ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիեւը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հակամարտության հետ կապված: Ենթադրվում է` այս թեմային անդրադարձ կլինի նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ: Ու թեեւ դեռ Փաշինյան-Ալիեւ հանդիպում չի նշմարվում, բայց եւ ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու` փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել:
Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես մարտի 1-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը: Ու թեեւ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր` այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է` ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից: Եւ այս առումով Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Քոչարյանի ծննդյան օրը Պուտինի շնորհավորանքին, ասել է. «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ»:

 

 

Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից: Եւ այս տարիների ընթացքում վերջիններս մեծ պատրաստակամությամբ են իրականացրել իրենց առջեւ դրած խնդիրը` ՀՀԿ օգտին ապահովելով քվեներ, իհարկե, կամ անձամբ դիմելով ընտրակեղծիքի կամ աչք փակելով կեղծիքների վրա: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել: Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ սկսվել է ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպման գործընթացը: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք դպրոցների կամ այլ կրթօջախների ՀՀԿ-ական տնօրեններ, որոնք նախկինում եղել են հանձնաժողովի նախագահներ, հրաժարվում են ստանձնել այդ պաշտոնը: Մի կողմից` ՀՀԿ-ն թեկնածու չունի, մյուս կողմից` նրանք վախենում են, որ ընտրախախտում կանեն ու կհայտնվեն ճաղավանդակներից այն կողմ:

 

 

 

Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում եւս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կապված այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետ: Մարտի 1-ի դեպքերից հետո` մինչեւ 2011թ., ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրեց այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվել է` արդյո՞ք իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննության: Սակայն նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել. «Ի՞նչ կարեւոր է` ինձ կանչել են, թե չեն կանչել: Եթե ինձ հետ կապված հարցեր են լինում, ես պարզաբանումներ անում եմ»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի լուսադեմին կատարվածին, այնուհետեւ ոստիկանական բռնությունները թաքցնելու նպատակով կեղծ փաստաթղթեր սարքելուն, Սարգսյանն ասել է, թե այդ ամենն իր օրոք չի եղել: «Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը: Վերջապես անցել է 10 տարի: Ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել այդքան ժամանակ առաջ»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետարանը վերջերս Դալարիկի գյուղապետարանում իրականացված ստուգումների արդյունքում լուրջ խնդիրներ է բացահայտել: Դալարիկ համայնքի ավագանու 8 անդամները դիմում են ներկայացրել գյուղապետին` սոցօգնություն ստանալու համար, այնուհետեւ իրենք էլ կողմ են քվեարկել իրենց այդ գումարը հատկացնելու որոշմանը: Արդյունքում, ընդհանուր առմամբ հատկացվել է 500 հազար դրամ: Բացի այս` ավագանու անդամ Թենիկո Ալբուրովանը կողմ է քվեարկել իր հորը 60 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար, ավագանու անդամներից Վարուժան Հակոբյանը` Արմեն Հակոբյանին 20 հազար դրամ սոցօգնություն վճարելու համար, Արմեն Ալեքսանյանը` կնոջը` Լալա Սիմոնյանին, երեխաների ուսման վարձի համար 100 հազար դրամ սոցօգնություն հատկացնելու համար: Նշենք, որ Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը թավշյա հեղափոխությունից հետո հրաժարական էր ներկայացրել:

 

 

 

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՆԵՐԿԱՅԻՍ ՕՐՈՔ
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը` OECD-ը, երեկ հրապարակած զեկույցում անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Ըստ այդմ, OECD-ը ՀՀ-ին խորհուրդ է տվել քայլեր ձեռնարկել կառավարությունում եւ խորհրդարանում արմատացած կոռուպցիային եւ լայնորեն տարածված շահերի բախումների դեպքերին դիմակայելու համար` միաժամանակ ներկայացնելով կոնկրետ հանձնարարականներ: Զեկույցում նշված է, որ Հայաստանը վերջին 4 տարիներին բարեփոխել է իր հակակոռուպցիոն օրենսդրությունը եւ հաստատությունները: Միաժամանակ զեկույցում նշված է, թե շարունակում է լուրջ մտահոգությունների տեղիք տալ կոռուպցիայի դեմ պայքարի օրենքներին հետեւելու բացակայությունը, ինչպես նաեւ տնտեսության մոնոպոլիզացումը: Հայաստանը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի դատավորների եւ դատախազների անկախությունը եւ միասնականությունը ապահովելու համար, ինչպես նաեւ ակտիվացնի ջանքերը կոռուպցիայի մասին աղմկոտ դեպքերը վերհանելու, քննելու եւ դրանք դատական կարգով լուծելու ուղղությամբ՝ օգտագործելով հայտնաբերման եւ վերլուծության տարբեր աղբյուրներ:
Գաղտնիք չէ, որ նման զեկույցները մեկ օրում չեն գրվում, այլ վերլուծաբաններն ամիսներ շարունակ աշխատում են ներկայացվող թեմայի վրա: Նույնն է եղել նաեւ այս դեպքում: Սակայն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին OECD-ի այս զեկույցը, դրանում ներկայացված գնահատականները, մեղմ ասած, ուշացած են, շատ-շատ ուշացած: Սա մեկ պարզ պատճառով. թավշյա հեղափոխությունից հետո ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը` Նիկոլ Փաշինյանն առաջինը ձեռնամուխ եղավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացմանը: Եւ նրա պաշտոնավարումից մի քանի օր անց սկսվեցին բացահայտվել կոռուպցիոն ամենատարբեր սկանդալներ, հարուցվեցին քրեական գործեր, որոնցում որպես մեղադրյալ ներգրավվեցին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորները, եղան նաեւ աղմկահարույց ձերբակալություններ: Այդ գործընթացը շարունակվում է նաեւ այսօր, եւ դեռ շատ երկար կշարունակվի: Ասվածի ապացույցը ԱԱԾ-ում, ոստիկանությունում, ՀՔԾ-ում եւ ՔԿ-ում հարուցվող քրեական գործերն են: Այնպես որ, Փաշինյանի կառավարությանը կարելի է տարբեր հարցերում քննադատել, բայց ոչ կոռուպցիայի դեմ պայքարի համար, քանի որ այս ուղղությամբ համարձակ քայլերը երեւում են:
Երեւի OECD-ի զեկույցում ներկայացված քննադատությունն ու հանձնարարականներն ուղղված էին նախորդ իշխանություններին, բայց հրապարակվեցին հիմա: Ու լավ կլիներ, եթե այնտեղ այս առումով նրանք հստակ տարանջատեին հասցեատերերին:




Լրահոս