ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարը, զորամասի թիկունքի եւ կոմունալ շահագործման գծով տեղակալը, զորամասի իրային ծառայության պետը, իրային ծառայության պահեստի պետը հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Նախաքննությունն իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել իշխանազանցության համար, որի հետեւանքով ՀՀ ՊՆ N զորամասի 187 զինվոր մնացել է առանց համապատասխան սնունդի, հագուստի եւ այլ պարագաների:
Բազմիցս ենք անդրադարձել բանակում չարաշահումների դեպքերին, սակայն թավշյա հեղափոխությունից հետո աղմկալի բացահայտումները նոր թափ ստացան: Մասնավորապես բանը հասել է այնտեղ, որ զորամասում պաշտոնատար անձինք «հանցավոր խումբ են ստեղծել» եւ ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` իշխանազանցության դիմել, որի հետեւանքով 187 զինվոր մնացել է օդից կախված: Այսպիսով` ի՞նչ է տեղի ունեցել:
Տեղեկացանք, որ Սերգեյ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, պարտավոր լինելով ժամանակին պահանջել եւ կազմակերպել նյութական միջոցների ստացումը, պահպանությունը եւ հաշվառումը` չի արել այն:
Իսկ Շավարշ Գեւորգյանը եղել է վերոնշյալ ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման գծով տեղակալ եւ օրենքով պետք է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 101 եւ 102 հոդվածների համաձայն` կազմակերպեր նյութական միջոցների գնդի ստորաբաժանումների ժամանակին ապահովումը եւ անձնակազմի բարձրորակ սնունդը, վերահսկել նյութական միջոցների նախատեսված չափերը յուրաքանչյուր զինծառայողի համար, սակայն չի արել այն՝ խախտելով նշված զորակոչի զինծառայողների իրավունքները:
Այսքանով պաշտոնատար անձանց ներգրավվածությունը չի սահմանափակվում: Պարզեցինք, որ Դավիթ Կիրակոսյանը եղել է հենց նույն զորամասի իրային ծառայության պետը եւ պարտավոր լինելով ժամանակին պահանջել եւ կազմակերպել իրեղենի եւ սանիտարական գույքի ստացումը, պահպանումն ու գնդի ստորաբաժանումների բացթողումը` դարձյալ չի գործել:
Ռազմիկ Բարսեղյանին էլ այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ՀՀ ՊՆ N զորամասի իրային ծառայության պահեստի պետ` օժանդակել է նույն զորամասի հրամանատարների իշխանազանցություն կատարելուն, որի արդյունքում զորակոչերի` թվով 187 զինծառայողների իրավունքները ոտնահարվել են:
Սակայն այս պատմության մեջ ամենացավալին այն է, որ զինվորներին սնունդ ու այլ պարագաներով ժամանակին չապահովելու ողջ գործընթացն իրականացվել է զորամասի հրամանատարի իմացությամբ, ինչպես ասում են` ձուկը գլխից է հոտած եղել: Եւ ըստ էության այսօրինակ դրսեւորումներն են պատճառը, որ զինվորներն իրենց ծնողներից անհրաժեշտ սնունդ եւ այլ իրեր են խնդրում:
Ինչեւէ, հավելենք, որ նշված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի` հանցափորձ եւ 375 հոդվածի` պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցություն հոդվածների հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴԴԵՄ «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻԻ»
«Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ի աշխատակիցներն ընկերության գործունեության պատճառով ընկել են դատարանի դռները: Կարեն եւ Միքայել Վարդանյանները թեեւ մի կողմից բարեգործություն են անում` իրենց իմիջը բարձրացնելու համար, մյուս կողմից էլ նրանց գործունեության արդյունքում ընկերության աշխատակիցների մոտ դժգոհություն է հասունանում, եւ վերջիններս ներքին կարգով չկարողանալով իրենց խնդիրները հարթել` ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 3-ին Սուրեն Ազոյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի «Գրանդ Քենդի Հայ-Կանադական» ՀՁ ՍՊԸ-ին հանգստյան եւ օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին, արտաժամյա աշխատանքի համար սահմանված գումարները վճարի: Այս գործը քննելու է դատավոր Աննա Փիլոսյանը:
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանին եւ նրա որդուն` Գոռ Մկրտումյանին, հրավիրել են հարցաքննության: Ըստ մեզ հասած տեղեկությունների` հայր եւ որդի ցուցմունք են տվել` պատմելով, թե ինչպես է տեղի ունեցել ամեն ինչ: Մասնավորապես ինչպես են տեսախցիկներով տեսել, թե տան ուղղությամբ կոնկրետ մարդիկ են գալիս, որից հետո դուրս են եկել բակ եւ սկսել են դիմադրել տուն ներխուժած անձանց:
Ավելին` վերջիններս ցուցմունք են տվել, որ ավազակային հարձակում իրականացրած անձինք իրենց որեւէ պահանջ չեն ներկայացրել: Իրավապահները վերջիններից հետաքրքրվել են, թե ինչ կասկածներ ունեն ավազակային հարձակման մասով, նրանք ցուցմունք են տվել` նշելով, որ որեւէ կասկած չունեն որեւէ մեկի նկատմամբ, եւ կատարվածը ոչ պրոֆեսիոնալ անձանց քայլ է եղել:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները նրանց անգամ հարցրել են, թե ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը ԱԺ նախկին պատգամավորի թիկնապահ է եղել, ի պատասխան` Արման Մկրտումյանը հայտնել է, որ չի հավատում այդ տեղեկություններին, եւ նման բան չի կարող լինել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա: 3 անձինք զինված հարձակում էին գործել, սակայն դատարանի նախկին նախագահին եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը փախուստի էին դիմել:
Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան հայտնաբերել են Վրաստանում, իսկ այժմ իրավապահները Վրաստանի հետ քննարկում են նրա արտահանձնման հարցը: Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վրաստանում հայտնաբերված անձը երկար տարիներ աշխատել է որպես Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ:
Իսկ ահա երրորդ անձը 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանն է, որը ծառայում էր ՀՀ ոստիկանությունում, կոչումով ավագ:
ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ասել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքները պետք է շարունակվեն, հակված չենք այն դադարեցնելու, դա կլինի ամենավատ լուծումը: Այդ դեպքում իզուր կդառնա մինչեւ այսօր կատարած աշխատանքը: «Չեմ կարծում, որ կարելի է հետ կանգնել այդ նախագծից: Մենք վերջին 3 ամսում լուրջ փոփոխություններ ենք իրականացրել ծրագրում: Եթե երեք ամիս առաջ աշխատանքները գրեթե կանգնած էին, այսօր օրական 5-6 հազար գրունտային աշխատանքներ են կատարվում»,-ասել է նախարարը: Հարցին, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել ճանապարհի շինարարությունը, նախարարը պատասխանել է. «Հնարավոր է` այդ ճանապարհն ավարտվի 5 տարում, հնարավոր է` 10-12 տարում: Սա կախված է միջազգային ֆինանսավորումից, մեր աշխատանքի տեմպերից, նաեւ պետության ֆինանսավորումից»,-ընդգծել է նա:
ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱ
Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին երեկ տեղեկացրել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Նշենք, որ օգոստոսի 21-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան, որը եռամսյա ժամկետում որոշում է վարույթ ընդունել: ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
ԽՆԴԻՐ ՉԿԱ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արդարադատության նախարարին, որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն տրվի Շանթ Հարությունյանին մամուլի ասուլիս տալ: «Եթե նա ցանկանում է լրագրողների հետ շփվել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասել է նա: Ավելի վաղ Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով Շանթ Հարությունյանի վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ քաղբանտարկյալների ազատությունն իր պաշտոնավարման պահից եղել է առաջնահերթություններից մեկը, եւ իրենք գտել են այն մեխանիզմը, որով դատապարտված անձի պահման ռեժիմը փոխվում է բաց ռեժիմի:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
«ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ ԱԱԾ-ն ուղղակի չի հրապարակում»,- երեկ լրագրողների դիտարկմանը, թե վերջին շրջանում ԱԱԾ-ն ավելի հանգիստ է, այսպես է արձագանքել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ես ի սկզբանե ասել եմ, որ ես ճիշտ չեմ համարում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը, բայց, ստեղծված իրավիճակից ելնելով` սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր, եւ հրապարակայնությունը շատ-շատ էր։ Կամաց-կամաց, հարգելի լրագրողներ, կսովորեք, որ ես էլ ինտերվյու չեմ տալու, չեմ երեւալու։ Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելիի սահմաններում»,- նշել է նա:
ՊԵՏԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ` փոխվել են «Վարդաշեն», «Սեւան», «Հրազդան» ՔԿՀ-ների պետերը: Նախարարը սոցցանցի իր էջում գրել է. «Նախօրեին համապատասխան հրամաններով քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն եմ իրականացրել: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում նշանակել եմ Վազգեն Առաքելյանին, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում` Լեոնիդ Մկրտչյանին, իսկ «Հրազդան» ՔԿՀ պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Ղազարյանին: «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից»: