ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ֆեյսբուքի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Միաժամանակ, սակայն, Փաշինյանը հայտարարել է, թե հարցերը շատ էին, ու ինքը ոչ բոլոր հարցերին է կարողացել պատասխանել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել` ինչ բնույթի հարցեր են հետաքրքրել քաղաքացիներին, որովհետեւ շատ էին նույնաբնույթ, կրկնվող հարցերը: Դրանով, թերեւս, կարելի է ընդհանուր պատկերացում կազմել հասարակությանն ամենաշատ հուզող հարցերի եւ իշխանություններից ակնկալիքների մասին:

Եւ այսպես, կրկնվող հարցերի մի մասը կապված էին վարկերի բարձր տոկոսների, հիփոթեքային վարկերի հետ: Փաշինյանը անդրադարձավ վերջին օրերում համացանցի գլխավոր թեմա դարձած այն հարցին,թե ՌԴ-Հայաստան հարաբերությունները լարված վիճակում են: Նա վստահեցրեց`ՌԴ-ի հետ հարաբերությունները կրում են նորմալ, աշխատանքային բնույթ: Վարչապետը խոսեց նաեւ ՀՀ-ից մեկնածների եւ վերադարձածների թվի մասին եւ նշեց, որ մայիսի 8-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ավելի շատ մարդ վերադարձել է, քան մեկնել: Ըստ Փաշինյանի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 404-ով գերազանցել է վերադարձածների թվին: Խոսելով էներգետիկ ոլորտում սակագների նվազեցման հնարավորությունների մասին` նա նշեց, որ դրա ուսումնասիրության համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Պատասխանելով օգտատերերից մեկի` Սանիթեքի մասին հարցին` Փաշինյանը նշեց, որ այսօր Սանիթեքը ակնհայտորեն ձախողում է աղբահանության գործընթացը: Նա ասաց, որ սա կապված է քաղաքային տնտեսության հետ, սակայն կառավարության ներկայացուցիչները, տարածքային կառավարման նախարարությունն անընդհատ այս հարցով զբաղվում են:«Մենք ունենք փաստ, որ քաղաքում այդ գործի համար մենաշնորհային իրավիճակ է ստեղծվել, եւ վերջին տարիների այդ համակարգի կառավարումը պատշաճ ձեւով չի իրականացվել, եւ այսօր մենք ունենք այդ պրոբլեմը»,- հավելեց նա: Վարչապետը խոսեց նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին մասնակցելու մասին` նշելով, որ պատրաստվում է օրենքով չարգելված ձեւերով մասնակցել դրան:
Հարցերից ու պահանջ-խնդրանքներից շատերը դուրս մնացին ուղիղ եթերից, սակայն չվրիպեցին «Ժողովուրդ» օրաթերթի աչքից: Օգտատերերից Ռուզաննա Երեմյանը զգուշացնում էր վարչապետին այն մասին, որ ըստ իր տեղեկությունների ` քաղաքական հայտնի կուսակցություններից մեկը արդեն սկսել է ընտրակաշառք բաժանել: Քաղաքացիներից մեկը հանդես էր եկել «Օդից փող» առաջարկով` հուշելով վարչապետին, որ նա իր լայվերը կարող է յութուբ տեղափոխել, շատ դիտումներ ունենալու արդյունքում յութուբից վճարվել եւ այդ գումարը օգտագործել բարեգործական նպատակով: Օգտատերերից մեկն էլ պարզապես խնդրում էր ավելի կարճ պատասխանել հարցերին: Սրանք կես-կատակ, կես-լուրջ հարցերն էին, որոնք մնացին անպատասխան:
Բայց քաղաքացիները նաեւ լուրջ խնդիրներ էին բարձրաձայնում, ընդ որում՝ անկախ նրանից՝ արդյոք այդ հարցի լուծումը կառավարության իրավասությունների ներքո է, թե ոչ: Քաղաքացիներից Անուշիկ Սարոյանն ուզում է հասկանալ` երբ կլուծվի վատթարագույն վիճակում գտնվող տրանսպորտի հարցը։
Օգտատերերից մեկի հարցը, թե եթե անտառահատումը արգելվում է, գյուղաբնակ թոշակառուն ինչպե՞ս լուծի վառելիքի խնդիր, ի՞նչ լուծումներ կառաջարկի կառավարությունը, եւս մնաց անպատասխան։
Քաղաքացիներից մեկը հարցրել է վարչապետի տեսակետը դատական բարեփոխում իրականացնելու մասին, մասնավորապես երդվյալ ատենակալների դատարանի ստեղծմանը, նախաքննության մարմինների վերացմանը` լիազորությունները բաժանելով դատախազության եւ հետաքննության մարմինների միջեւ` փաստաբանությանը ապացույցներ ձեռքբերելու իրական հնարավորություն տալով։
Զինծառայող ունեցող ընտանիքը բողոքում է, որ Մեղրու Ագարակում ծառայող իրենց տղային մեկ ամսվա մեջ ներքնաշոր, բաղնիքի պարագաներ եւ էլի շատ բաներ են ուղարկել։ Ընտանիքը ուզում է հասկանալ` ե՞րբ կլուծվի այդ խնդիրը զորամասում, եւ հավելում է, որ բացի դրանից այնտեղ շատ գողություններ են լինում։
Հարցերը շատ են, վարչապետը` մեկը, եւ ֆիզիկապես անհնար է պատասխանել բոլորին: Թերեւս հենց սա դարձավ առիթ, որ Փաշինյանը որոշեց քայլ անել եւ «մերժել» հարցերին պատասխանելու տվյալ ձեւաչափը. նա ցանկանում է ավելի արդյունավետ ձեւաչափ գտնել: Այսքան հարցերի մեջ անտեսվեց նաեւ լրագրող Արմեն Դուլյանի հարցը` ի վերջո, արդյոք երջանի՞կ է Նիկոլ Փաշինյանը:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ՓԱԽՈՒՍՏԻ ՄԵՋ
Օգոստոսի լույս 27-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղում` Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի մոտ, վիճաբանություն է եղել մի կողմից 4 երիտասարդների, մյուս կողմից` 1997թ. ծնված երիտասարդի միջեւ: Վեճի եւ դրան հետեւած դանակահարության բոլոր մասնակիցները Հաղարծին գյուղի բնակիչներ են: 1997թ. ծնված երիտասարդը դանակահարել է 1989թ. ծնված երկու հաղարծնեցիներին: Վիրավորներից մեկի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է Դիլիջանի բժշկական կենտրոնում: Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ դանակահարության պատճառը խանդն է եղել համագյուղացի աղջկա պատճառով, վեճը եղել է դանակահարողի եւ 4 հոգանոց խմբի անդամներից մեկի միջեւ: Վերջինս դանակահարվածներից չէ: Դանակահարած երիտասարդը ներկայումս փախուստի մեջ է: Իրավապահներից տեղեկացանք, որ հանցագործությունից 4 օր անց ոստիկանությունը նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում:

 

 

ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված, քրեական գործերով դատավարության շատ նիստեր չեն կայանում մեղադրողների չներկայանալու պատճառով: Դրա հետեւանքով շատ դատավարություններ ամիսներով ձգձգվում են: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակիցները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քննվող դատական գործերի վերաբերյալ նշում են, որ տվյալ նիստը չի կայացել քրեական գործով մեղադրողի բացակայության պատճառով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորները չգիտեն, թե ինչն է դատախազների կողմից դատական նիստերին չներկայանալու պատճառը: Դատավորները այդ կապակցությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն:

 

 

ՔՐՔՐՎԱԾ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ
Հայոց լեզվի եւ մաթեմատիկայի դասաժամերը ավելի շատ են, քան երգեցողության, այդ պատճառով հայոց լեզվի եւ մաթեմատիկայի դասագրքերը շուտ են մաշվում: Դասագրքերը նախատեսված են 4 տարվա օգտագործման համար, տրվում են վարձակալությամբ: 4-րդ տարում հայոց լեզվի եւ մաթեմատիկայի դասագրքերը մաշված, քրքրված են, աշակերտների ծնողները վճարում են վատթար վիճակում գտնվող այդ դասագրքերի համար այնքան, որքան վճարում են նոր դասագրքի համար: Օգոստոսի 27-ին Իջեւանում՝ Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Բերդ քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը հնչեցրեց այդ խնդիրը: Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ դասագրքերի վարձակալությամբ օգտագործման 4 տարվա ժամկետը մեծ է, ճիշտ չէ դասագրքերի վարձավճարի գումարը հավասար բաշխել 4 տարիների միջեւ, նոր դասագրքի վարձավճարը պետք է ավելի մեծ լինի, վարձակալության գումարը տարիների ընթացքում համամասնորեն պետք է նվազի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս