ՏԵՂՅԱԿ ՉԵՄ` ԻՆՉ ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում եւս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, որն ավելի ուշ միացվել է մայր գործին:

Եւ այսպես` ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1300 ծառայողներ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները: Սակայն ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաեւ այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել եւ շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:
Մարտի 1-ի գործով օրերս արած նոր բացահայտումների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մարտի 1-ի դեպքերից հետո ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ այն ժամանակվա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու հակաօրինական գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել՝ հայտնելով, թե իբր հրապարակում զենքի ու պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգեր են ստացել: Ի՞նչ կասեք այս մասին:
-Տեղյակ չեմ` ինչի մասին է խոսքը: Այդ բացահայտումների մասին չեմ լսել: Ինֆորմացված չեմ, բայց չեմ կարծում, որ ոստիկանությունը հատուկ նման գործողություններ է իրականացրել: Ինչքանով ես տեղյակ եմ, ոստիկանությունը ընդամենն իր գործն է արել, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկին միտումնավոր վնասել է: Եկեք, չխանգարենք քննությանը: Ամեն ինչ կբացահայտվի, եւ հանրությանն էլ, ինչպես հարկն է, տեղյակ կպահի այդ մասին:
-Դուք ոստիկանապետ եք նշանակվել այդ դեպքերից մի քանի ամիս հետո: Արդյո՞ք Ձեզ չեն հետաքրքրել մարտի 1-ի հետ կապված մանրամասներ:
-Այդ գործը մեր վարույթում չի եղել, ես չեմ զբաղվել դրանով: Դրանով զբաղվել են ՀՔԾ-ն ու դատախազությունը: Հետաքրքրել է այնքանով, որքանով ինձ հանձնարարականներ են տրվել պարզաբանումների եւ ոստիկանների հետ կապված: Միջամտել եմ բացահայտման աշխատանքներին այնքանով, որքանով հնարավոր է եղել:
-Ոստիկանների կողմից կեղծված փաստաթղթերի մասով ի՞նչ կասեք: Ովքե՞ր են ներկայացրել դրանք:
-Ես չեմ տիրապետում դրան: Հիմա ինչո՞ւ եք ուզում, որ ենթադրություններ անելով պատասխանեմ դրանց, հետո էլ դա դառնա ավելորդ քննարկման առարկա: Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը: Վերջապես անցել է 10 տարի: Ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել այդքան ժամանակ առաջ:
-Երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կանչեցին հարցաքննության, Դուք ասացիք, որ կարծում եք, թե Ռոբերտ Քոչարյանը կապ չունի այդ ամենի հետ: Չի՞ փոխվել Ձեր կարծիքը:
-Ես հայտնել եմ իմ անձնական կարծիքը: Նորից եմ ասում` կարծում եմ, որ նա որեւէ կապ չունի մարտի 1-ի զոհերի հետ: Նրան մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, եւ այս դեպքում էլ ես կարծում եմ, որ նա նման բան չի արել:
-Ձեր կարծիքով, ո՞վ պիտի կանչվի հարցաքննության:
-Այդ հարցին կարող է պատասխանել միայն ՀՔԾ-ն: Չեմ կարող եւ չեմ ուզում որեւէ կերպ ուղղորդել:
-Այս գործի հետ կապված ոստիկաններից շատերը ցուցմունք են տվել քաղբանտարկյալների դեմ: Արդյո՞ք դա ուղղորդված չի եղել որեւէ մեկի կողմից:
-Թե ովքեր են եղել քաղբանտարկյալներ, ովքեր ինչի համար են նստած եղել, այդ մասին չեմ ուզում խոսել եւ հիմա չեմ ուզում տալ իմ գնահատականը: Ոստիկանությունն ամեն ինչ արել է իր լիազորությունների սահմաններում եւ որեւէ կեղծ ցուցմունք, այլ ապօրինի բաներ չեն եղել: Հավատացնում եմ Ձեզ` ցուցմունքներ տալը որեւէ մեկի կողմից, որեւէ կերպ ուղղորդված չի եղել: Ամեն դեպքում, իմ օրոք հաստատ չի եղել: Ինձ եւս որեւէ մեկը չի հանձնարարել ցուցմունք տալ:
-Վերջերս Ձեզ հարցաքննության կանչե՞լ են մարտի 1-ի գործով:
-Ի՞նչ կարեւոր է` ինձ կանչել են, թե չեն կանչել: Եթե ինձ հետ կապված հարցեր են լինում, ես պարզաբանումներ անում եմ: Եթե այսօր կամ վաղը որեւէ խնդիր կլինի ինձ հետ կապված, ես պատրաստ եմ ներկայանալ եւ պատասխանել բոլոր հարցերին:

 

 

 

«ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված մի շարք մանրամասներ փորձեց ճշտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ, վարչության անդամ, «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանից:

-Տիկի՛ն Նազարյան, ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել հենց դաշինքով:
-Մենք դաշինք ենք կազմել քաղաքացիների հետ, ոչ թե կուսակցության կամ կուսակցությունների: Մեր դաշինքում այն քաղաքացիներն են, ովքեր հեղափոխության իրականացման գործում մեծ ներդրում են ունեցել: «Քաղաքացիական պայմանագրի» եւ այդ քաղաքացիների նպատակը դրական եւ բարեխիղճ քարոզարշավի իրականացումն է, որպեսզի կարողանանք ստանալ ժողովրդի վստահությունն ու աջակցությունն առաջիկա տարիների գործունեության համար եւ անցնել գործի: Ես հավատացած եմ, որ մենք կկարողանանք քաղաքացիներին վստահեցնել, որ այս ընտրությունները հերթական, սովորական ընտրությունները չեն, այլ հեղափոխության շարունակությունն են:
-Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինք կազմեց հենց «Առաքելություն» կուսակցության հետ: Ո՞րն էր հիմնական շարժառիթը:
-Ֆորմալ առումով այդպես եղավ, որովհետեւ մենք գնում ենք ընտրությունների ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունով, այլ «Իմ քայլը» անվանմամբ, որը հեղափոխության ժամանակ ծնված կարգախոս է: «Առաքելություն» կուսակցությունում մարդիկ են, ովքեր հեղափոխության արժեքներն են կրում իրենց մեջ: Մենք կարծում ենք, որ պետք է հնարավորություն տալ այդ մարդկանց ասել իրենց խոսքը եւ իրենց մասկացությունն ունենալ բարեփոխումների իրականացման գործում:
-Ուրիշ կուսակցությունների կողմից եղե՞լ են առաջարկներ ձեզ հետ դաշինք կազմելու վերաբերյալ:
-Եղել են: Եղել են նաեւ շատ քննարկումներ, բայց դրանք, ի վերջո, արդյունք չեն տվել: Չէի ուզի դրա մասին ավելի մանրամասն խոսել:
-Ինչպե՞ս եք գնահատում «Ելք» դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունների կազմած դաշինքի շանսերը:
-Չեմ կարող գնահատել որեւէ այլ կուսակցության կամ դաշինքի շանսերը: Հարցումներ չեմ արել եւ չեմ կարող պարզապես կողքից որեւէ բան ասել:
-Կա՞ որեւէ քաղաքական ուժ, որին դիտարկում եք որպես լուրջ մրցակից:
-Անկեղծ ասած` շատերի անունները չեմ էլ մտաբերում հիմա: Որեւէ կուսակցության չեմ համարում լուրջ մրցակից, համենայն դեպս, հիմա: Բայց նաեւ չեմ բացառում, որ մեր լուրջ մրցակիցը ի հայտ կգա ընտրարշավի ընթացքում:

Նյութերը՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԻ

 

 

 

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԼՌԵԼ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծես թե լռության ուխտ է կնքել: Երեկ նա վարչապետի եւ այլ պաշտոնյաների հետ միասին մասնակցում էր ԱԻ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Եվ մինչ, օրինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն անկաշկանդ շփվում էին լրագրողների հետ` նույնիսկ կիսատ թողնելով իրենց շրջայցը, Գեւորգյանն ամեն կերպ խուսափում էր պատասխանել հարցերին` վերջում նշելով` գերադասում է այդ ընթացքում զրույցի բռնվել այլ պաշտոնյաների, այդ թվում արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Ընդ որում, այս ընթացքում պաշտոնյաներն ամփոփում են իրենց աշխատանքի 100 օրը, սակայն Արմեն Գրիգորյանն այս առումով եւս լուռ է: «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ գրել էր, որ այս ընթացքում Արմեն Գրիգորյանի աշխատանքը շատ բարդ է, քանի որ ռուսական կողմը չի վստահում նրան, պատճառն էլ վերջինիս արեւմտամետ լինելն է: Գրիգորյանն ըստ էության դարձել է արգելակ հայ-ռուսական հարաբերությունների խորացման հարցում ոչ միայն նախկինում արտահայտած դիրքորոշումների, այլ նաեւ պաշտոնավարման ընթացքում թույլ տված ոչ միանշանակ հայտարարությունների պատճառով: Իսկ վարչապետ Փաշինյանը ոչ միայն համապատասխան հետեւություններ չի արել, այլեւ կարծես թե համակերպվում է իրավիճակին:

 

 

ՀԱԷԿ-Ը ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թիրախում: Պատճառն այն է, որ ընկերությունն իր ֆինանսական հաշվետվությունները պետք է Հանձնաժողով ներկայացներ հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ին: Քանի որ դրանց ներկայացման ժամկետը մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է: Սակայն ՀԱԷԿ-ը դրանք Հանձնաժողով ներկայացրել է օգոստոսի 3-ին` խախտելով հաշվետվությունների ներկայացման` որոշմամբ սահմանված ժամկետը: Եւ ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, այս ամենի արդյունքում հանձնաժողովը ՀԱԷԿ-ին նախազգուշացում է տվել:

 

 

ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Մինչ Երեւանի ավագանու անդամները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ավագանու ընտրությունների առաջ ուժային կառույցներն իրենց ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգ են իջեցրել, որ բոլոր այն անձինք, որոնք այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, վերադառնան աշխատանքի: Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` ներքին հրահանգ է իջեցվել սեպտեմբերից սկսած այլեւս որեւէ մեկին թույլ չտալ արձակուրդ գնալ եւ արտակարգ ռեժիմով աշխատել:




Լրահոս