ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում կրքերը գնալով թեժանում են: Նախկին ՕԵԿ-ական տնօրենի պայքարը նախկին դաշնակցական տնօրենի դեմ դեռեւս անհաջողությամբ է պսակվում: Այժմ մթնոլորտը դպրոցում լարված է, քանի որ դպրոցը բաժանված է երկու թեւի:

Եւ այսպես, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում խնդիրը ծագեց դեռեւս 2016 թվականից: Այդ ընթացքում Շիրակի մարզը ղեկավարում էր դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը: Երբ դպրոցի տնօրեն ՕԵԿ անդամ Գոհար Շահբազյանի պայմանագրի ժամկետը լրացավ, մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց իր կուսակից ընկերոջը՝ ՀՅԴ-ական Արփինե Նիկողոսյանին: Դպրոցի աշխատակազմը բողոքարկեց մարզպետի որոշումը՝ պահանջելով վերականգնել իրենց նախկին տնօրենի աշխատանքը: Հետագայում կայացավ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ: Նախկին տնօրենն ու ժամանակավոր պաշտոնակատարը հավասար միավորներ էին հավաքել: Ըստ սահմանված կարգի` դպրոցը պետք է ղեկավարեր նա, ում նախապատվություն կտար մարզպետը: Մարզպետն էլ որոշեց տնօրեն նշանակել դաշնակցական Արփինե Նիկողոսյանին:
Գոհար Շահբազյանը որոշեց վերակագնել իր իրավունքը դատական կարգով: Ամիսներ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի հայցն ընդդեմ Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի։ Գոհար Շահբազյանը պահանջում էր վերականգնել աշխատանքը եւ իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել: Գործում երրորդ կողմ ընդգրկվել էր նույն դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանը։ Գործը քննվում էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Մինչ դատական պրոցեսներն ընթացքի մեջ են, աշխատակազմից մի քանի հոգի շարունակում են ներքին պայքար տանել Արփինե Նիկողոսյանի դեմ. «Նախկին տնօրենը փորձում է խանգարել ու մշտապես: Ունի 5-6 հոգանոց կողմնակիցների բանակ, որոնք մշտապես խոչընդոտում են իմ աշխատանքին, տարբեր անձանց դիմում են` հայտարարելով, որ ես լավ տնօրեն չեմ: Իմ գալուց ընդամենը մեկ ամիս անց կոլեկտիվը հասկացավ թե ինչպես կարելի է հանգիստ աշխատել, բայց նրանք ինձ խանգարում են: Նրանց դեմ ես որեւէ ապացույց չունեի: Բայց արխիվի տեղափոխության ժամանակ փաստաթղթեր եմ գտել: Ես այդ փաստաթղթերով կկարողանամ պայքարել նրանց դեմ: Ես իմ ձեռին այժմ փաստաթղթեր ունեմ: Ես երեք քրեական գործով եմ անցել ու ոչ իմ մեղքով: Ես այժմ ընդամենը ուզում եմ աշխատել, հոգնել եմ պաշտպանվելուց»,-ասում է տնօրեն Արփինե Նիկողոսյանը:
Այն հարցին` արդյոք Արփինե Նիկողոսյանին չի խանգարում դաշնակցական լինելու հանգամանքը, վերջինս նշեց. «Ես քաղաքականությունից չեմ հասկանում ու չեմ էլ զբաղվում: Այդ կուսակցության մեջ ես հայրենասիրություն եմ տեսնում: Ընդամենը մեկ տարի է, ինչ կուսակցության մեջ եմ ու չեմ պատրաստվում լքել այդ կուսակցությունը»:
Իսկ Գոհար Շահբազյանը դատական պրոցեսներին զուգահեռ որոշել է լքել «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը: Թե ինչու, պարզել չհաջողվեց, քանի որ վերջինիս հետ կապ հաստատել չստացվեց: Սակայն ըստ Գոհար Շահբազյանի տարածած հայտարարության` նա իր քաղաքական գործունեությունը շարունակելու է արդեն ՕԵԿ-ից դուրս: Իսկ Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ վերջինս փորձելու է համալրել ՔՊ շարքերը:
Թիվ 38 դպրոցի խնդրին նաեւ փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանն է տեղյակ: Վերջինս այցելել է դպրոց, սակայն ընդհարում է ունեցել ուսուցչական կազմի հետ, ինչից հետո դպրոցի տնօրենը իր բողոքը նամակով հայտնել է վաչապետին. «Այցելեցի դպրոց ու հորդորեցի, որ տնօրենը առավելագույն հանդարտություն պահպանի: Շարունակական կոնֆլիկտներ են այդտեղ: Հասկացա` մի քանի հոգի նախկին տնօրենի մտերիմներն են, մի քանի հոգի` ներկա տնօրենի, ու մի քանի հոգի էլ, մեղմ ասած, այդ ամեն ինչից զզված ու հոգնած լուռ ենթականերն են: Ես խորհուրդ տվեցի պահպանել առողջ մթոնոլորտ, որ երեխան չտուժի, ու նա էլ դիմել է վարչապետին: Դա, իհարկե, ինձ չի խանգարում արդար գործելու»,-ասաց փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը:
Այն հարցին, որ փոխմարզպետը մտերիմ հարաբերությունների մեջ է Գոհար Շահբազյանի հետ ու փորձում է օգնել նրան վերադառնալ աշխատանքի, Սոֆիա Հովսեփյանը նշեց. «Ես Գոհար Շահբազյանի հետ ծանոթացել եմ 2011 թվականին, երբ վերապատրաստել եմ ներառական համակարգում աշխատող մասնագետներին: Ես մշտապես ասել եմ եւ ասելու եմ, որ շատ գոհ եմ եղել թիվ 38 եւ 7 դպրոցների ներառական կրթական համակարգից: Ես ընդամենը այդ օրերին եմ տեսել Գոհար Շահբազյանին, հիմա էլ որ տեսնեմ, երեւի չճանաչեմ»,-ասաց Սոֆիա Հովսեփյանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓՈՂԸ ՉՆՉԻՆ Է
ՀՀ պետական բյուջեով եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին սնունդ է տրվում: Ուսուցիչները եւ աշակերտների ծնողները գոհ են այդ ծրագրից, քանի որ երեխաներին բավականաչափ քանակով եւ որակյալ սնունդ է տրվում: Այդ սնունդը դպրոցներն են գնում ծրագրով հատկացված ֆինանսական միջոցներով: Սակայն խնդիր է մնում սնունդ պատրաստող աշխատողների վարձատրության չափը: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը հայտնեց, որ այդ աշխատողների համար նախատեսված վարձատրության գումարը չնչին է, մարդիկ չեն ցանկանում սնունդ պատրաստել: Մ. Սիրադեղյանը խնդիրն առաջադրեց օգոստոսի 27-ին` Իջեւանում կայացած ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ` այն ներկայացնելով կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:

 

 

 

ԱԶԱՏԵԼ Է ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Կարեն Իսկանդարյանին սեպտեմբերի 3-ից ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչության պետի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշված է Կարեն Իսկանդարյանի անձնական դիմումը: 32-ամյա մասնագիտությամբ պատմաբան Կ. Իսկանդարյանը 2013թ. մարտին նշանակվել է Տավուշի մարզպետի օգնական, 2014թ. հոկտեմբերին՝ մարզպետի խորհրդական, 2016թ. մայիսից զբաղեցնում էր մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի պաշտոնը: Օգոստոսի 31-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշում է ընդունել սեպտեմբերի 3-ից Միշա Մխիթարյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի պաշտոնից: Մարզպետի որոշման մեջ գրված է, որ Մ. Մխիթարյանը աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու համար: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ 63-ամյա մասնագիտությամբ գյուղատնտես Մ. Միխիթարյանը 1999-2000թթ. պաշտոնավարել է որպես Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 2000թվականից զբաղեցրել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետի պաշտոնը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ վաճառականները ՀՀ կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել: Պատճառը ներկրված ապրանքների մաքսատուրքերի բարձրացումն է:

Նրանց խոսքերով` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սահմանած մաքսային դրույքաչափերի արդյունքում իրենք այլեւս չեն կարող առեւտրով զբաղվել: Բանն այն է, որ եթե նախկինում Հայաստան հագուստ ներկրելիս մաքսատներին կից կարգոներով տեղափոխելով` 1 կգ-ի համար 6-7 դոլար էին վճարում, ապա հիմա նույն ապրանքը ներկրելու դեպքում ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը պետք է մաքս վճարեն: Այս փոփոխությունը խիստ մտահոգել է առեւտրականներին, որովհետեւ այս դեպքում իրենք չեն կարող ապրանքը վաճառել տոնավաճառներում: Այս խնդրի իրական պատճառներն այլ են. փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար ապրանքների տեղափոխումը եւ մաքսազերծումը իրականացնում էր «Նորֆոլկ» ընկերությունը: Եւ քանի որ «Նորֆոլկ»-ը այլեւս չի գործում, բոլոր տնտեսվարողները պետք է ինքնուրույն հայտարարագրեն մաքսային մարմիններում, թե ինչ ապրանք են ներմուծում, եւ պետք է կատարեն համապատասխան վճարումներ:
Նկատենք, որ այս խնդիրը համատարած է: Մեր հանրապետության առեւտրականների գերակշիռ մասը բախվել է այս խնդրին: Իրականում, այո, կա խնդիր, որովհետեւ hայաստանյան այս նոր իրողություններում կիլոգրամով ապրանքների մաքսազերծման գինը բավական բարձրացել է եւ բարդություններ առաջացրել շատերի մոտ: Սա դժգոհության ալիք է ստեղծել ե՛ւ թուրքական, ե՛ւ չինական արտադրության ապրանքներ ներկրող ու վաճառող առեւտրականների համար: Ի դեպ, այս խնդրին են բախվում նաեւ եվրոպական երկրներից հագուստ ներմուծող առեւտրականները: Բայց ըստ մասնագետների` մաքսային արժեքի այս բարձրացումը ունի իր օբյեկտիվ պատճառները. նախ` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որով խթանվում է տեղական արտադրությունը, այլ ոչ թե ներկրումը: Սա իսկապես անհրաժեշտ է, քանի որ խթանելով տեղական արտադրությանը` նախ` արդյունաբերության աճ կարելի է ակնկալել, բացի այդ` ստեղծվում են աշխատատեղեր ու, վերջապես, կարող ենք ունենալ հայկական բրենդներ, առավել եւս, երբ ժամանակին Հայաստանում տեքստիլի արտադրությունը արդյունաբերության ամենազարգացած ճյուղերից է եղել:
Մյուս կողմից` տեղական արտադրողները պնդում են, որ իրենց ներկրած հումքը, որը դեռ պետք է վերածվի արտադրանքի, արդեն համարժեք է ներկրածի գնին: Ստացվում է, որ տեղական արտադրողները խնդիրներ են ունենում եւ կանգնում են իրենց արտադրանքը իրացնելու խնդրի առաջ: Ասել է թե` մրցակցությանը չեն դիմանում: Հիմա կառավարությունը որոշել է խթանել տեղական արտադրությունը` բարձրացնելով մաքսային գները: Բայց այս որոշումն էլ անհանգստացրել է առեւտրականներին:
Ըստ որոշ տեղեկությունների` չի բացառվում, որ առեւտրականների բարձրացրած դժգոհությունը այդպես էլ անարձագանք մնա, քանի որ կառավարությունը մարտական է տրամադրված եւ չի զիջելու, որպեսզի ներքին շուկան չողողվի այլ` թուրքական եւ չինական արտադրության ապրանքներով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս