«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ծաղրածու Արթուր Սիսակյանն է կամ նույն ինքը` «Լոլիկ Բոլիկ» զույգի Լոլիկը: Նրանք զբաղվում են կրկեսային զվարճալի շոու-ծրագրերի կազմակերպմամբ: 29-ամյա ծաղրածուն պատմել է իր առօրյայի, Հայաստանում պահանջված մասնագիտություն ունենալու, արվեստն ու բիզնեսը համատեղելու մասին: Արթուրը, ով ուսանել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում, ապա դեռ դպրոցական տարիներից աշխատել Երեւանի կրկեսում, անհամբերությամբ է սպասում դրա վերաբացվելուն: Արդեն նոր պայմաններում ծաղրածուների համար դրսեւորվելու առիթները էլ ավելի բազմազան կլինեն:
-Արթուր, Հայաստանում ծաղրածուի աշխատանքը պահանջարկ ունի՞, հնարավո՞ր է դրանով գումար աշխատել, ընտանիք պահել:
-Այո՛, ծաղրածուի գործը ինձ համար արվեստ ներկայացնել է, որը հնարավորություն է տալիս նաեւ գումար աշխատել: Հայաստանում ծաղրածուների պահանջարկ կա, տարբեր առիթների ժամանակ նրանց կանչում են: Բայց մեր նպատակը կրկեսում հանդես գալն է: Պարզապես կրկեսի փակումից հետո մասնակցում ենք կոորպորատիվների, եւ այդքանով է եզրափակվում մեր աշխատանքը: Անհամբերությամբ ենք սպասում կրկեսի վերաբացմանը, որովհետեւ կրկեսի կյանքն ուրիշ է, այն առանձնահատուկ զգացողություն է պարգեւում:
-Երեք անգամ արժանացել եք «Տարվա լավագույն ծաղրածու» տիտղոսին «Քեռի մուլտիկնիկ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում: Հետաքրքիր է՝ բացի կրկեսից եւ կոորպորատիվներից այլ բեմերից հրավերներ ստանո՞ւմ եք, օրինակ՝ թատրոններից:
-Երկու տարի առաջ մենք ինքներս ներկայացում հանձնեցինք հանդիսատեսի դատին: Դրան մասնակցում էին մեր կրկեսի դերասանները: Շոուն վարում էր Անդրանիկ Հարությունյանը:
-Իսկ հյուրախաղերի մասնակցո՞ւմ եք:
-Այո՛, եղել ենք Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում:
-Ծաղրածուի մեջ ողբերգականն ու կատակերգականն այնքան են միախառնված, որ երբեմն դժվար է կռահել՝ նա տվյալ պահին ուրախ է, թե տխուր: Ծաղրածուն բացի զվարճացնելուց՝ այլ բանի համար կոչվա՞ծ է:
-Իհարկե, նա պետք է մարդուն մտածելու տեղիք տա: Երեխաների համար ծաղրածուների համարները կարող են դաստիարակչական նշանակություն ունենալ: Մեր ֆունկցիան է նաեւ մեծերին եւ փոքրերին զվարճացնելը, բայց այնպես, որ նրանք մի փոքր էլ շարժեն իրենց ուղեղները: Դրան նպաստում են ֆոկուսները, որոնք հաճախ վերջում հանդիսատեսի համար բացահայտում ենք:
-21-րդ դարում երեխաներին զարմացնելն ու գրավելն այնքան էլ հեշտ չէ: Նրանց ամենատարբեր հարթակներում հրամցվում են զանազան հերոսներ, կերպարներ, դրանց մի մասը բավական մեծ տարածում ունեն, դժվար չէ՞ այս ամենի ֆոնին հետաքրքրել փոքրիկներին:
-Մեր արած գործի մեջ միայն բարություն, սեր եւ ջերմություն կա, այդպիսով մենք գրավիչ ենք թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Ի դեպ, մեզ հրավիրում են նաեւ մեծերի միջոցառումներին, օրինակ՝ ծննդյան տոների: Ինչ վերաբերում է երեխաներին, նրանցից շատերը ոչ միայն կենդանի շփման մեջ են մեզ հետ, այլեւ հետեւում են մեզ օնլայն, դիտում են մեր մասնակցությամբ հոլովակներ, լուսանկարներ, ծնողները հաճախ ասում են, որ մինչեւ երեխաները դրանք չեն նայում, չեն քնում կամ հաց չեն ուտում: Դա մեծ բան է մեզ համար:
-Եվ վերջում՝ կրկեսի վերաբացումից հետո պատրաստվո՞ւմ եք նոր, հետաքրքիր համարներով ներկայանալ հանդիսատեսին արդեն բոլորովին նոր պայմաններում:
-Իհարկե, ես 8-9-րդ դասարանից կրկեսում եմ աշխատել, եւ այդ վայրն ինձ շատ հոգեհարազատ է: Իմ ամբողջ կյանքն եմ նվիրել կրկեսին, այնպես որ անակնկալներն անխուսափելի են լինելու:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ՝ ՈՎՔԵՐ ԵՆ ՍԵՎ ԿԱՄ ՍՊԻՏԱԿ»
«Հայկ Մարությանի ձեւակերպումն այնքան էլ ճիշտ չէր, բայց, ըստ էության, ես նրա ասածների հետ համաձայն եմ, ցավոք, մեր հասարակությունն այսօր բաժանվել է երկու հակառակ բեւեռների, ինչը շատ է ցավացնում ինձ: Պարզապես հարց է՝ ովքեր են սեւերը եւ ովքեր՝ սպիտակները: Դա արդեն պետք է ժողովուրդը որոշի»,-նման տեսակետ հայտնեց երգահան Մարինա Թագակչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն օրերս ելույթ էր ունեցել ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին եւ նշել. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, սեւ ուժերն են»,-հայտարարել էր նա: Հայկ Մարությանն ասել էր, որ ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել` մեր թիմի դեմը խաղ չկա»։ Այս գնահատականները մեծ տարածում ունեցան հայ հանրության շրջանում եւ բուռն կերպով քննադատվեցին:
Մարինան, սակայն, «Մեր դեմը խաղ չկա»-ն այլ կերպ է ընկալել, ոչ քննադատների պես. ««Մեր» ասելով՝ նա նկատի չուներ իրենց կուսակցությունը, նկատի ուներ ժողովրդին: Ժողովրդի ունեցած ուժերով էլ նա գնահատել է իր, իր կուսակցության հնարավորությունները»,-մեկնաբանեց երգահանը:
Նա հիշեցրեց, որ դեռ այն ժամանակ, երբ հեղափոխության հույս չկար, Հայկը պայքարում էր քաղաքացիների իրավունքների համար, ուստի պետք չէ նրա արած գործերը մոռանալ եւ կախվել խոսքերից:
«Ամեն դեպքում, նախորդ իշխանությանը չեմ սիրել՝ իրենց գործերից ելնելով, բայց ես դեռ պետք է սիրեմ Նիկոլ Փաշինյանի թիմին՝ կրկին գործերից ելնելով: Այնպես որ, սպասենք գործերի: Իսկ լավ գործերի համար, կարծում եմ, անհրաժեշտ է թիմում ներգրավել լավ մասնագետների»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ