոխությունների հետեւում: Այդ ժամանակ հնարավոր եղավ Բակո Սահակյանի լիազորությունները երկարաձգել մինչեւ 2020 թվականը, եւ կիսանախագահական համակարգից անցում կատարեց նախագահական համակարգի:
Եվ ահա Հայաստանից ոգեշնչված` Արցախում եւս ցանկանում են հասնել իշխանափոխության, իսկ հիմնական դերակատարները Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը եւ ներկայիս պատգամավոր Հայկ Խանումյանն են: Օրինակ` Վահան Բադասյանը հարցի լուծման երկու տարբերակ էր առաջարկում:
«Բակո Սահակյանը հրաժարական է տալիս, եւ քաղաքական հարթակի առկա քաղաքական ուժերը ներկայացնում են համաձայնեցված նախագահի թեկնածու, որից հետո ԱԺ-ն ընտրում է նախագահ։ Նորընտիր նախագահը կազմավորում է ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպում արտահերթ նախագահական ու ԱԺ ընտրություններ՝ Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության հակասական եւ թերի դրույթների փոփոխմամբ։ Երկրորդը` Բակո Սահակյանի հրաժարական չտալու դեպքում Նախաձեռնող խումբը ձեռնամուխ է լինում այցելել ԱՀ-ի բոլոր բնակավայրեր եւ հարցը ներկայացնելով հանրությանը` ստանալ աջակցություն, ապա ճնշումներով հասնել հրաժարականին»։
Հենց այս նախաձեռնող խմբի անդամ է նաեւ հանդիսանում Հայկ Խանումյանը, ով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արցախում իսկապես առկա է Բակո Սահակյանի հրաժարականի քաղաքական եւ հասարակական պահանջ: «Մենք ամեն օր շրջաններում ենք լինում, այսօր էլ ենք եղել, եւ ակնհայտ է դժգոհությունը, բոլորը հասկանում են, որ ապօրինի նախագահ է Բակո Սահակյանը, որովհետեւ Սահմանադրությամբ նույն անձը երկու անգամ կարող է լինել նախագահի պաշտոնում, իսկ ինքը երրորդ անգամ է: Մարդիկ հասկանում են, որ պետական բյուջեն հիմնականում անարդյունավետ է ծախսվում, հաճախ մսխվում է եւ որ պետական բյուջեն պտտվում է Բակո Սահակյանի, իր մերձավորների եւ մյուսների մեջ, կամ տարբեր ձեւերով պետական բյուջեից լավություններ են անում Բակո Սահակյանի շրջապատին», – նշեց Սահակյանը:
Խանումյանի խոսքով` հրաժարականի պահանջ առկա է նաեւ քաղաքական ուժերի մոտ: «Քաղաքական ուժերի մեջ էլ կան նման կարծիքներ` վերջին խոսակցությունները հաշվի առնելով նաեւ, որ Սահակյանը թույլ, ապաշնորհ նախագահ է, սակայն որոշակի հանգամանքներից ելնելով` նրանք հրապարակային հրաժարվում են քննարկել նրա հրաժարականի պահանջը կամ ինչ-որ ձեւով ենթադրում են, որ անցումային փուլը կավարտվի, եւ նոր ընտրություններով ամեն ինչ կշտկվի: Սակայն մենք կարծում ենք, որ Բակո Սահակյանի մնալը բերելու է նոր չարիքներ Արցախի ժողովրդի գլխին եւ Արցախի գլխին», – եզրափակեց Խանումյանը:
Ընդ որում, պատգամավորի խոսքով` Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ Արցախում միշտ էլ եղել է, պարզապես Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի են ոգեշնչել: Հայաստանի նախադեպը ցույց է տվել, որ ամեն ինչ հավերժական չէ: Մի ժամանակ լուրջ ապատիա կար ժողովրդի մոտ, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժական է լինելու, եւ այդ ապատիան ոչնչացրելը, որ հաջողվեց Հայաստանի հասարակությանը, լուրջ ակնկալիքներ է առաջացել նաեւ Արցախում», – նկատեց նա:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ, ընդհակառակը, Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ ոչ մի կողմից չի տեսնում: «Կան մարդիկ` 1-2 հոգի, ոչ շատ, որոնք անընդհատ այդ թեման շահարկում են, բայց չկա ո՛չ լայն զանգված, ո՛չ քաղաքական կամ այլ տիպի պահանջ նման հարցադրման համար: Նոր ընտրություններին մնացել է մեկ տարի 2-3 ամիս, եւ գործող նախագահը հատուկ հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը որպես նախագահ: Այսինքն` իմաստը որն է, որոշ մարդիկ իրենց շահերից ելնելով` անընդհատ այդպիսի շահարկումներ են անում» – նշեց Բաբայանը: Վերջինիս խոսքով` այդ մի քանի հոգին փորձել են զանգվածային ցույցեր կազմակերպել, բայց դրանց ժամանակ ընդամենը 20-30 հոգի է եղել` ներառյալ կազմակերպիչները: Նույնիսկ դեպքեր է եղել, որ մարդ չի հավաքվել: Սա խոսում է նրա մասին, որ ժողովուրդն այդպիսի պահանջ չի ընդունում», – հավելեց Բաբայանը:
Միեւնույն ժամանակ Դավիթ Բաբայանը կարծում է, թե Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ ամեն ինչ կապելը եւս այդ քաղաքական շրջանակներին է ձեռնտու: «Որոշ մարդիկ դա ուզում են փոխկապակցել Հայաստանի հետ, ի՞նչ կապ ունի դա: Արցախի քաղաքական համակարգն ուրիշ է, այո, Հայաստանում տեղի ունեցավ, իսկ այստեղ տաս քսան հոգի են» , – հավելեց Բաբայանը:
Եվ չնայած Բաբայանը հիմքեր չի տեսնում, սակայն ընդդիմությունն իր այցերը շարունակում է` փորձելով մարդկանց ոտքի հանել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՈՐ ՕԵԿ-Ը
«Օրինակ երկիր» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով ներկայացրել է 116 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Եվ թերեւս այդ ամբողջ ցանկից միայն նա է ծանոթ հանրությանը: Կրկին ՕԵԿ դարձածները հայտարարել են, որ իրենց նպատակը նոր, թարմ դեմքերով ընտրապայքարի մեջ մտնելն է, սակայն իրականում խնդիրը մարդ չունենալն ու կուսակցությունից զանգվածային արտահոսքն է: Հայացք գցելով կուսակցության ընտրական ցուցակին` ականատես ենք լինում հետաքրքիր մի իրավիճակի. 116 հոգուց մեծ մասը երջանիկ պատահականությամբ աշխատում են ՕԵԿ գործիչներին պատկանող կենտրոններում` Եվրոպական համալսարան, Հ3 հեռուստաընկերություն, Եվրազես ակադեմիա, Ֆրանսիական քոլեջ, «Հայասի» գրուպ եւ այլն: Ընդ որում, թարմ դեմքերով ընտրապայքարի մեջ մտնելու մասին հայտարարած կուսակցության ցուցակում նաեւ թոշակառուներ կան:

 

 

ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԽԱԶԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը: Նա օգոստոսի 30-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու եւ այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը: Այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ «Դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար իրականացվող փոխատեղումների տրամաբանության ներքո ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք` ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնի»:

 

 

40 ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) համար ստորագրահավաք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջինիս մտերիմներն այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են տանում: Եւ նրանց հաջողվել է 40 հազար հոգու ստորագրություն հավաքել, որտեղ մարդիկ խնդրում են քրեական հեղինակության խափանման միջոցը փոխել: Նշենք, որ Արթուր Ասատրյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է, նրա պաշտպանները խափանման միջոցը փոխելու հետ կապված բողոք են ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան:

 

 

ՄՏԱՀՈԳՈՒՄ Է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով` Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձությունների առթիվ, բայց եւ այնպես, տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ: «Իհարկե, մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին»,-հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: «Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը եւ շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն», – ասել է Լավրովը: Վերջինս նաեւ նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: «Մեզ համար կարեւոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները»,- ասել է նա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում, երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը նշել է, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, եւ որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ, հավելել է Օրբելյանը:

 

 

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը երեկվա մամուլի ասուլիսին նշել է, թե թռիչքային զարգացում ունենալը երազանք է, որին պետք է իրականության մեջ փուլ առ փուլ գնալ՝ ընդունելով մարտահրավերները: Ինչ վերաբերում է հարցին, թե նշված տնտեսական աճը քաղաքացին իր կյանքի որակի բարձրացման առումով ե՞րբ կզգա, Արծվիկ Մինասյանն ասել է. «Մենք խոսում ենք մի ցուցանիշի աճի մասին, որը վիճակագրական ցուցանիշ է, եւ այս ցուցանիշը մինչեւ կյանքի որակի վերածվելն անցնում է որոշակի փուլեր»: Նա նշեց, որ տնտեսական աճը ջրի նման չէ, որ խմելիս ստամոքսը միանգամից զգա: Ըստ նրա` քաղաքացիներն իրենց «ստամոքսում ջուրը կզգան» երկու տարի հետո, եթե ռեֆորմները եւ տեմպը նույնկերպ շարունակվեն: Նա նշեց, որ թոշակների բարձրացման հարցում կառավարությունում քննարկումներ կան: «Կառավարությունը ամենաշահագրգիռ կողմն է, բայց հայտարարությունից առաջ վերջնական որոշումներ պետք է լինեն: Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք հնարավորություն, բայց դրանք առարկայական դարձնելու եւ չափերն արտացոլելու համար լուրջ վերլուծությունների կարիք կա»,-ասաց նա: Ըստ նրա՝ հարկային օրենսգրքի փոփոխությունները կարող են բերել տնօրինվող աշխատավարձի մեծության ավելացմանը:




Լրահոս