ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՐԹ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը եւ հատկապես ցուցակների առաջին համարները շատ լրջորեն են տրամադրված եւ սկսել են նախապատրաստվել դեռ ամիսներ առաջ: Նույնիսկ դեռ ընտրությունների օրը չորոշած` նրանցից շատերն արդեն այցելում էին բնակավայրեր, քննարկում խնդիրները` սոցիալական ցանցերն օգտագործելով գովազդում իրենց ուժին, քաղաքապետի իրենց թեկնածուին: Եվ այս ուժերն ու թեկնածուներն այնպիսի ջանասիրությամբ են պատրաստվում, քարոզարշավի այնպիսի ծրագրեր են մշակում, որ թվում է` առջեւում ոչ թե Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ են, այլ, օրինակ, ԱՄՆ նախագահի, ծայրահեղ դեպքում ՀՀ նախագահի ընտրություններ:

Իհարկե, թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին դեպքն է, երբ իսկապես հնարավորություն է ստեղծվել Հայաստանում անցկացնել ազատ, անաչառ ու առանց ընտրակաշառքի ընտրություններ: Համենայնդեպս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ ընտրակաշառքի դեպքերը չեն ներվելու: Հետեւաբար նաեւ ընտրություններին մասնակցող ուժերն են ոգեւորված, քանի որ առաջին անգամ հնարավորություն կա սեփական ուժերի ու ընտրազանգվածի չափն իմանալու: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին երեկ խոսելով ընտրակաշառք բաժանելու հնարավորությունների մասին` ասել է. «Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու: Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են ու աշխատանքը»:
Այդ ամենի պատճառով էլ ընտրություններին մասնակցող ուժերը չափազանց լուրջ են մոտեցել ընտրություններին:
Չնայած քարոզարշավին դեռ մեկ շաբաթ ժամանակ կա, սակայն թեկնածուներն ավելի վաղ են սկսել քարոզարշավը` անդրադառնալով քաղաքացիների ամենացավոտ հարցերին` աղբահանություն, վերելակներ, բացօթյա առեւտուր: Շատ հաճախ թաքնված քարոզարշավի եւ բնակիչների հետ հանդիպման էլ ուժերը գնում են ոչ միայն առաջին համարներով: Օրինակ` երեկ «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուներից մի քանիսն այցելել էին Նոր Նորքի 9-րդ զանգված, որտեղ առկա է բացօթյա շուկա, զրուցել առեւտրականների հետ` փորձելով հասկանալ նրանց պահանջները: Նախօրեին «Լույս» դաշինքի անդամները արդեն իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ ստուգում էին վերելակների հարցերը: Ընդ որում, մինչ այս էլ այս դաշինքի ավագանու թեկնածուները, ովքեր դեռ գործող ավագանու անդամներ են հանդիսանում, կրկին տարբեր հարցերում ակտիվ էին: Բավական ակտիվ է եղել նաեւ ԲՀԿ-ն` իրենց թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ. մի քանի շաբաթ շարունակ նրա թիվ մեկ թեման էլ աղբավայրերն են եղել: Այդպես են վարվել նաեւ ընտրություններին մասնակցող մանր-մունր կուսակցություների եւ դաշինքների ցուցակները գլխավորողները, ուղղակի լայն հանրությունն ուշադրություն չի դարձրել նրանց քայլերին:
Սակայն իրականում Երեւանի քաղաքապետի պաշտոնն ավելի շատ կազմակերպչական բնույթ է կրում, քաղաքապետն ունի ավելի քիչ լիազորություններ: Փոխարենը օրենսդրության համաձայն` շատ ավելի լիազորություններ ունեն ավագանու անդամները, ովքեր վերահսկում են քաղաքապետի գործունեությունը: ՀՀ Սահմանադրության 182 հոդվածի համաձայն` «Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում:
Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջեւ»:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ը սահմանում է ավագանու իրավական կարգավիճակը, որում ասվում է. «Ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ»: Իսկ հոդված 12-ը սահմանում է ավագանու լիազորությունները, որոնք ավելի շատ են, քան քաղաքապետինը:
Ընդ որում, քաղաքապետն ուղիղ չի ընտրվում, այլ հենց ավագանու կողմից, հետեւաբար կարեւոր են նաեւ ավագանու թեկնածուները եւ այդ ինստիտուտը, ում էլ վերապահված է քաղաքապետի ընտրությունը: Ընդ որում, հենց ավագանու նիստում է որոշվում քաղաքապետարանի շատ աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը, որոշում է ընդունում այն մասին, թե որ գույքն է հանձնվում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը, որոշում է ընդունում Երեւանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ եւ հատուկ ծրագրերի վերաբերյալ, որոշում է ընդունում Երեւանի բյուջեի, դրա փոփոխությունների վերաբերյալ եւ այլն: Այսինքն` եթե ավագանին չգործի, քաղաքապետը միայնակ ոչինչ չի կարող անել:
Իսկ ահա հոդված 41-ում սահմանվում է քաղաքապետի լիազորությունները, ըստ որի` նա ներկայացնում է Երեւանը` որպես համայնք, ավագանին եւ քաղաքապետարանն այլ անձանց եւ մարմինների հետ հարաբերություններում, ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները:
Իհարկե, Երեւանի քաղաքապետի առավելությունն այն է, որ նա ղեկավարում է ամենամեծ քաղաքը, սակայն նույն Վանաձորում եւ Գյումրիում եւս գործում է համայնքի ղեկավարի ընտրման նույն կարգը: Իսկ Սահմանադրությունը տարածվում է նաեւ մյուս համայնքների դեպքում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՆՏԵՍՎԱԾ
Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում նշվեց ԱԻ աշխատողի օրը: Տոնական միջոցառմանը մասնակցում էին պետական պաշտոնյաներ, դեսպաններ: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պատգամավորներից միջոցառմանը ներկա էին պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ընդ որում, ԱԺ փոխնախագահը կանգնած էր ամբիոնում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԻ նախարար Հրաչյա Ռոստամյանի ու մյուս պաշտոնյաների կողքին: Իսկ ահա ԱԺ մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Կորյուն Նահապետյանը ոչ մի կերպ ներգրավված չէր նոր իշխանությունների հետ նշվող միջավայրում. նա ամբիոնի մոտ չէր, չնայած միջոցառման վայր ժամանել էր հենց Միքայել Մելքումյանի հետ:

 

 

ԱՂԲԱՎԱՅՐԻՑ
Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 10-ին մեկնարկելու է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Եվ ահա այս օրերին ընտրություններին մասնակից ուժերը քննարկում են` որտեղից եւ ինչպես սկսեն քարոզարշավը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցում ԲՀԿ-ն արդեն կողմնորոշվել է եւ իր ծրագիրը կազմել: Մասնավորապես մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն` քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, իր քարոզարշավը սկսելու է Նուբարաշենից, մասնավորապես Նուբարաշենի աղբանոցից: Վայրի ընտրությունը պատահական չէ, քանի որ դեռ ընտրությունների օրվա մասին հայտնի դառնալուց շատ առաջ Զոհրաբյանը պարբերաբար բարձրացնում էր Երեւանի աղբահանության խնդիրը, այցելում աղբավայրեր, նույնիսկ այդպիսի մի վայր այցելելուց հետո առողջական խնդիրներ էր ունեցել, հիվանդանոց տեղափոխվել: Եվ ահա, քարոզարշավի առաջին օրը եւս նրանք կայցելեն Նուբարաշեն` բարձրացնելով մայրաքաղաքի համար լուրջ գլխացավանք դարձած այդ հարցը:

 

 

ԴԱՌԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Այսպես` եթե անցած տարվա յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա, ապա 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 156 հազար 300 տոննա հաց: Ըստ մասնագետների` հացի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում: Եւ բնակչության թվի պակասի պատճառով հացի սպառումն այնքան Է նվազել, որ պաշտոնական վիճակագրությունն այլեւս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա: Հացն համարվում է առաջին անհրաժեշտության սնունդ, եւ դրա արտադրանքի ծավալների կրճատումը ուղղակիորեն նշանակում է մարդկանց քանակի նվազում:

 

 

ՍԽԱԼ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայկ Մարությանի որոշ ձեւակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել: «Ես կարծում եմ, որ թյուրըմբռնում կա: Ցավում եմ, գուցե Հայկ Մարությանն ինքն էլ ընդունել է, որ որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սեւի եւ սպիտակի»,-ասել է վարչապետը:

 

 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանի տեղեկացմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի նաեւ հայ գործարարների հետ: «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաեւ հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին տեղի կունենան ռուս-հայկական բարձր մակարդակով հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պուտինի հետ հանդիպման օրակարգը երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրն է:

 

ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման շուրջ Հայաստանը ինտենսիվ բանակցություններ է վարում»,- ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ «Երբ որորեւիցե հստակություն լինի, թե ինչ սկզբունքների հիման վրա է փոփոխվելու գլխավոր քարտուղարը, ինչ ժամկետներում է փոփոխվելու գլխավոր քարտուղարը, դրա մասին հանրությանը կհայտնենք»,- պնդել է նա:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
Հայաստան է այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` այցի շրջանակում նախատեսվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

 

 

ԿՈՇՏ Է ԼԻՆԵԼՈՒ
«Իմ տեսակով ես ֆանտաստիկ մարդ եմ, մարդ եմ, ով պատրաստ է ցանկացած առաքելություն անել անձնվիրաբար` չխնայելով անգամ սեփական կյանքը»,-հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն վստահությունը ձեր` երեւանցիների արդարացնեմ, սա իմ կյանքի կրեդոն է եղել: Չկա փորձառություն կոռուպցիայի, ատկատների մեջ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մեր հաղթանակի դեպքում Երեւանից երբեք այլեւս ոչ ոք ոչինչ չի գողանալու: Ես այս հարցում շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները»,-ասել է նա: Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելել է, թե իրենք Երեւանը եւ երեւանցիներին չեն բաժանելու յուրայինների ու օտարների, մերոնքականների ու հակառակորդների: «Երեւանի մեջ բարիկադներ չենք դնելու եւ ասելու` այս կողմում մենք ենք, այս կողմում դուք եք: Մենք ասում ենք` մենք բոլորս մենք ենք, որովհետեւ բոլորս Երեւանն ենք»,-ասել է նա:




Լրահոս