ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Ցուցանակի վրայի տպագիր գրությունը հորդոր է տարածքը չաղտոտելու մասին: Մինչդեռ մեկը որոշել է ուղղել գրությունը փակցնողի միտքը` հորդորելով գրել հայերեն. չէ՞ որ ՀՀ պետական լեզուն հայերենն է: Համաձայնեք, որ երկու մտքերն էլ կարեւոր են:

 

 

 

ՀԱՐՑ. Մայրս ունի 17 տարվա մանկավարժական ստաժ: Նա կարո՞ղ է ստանալ մանկավարժական թոշակ: Նշեմ, որ ՌԴ է մեկնել եւ հետ վերադառնալուց հետո թոշակ չի ստացել: Մեզ տեղեկացրել են, որ նա դուրս է մնացել այստեղի հաշվառումից: Խնդրում եմ պարզաբանել:

Անահիտ Կոստանդյան (ք. Վանաձոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի 27-րդ կետի համաձայն` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:
Անահիտ Համբարձումյանը չի նշել, թե մանկապարտեզում եւ դպրոցում ինչ մասնագիտությամբ կամ պաշտոնում է աշխատել, հետեւաբար մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցը քննարկելու համար նա պետք է գրավոր դիմի սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հորդորում ենք քաղաքացուն դիմել սոցիալական ապահովության տարածքային բաժին` ներկայացնելով մասնակի կենսաթոշակի ձեռք բերման համար նախատեսված փաստաթղթերը:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է երեխա որդեգրել, ապա այդ գործընթացն իրականացնելու համար կա՞ սահմանված որոշակի գումար, որպեսզի նա վճարի: Եթե այո, ապա ինչքա՞ն:

Լիզա Մարկոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում: Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից որդեգրման պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար գանձվում է պետական տուրք` 30000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնում են որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը կամ որդեգրողների բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: ՔԿԱԳ մարմինը գրանցում է որդեգրումն անկախ այն ժամկետից, որն անցել է որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումն ընդունելուց հետո եւ անկախ այն տարիքից, որին հասել է որդեգրվողը որդեգրման գրանցման պահին:




Լրահոս