ԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԶԻՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օրերս չորս հոգի լքեց «Երկիր ծիրանի» կուսակցությունը` դուրս գալով նաեւ ավագանու ցուցակից: Նրանցից մեկն էլ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարինա Խաչատրյանի հետ։

-Տիկի՛ն Խաչատրյան, ի՞նչն էր պատճառը, որ որոշում կայացրիք դուրս գալ «Երկիր ծիրանի» կուսակցությունից։
-Դե, մոտեցումների լուրջ տարբերություն էր, դրա համար էլ որոշեցի դուրս գալ։ Բաներ կան, որ դրանց շրջանակում ճանապարհները միասին, գեղեցիկ, զուգահեռ չեն գնում, մտածածները, պլանները, ծրագրերը, բայց ամենակարեւորը՝ մոտեցումները, պատկերացումները, մեկ էլ՝ սկզբունքները։
-Ի՞նչը բերեց նրան, որ մոտեցումները տարբերվեցին։
-Մեկ այլ բան է, որ դու մարդուն ճանաչում ես հեռուստատեսությամբ, հեռվից, մեկ այլ բան է, երբ դու իր հետ օրերով աշխատում ես։ Այդպիսով կարծիք ես ձեւավորում։ Եվ բնական է՝ ժամանակի ընթացքում ինձ համար եւ իմ գործընկերների համար նույնպես պարզ էր, որ բաներ կան՝ չեն համապատասխանում մեր սկզբունքներին, մարդիկ այլ ձեւով են շարժվում, իսկ մենք՝ այլ ուղղությամբ։ Այսինքն` այնպես չէ, որ դա մեկ օրում որոշվեց, այնպես չէ, որ խնդիր չկար, հիմա առաջացավ։ Այո, ժամանակի ընթացքում դու ռեալիզացվում ես, հասկանում ես՝ ինչպես կարող ես աշխատել, եւ ինչն է քեզ համար անընդունելի։
-Հիմնական խնդիրը կուսակցության ղեկավարի հե՞տ է կապված։
-Ո՛չ, խնդիրը կուսակցության սկզբունքների մեջ է։ Անձնական որեւէ խնդիր տիկին Փոստանջյանի հետ չունենք, մյուսների հետ էլ չունենք։ Ես ինքս գտնում եմ, որ ցանկացած միջավայրում, եթե դու քեզ հարմարավետ չես զգում, ճիշտ կլինի, որ շատ հանգիստ ձեւով այդ ամենը դադարեցվի, ոչ թե տարիներ շարունակ տանջվեն, կռվեն, մեկը տառապի, մյուսն ասի, կամ հակառակը, ինչ-որ անհամաձայնություն լինի։
-Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ սա եղավ։ Խնդիրը կապված էր հենց ա՞յս գործընթացի հետ։
-Ո՛չ։ Տեսեք, հետո գալու էին խորհրդարանական ընտրություններ, հետո գուցե այլ ընտրություններ գային։ Մենք չգիտենք՝ ինչ կարող է տեղի ունենալ։ Անընդհատ կարող է ընտրություններ լինեին՝ ես հո անընդհատ չեմ կարող իմ սկզբունքները ոտնահարել։ Բայց խնդիրը բացարձակապես կապ չուներ ավագանու ընտրությունների հետ։ Կարող եմ ասել՝ ինձ համար նշանակություն չուներ՝ ես կդառնամ ավագանու անդամ, թե ոչ։ Ես դրա համար չէի պայքարում։ Դա, իհարկե, պաշտոն չի, այլ կարգավիճակ է։ Փառք Աստծո, ես ունեմ կարգավիճակ՝ բժիշկ եմ։ Կարեւորն այն է, որ ես կատարեմ հայանպաստ գործ, որն իմ կարծիքով՝ ես չէի կարողանում կատարել։ Ես դա սրտի ցավով եմ ասում։ Շատ երազանքներ ունեմ, որ կցանկանայի իրականացնել, բայց չկարողացա։ Իհարկե, Դուք հասկանում եք, որ ես կես ճանապարհին կանգնող մարդկանցից չեմ։ Բայց մոտեցումներ, սկզբունքներ կան, որ դու կարող ես անցնել, կան, որ կարեւոր են, կան, որ անկարեւոր են։ Դուք պատկերացրեք իրավիճակ, որ ընտրություններից հետո ես չանցնեի եւ այդ իրավիճակում հայտարարեի կուսակցությունից դուրս գալու մասին։ Այդ ժամանակ ինչպես պետք է դա ընդունեիք։ Ցանկացած պարագայում կարելի է տարբեր տեսանկյուններից մարդու կյանքը եւ գործողությունները մեկնաբանել։ Իրողությունը սա է. սկզբունքներն են տարբեր, եւ կան մոտեցումներ, որոնք ես պարզապես չեմ կարող զիջել։
-Իսկ Զարուհի Փոստանջյանի հետ զրուցե՞լ եք։ Ի՞նչ է նա ասել։
-Ես երկու անգամ տիկին Փոստանջյանի հետ զրուցել եմ։ Դա եղել է ոչ թե դուրս գալու, այլ սկզբունքների շուրջ։ Եվ ես վստահ եմ, որ տիկին Փոստանջյանը վստահ է՝ ինչի մասին է խոսքը։ Ես վստահ եմ, որ ինքը հավատում է այն բանին, որ այստեղ ոչ ընտրության կամ այլ հարց չի եղել։ Վերջին օրը նամակի միջոցով մենք տեղեկացրել ենք տիկին Փոստանջյանին մեր որոշման մասին։ Մարդիկ, յուրաքանչյուրն իր համար է որոշում կայացրել։
-Դուք մյուս անձանց չե՞ք հորդորել, որ դուրս գան կուսակցությունից։
-Ո՛չ, բացարձակ։ Եվ հիմա էլ որեւէ մեկին չեմ հորդորում դուրս գալ։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրն իր կամքով, իր ցանկացած ձեւով շարժվի։
-Կուսակցությունում կայի՞ն մարդիկ, ովքեր փորձում էին ճնշում գործադրել, իրենց սկզբունքները փաթաթել Ձեր վզին։
-Կոնկրետ ինձ վրա ճնշում չի գործադրվել։ Ես նման բան չեմ կարող ասել։ Ես ամեն տեղ եմ ազատ, եւ դա ինձ մոտ ստացվում է։ Հավատացնում եմ Ձեզ, որ ինտենսիվ աշխատելու դեպքում ե՛ւ ես կանցնեի, ե՛ւ շատերը կանցնեին։ Բայց դա ինձ համար կարեւոր չէր, եւ ես այդ մասին հայտնել էի տիկին Փոստանջյանին։
-Եվ չփորձե՞ց Ձեզ ետ պահել տիկին Փոստանջյանը։
-Ո՛չ, որեւէ քայլ չի եղել։ Իմանալով տիկին Փոստանջյանին՝ ես չեմ էլ ակնկալում որեւէ քայլ։ Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանն իր գնահատականներում այնպիսին է, ինչպիսին որ կա։ Նա ինչպես որ մարդկանց գնահատում է, այնպես էլ նրանց հետ վարվում է, մարդկանց վերաբերվում է։ Եվ եթե նա գտնում է, որ ես կարեւոր անձնավորություն չեմ, որեւէ արժեք չունեմ, ապա ես չեմ կարող նրան հակառակը համոզել։ Նա իր հայացքներում միշտ կայուն է, միշտ գիտի՝ ինքն ինչին է հավատում։ Ես էլ իմ հայացքներն ունեմ։ Իսկ տիկին Փոստանջյանի համար պատահական չի, որ ես ասել եմ՝ ինքն անսասան մարդ է։
-Հնարավո՞ր է՝ առաջիկայում այլ կուսակցության անդամագրվեք։
-Դեռ պլանավորված ոչինչ չկա, բայց որեւէ բան չի բացառվում։ Քաղաքական դաշտը ես չեմ պատրաստվում թողնել։
-Իսկ «Երկիր ծիրանիի» հետ համագործակցությունը բացառո՞ւմ եք վերջնականապես։
-Այո՛, այո՛։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴ
Օգոստոսի 10-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց միջպետական ավտոճանապարհի Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի շատ վատ վիճակի եւ այդ ճանապարհի հիմնանորոգման մասին: Փաշինյանն ասաց, որ Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման գումարները նախատեսված է հատկացնել 2019թ., սակայն ինքը կաշխատի, որ տրվեն 2018 թ., ճանապարհը կառուցապատվի այս տարի: Օգոստոսի 15-ից «Վառմաշ» ՍՊԸ աշխատողները Ջուջեւան գյուղի կողմից սկսեցին իրականացնել ավտոճանապարհի կառուցապատման աշխատանքներ: Սակայն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ այդ ճանապարհի կառուցապատումը դադարեցված է: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը ճանապարհաշինարարական մեքենայի սարքավորման շարքից դուրս գալն է: Այդ մեքենան քերում է ասֆալտի հին շերտը, այն օգտագործում ճանապարհի կառուցման համար: Դրա փոխարեն արտերկրից նոր սարքավորում պետք է ներկրվի, պատվերն ուղարկված է:

 

 

ԿՈՅՈՒՂՈՒ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ ԱՅՐՈՒՄՈՒՄ
Մեկ հնգամյակ Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի բնակիչներն ապրում են հակասանիտարական պայմաններում, շենքի բակում չգործող կոյուղի, կոյուղաջրերի բաց հոսք կա: Այդ շենքի բնակիչների բազում բողոքներից հետո` օգոստոսի 21-ին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատողները հիդրոմուրճի միջոցով բացել են խցանված կոյուղագիծը: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն ասաց, որ կոյուղու խնդիրներ կան նաեւ Այրում քաղաքի այլ հատվածներում, 5 տարի առաջ Այրում քաղաքի կոյուղու վերակառուցման ժամանակ կոյուղաջրերի հոսքի համար անհրաժեշտ թեքություն չի ապահովվել, կոյուղում տեղադրվել են 100 միլիմետրանոց խողովակներ, ինչն անթույլատրելի է: Օգոստոսի 22-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Այրում քաղաք, հանդիպել համայնքի ղեկավար Ա. Պարանյանի հետ, տեղում ուսումնասիրել եւ քննարկել Բարեկամության փողոցի 7-րդ շենքի կոյուղու խափանման, կոյուղաջրերի բաց հոսքի, հակասանիտարական վիճակի մասին հարցը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արեւմուտք» մասնաճյուղի Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը մարզպետին տեղեկացրել է, որ խնդիրը ժամանակավորապես լուծվել է, եւ պարտավորվել է 10-15 օրվա ընթացքում Այրում քաղաքի կոյուղու դիտահորերի վերակառուցման միջոցով հարցին վերջնական լուծում տալ: Սեպտեմբերի 4-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները ձեռնամուխ եղան Այրումի չգործող կոյուղագծերի մաքրման եւ վերակառուցման գործին: Համայնքի ղեկավար Ա. Պարանյանը հայտնեց, որ քաղաքի բնակիչներն էլ մեղքի իրենց բաժինն ունեն կոյուղագծերի խցանման մեջ. կոյուղու մաքրված խողովակներից հանվում են բնակիչների նետած շորեր, կենցաղային զանազան առարկաներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԿԽՈՉԸՆԴՈՏԵՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Երեկ` վաղ առավոտից, ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի խաղողագործներ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը: Պատճառը խաղողի մթերման ցածր գներն են: Տեղեկացնենք, որ խաղողի մթերման գներից հիմնականում բողոքում են Սարդարապատի, Բամբակաշատի, Լենուղիի, Ջրաշենի, Այգեստանի եւ այլ գյուղերի բնակիչները, ովքեր տարիներ շարունակ զբաղվում են խաղողագործությամբ: Նրանց հիմնական բողոքը կապված է Երեւանի կոնյակի գործարանի սահմանած գնի հետ` 140 դրամ:

Նշենք, որ դժգոհող գյուղացիների հետ հանդիպել է նաեւ Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Նա հորդորեց խաղողագործներին բացել ճանապարհը: Սակայն գյուղացիներն անդրդվելի էին:
Սարդարապատի բնակիչներից Կարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով մթերման գներից, վրդովված նկատեց. «Այդ գինը ինքնարժեքից 20 դրամով է ընդամենը ավել: Չէ՞ որ այս տարի ոռոգման ջուրը թանկացավ, թունաքիմիկատները նույնպես թանկացան, իսկ թանկ դիզվառելիքի մասին ավելորդ է անգամ խոսել: Պարարտանյութը եւս բարձր գին ունի: Խաղողի ինքնարժեքը մեզ վրա նստում է 110-120 դրամ: Հիմա եթե մենք 140 դրամով վաճառենք, 20 դրամով ո՞նց ապրենք, անգամ մեր կատարած ծախսերը չենք կարող ծածկել»: Ապա հայտարարեց, որ ինքը եւ մյուս խաղողագործները պահանջում են այս տարի մթերման գին սահմանել 180-200 դրամ: Սակայն ավելի ուշ Երեւանի կոնյակի գործարանը պարզաբանեց` նշելով. «Կիսելով գյուղացիների հուզական վիճակը եւ հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները` Երեւանի կոնյակի գործարանն այս տարի բարձրացրել է խաղողի գինը 10 դրամով` դարձնելով այն 140 դրամ: Տվյալ գինը դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս 29 հազար տոննա գնելու պարագայում»: Բացի այս, ընկերությունից նշել են նաեւ, որ պատրաստ են մթերել իրենց հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված եւ երկուստեք ընդունած պայմանների:
Բայց չնայած սրան` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խաղողագործները իրենց բողոքը շարունակելու են այսօր Արմավիրի մարզպետարանի դիմաց եւ «փորձելու են խոչընդոտել նրանց աշխատանքը»:
Հ.Գ. Ըստ խաղողագործների` Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը, որը խաղողը մթերում էր 162-172 դրամով, երեկ պայմանագիրը խզել է նրանց հետ եւ սահմանել 145 դրամ գինը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս