ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացահայտ թշնամական կեցվածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ` վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր պաշտոն զբաղեցնում Հայաստանում: Այս առումով առանցքային դեմքերից են ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռուսական կողմը բաց տեքստով պարբերաբար հասկացրել է, որ իրենց համար անցանկալի է նման անձանց ներկայությունն իշխանական վերնախավում, եւ որ դա չի բխում երկու երկրների շահերից, քանի որ առնվազն իրենք շատ հարցերում չեն վստահում կոնկրետ անձանց: Մամուլում գրվել է, որ Արմեն Գրիգորյանին ռուսական կողմը չի վստահում ռազմաքաղաքական բնույթի շատ փաստաթղթեր` մտածելով, որ դրանք կարող են հայտնվել ամերիկացիների ձեռքում:

Նման խնդիրներ կան նաեւ Դավիթ Սանասարյանի դեպքում: Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` այդ ամենի հետեւանքով Պետական վերահսկողական ծառայությանը շատ հաճախ չեն ընդունում ու չեն նկատում նաեւ երկրի ներսում: Ավելին, երբ նրա ղեկավարած կառույցի աշխատակիցները ստուգումների նպատակով մտել են ՊՆ, զինվորական վերնախավն անլուրջ է մոտեցել նրանց` ասելով, որ այստեղ անելիք չունեն: Դավիթ Սանասարյանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով. «Առհասարակ, վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ խոսելուց վերահսկող օբյեկտի աշխատողները ոտքի են կանգնում եւ պետք է ոտքի կանգնեն եւ նոր խոսեն, այնպես որ անլուրջ է»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրված վկաների թիվը շատ-շատ է, եւ քննիչները հազիվ են հասցնում հարցաքննել նրանց: ՀՔԾ-ում հարցաքննության են կանչվում 2008թ. այդ օրերին իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, նաեւ ոստիկանության բաժանմունքների նախկին պետեր, տեղակալներ եւ այլն: Ու այդ ամենի հետեւանքով ՀՔԾ միջանցքներն աննախադեպ բազմամարդ են. ժամանակը չի բավարարում բոլորին հարցաքննելու համար: Ի վերջո, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հարուցված մայր գործը մի քանի դրվագից է բաղկացած՝ դեռ փետրվարյան հանրահավաքների օրերին ներքաղաքական իրադարձություններին բանակի ներգրավում, այդպես սահմանադրական կարգի տապալում, մարտի 1-ի լուսադեմի իրադարձություններ, երբ բռնությամբ ցրել էին ցույցը, այդ օրը երեկոյան կատարված սպանություններ, նաեւ ՍԴ որոշման վրա նախկին պաշտոնատար անձանց կողմից միջամտություն, ինչի հետեւանքով խոչընդոտվել է արդար դատաքննության իրականացումը:

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի կապակցությամբ, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել այդ հիմնադրամի հիմնադիրներից գեներալ Արթուր Աղաբեկյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղաբեկյանը նշել է, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու ծախսերն իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի տոկոսներից, եւ իրականացրել եմ բացառապես կանոնադրության շրջանակում»,- ասել է նա: Աղաբեկյանը նաեւ պնդել է. «Փաստի առթիվ ինձ մեղադրանք է առաջադրված որպես բացառապես իմ իրավասության շրջանակներում, իմ գործողությունների համար: Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը եւ պետք է հնարավորություն ընձեռնեմ քննչական կոմիտեին իմ ցուցմունքներով ու մանրամասնելով ամեն ինչ»:

 

 

 

Հանքարդյունաբերության արտադրանքի ծավալները սկսել են նվազել, այն էլ մտահոգիչ տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միայն պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները նվազել են 20 տոկոսով: Անցած տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 243 հազար 100 տոննա պղնձի խտանյութ` այս տարվա նույն ժամանակահատվածի 194 հազար 400 տոննայի դիմաց: Հայտնի է, որ 2016 թվականի վերջից սկսած պղնձի միջազգային գները աճել են, եւ այդ միտումը շարունակվել է անցած տարում, ինչն էլ զգալի դրական ազդեցություն էր թողել արտահանման վրա: Իսկ հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժը տարիներ շարունակ եղել է հանքարդյունաբերությունը: Բայց հիմա, չնայած միջազգային շուկայում բարձր գներին, արդյունահանումը նվազել է առանցքային հանքարդյունաբերողների չաշխատելու հետեւանքով. օրինակ` չի շահագործվում Թեղուտի հանքավայրը:

 

 

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձել են 2008թ. մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում նոր դրվագով հարուցված քրեական գործին: Ինչպես հայտնի է, մարտի 1-ի լուսադեմին ոստիկանական ուժերը հարձակվել էին Ազատության հրապարակում նստացույց անող քաղաքացիների վրա, բռնությամբ ցրել նրանց: Սակայն հետո կեղծ փաստաթղթեր պատրաստել, թե իբր ռազմամթերքի առկայության ահազանգեր են ստացել, դրանց հիման վրա փորձել են տարածքում զննություն անել` արժանանալով մարդկանց դիմադրությանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երեկ պնդում էին` ՀՀ երկրորդ նախագահն այդ դրվագի հետ չունի որեւէ առնչություն: «Այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում»,- ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: Իսկ հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել Մարտի 1-ի առավոտյան ներխուժել Ազատության հրապարակ, նա պատասխանել է. «Ո՛չ»: Մարտի 1-ի լուսադեմի իրադարձություններին Քոչարյանի առնչության հարցը կպարզի ՀՔԾ-ն, որտեղ ընթանում է քրեական գործի նախաքննությունը:
Մինչ այդ, թերեւս, չէր խանգարի հիշել 2008թ. մարտի 1-ի նախօրեին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները: Հարցին` ի՞նչ տարբերակներ ունի իշխանությունը` նստացույցերը դադարեցնելու հետ կապված, Քոչարյանն ասել էր. «Առաջին՝ համբերատար սպասել, թե երբ է այդ թատերական բեմադրությունն ինքն իրենով մարելու Թատերական հրապարակում…։ Երկրորդ տարբերակը ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել հրապարակը, եւ այդ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել։ Կարծում եմ՝ այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, ովքեր մոլորված եւ հոգեբանական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում, որովհետեւ տարբեր հնարքներով նրանց ուղղակի պահում են այնտեղ»:
Փաստորեն, Քոչարյանի հայտարարության հաջորդ օրն իսկ ոստիկանները ձեռնամուխ եղան երկրորդ տարբերակի կիրառմանը:
Ի դեպ, արդեն մարտի 4-ին Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր. «Ես նույն հարցը միշտ տալիս եմ ինքս ինձ՝ արդյոք թույլատրելի՞ էր 9 օր շարունակ հանդուրժել չարտոնված հանրահավաքները։ Եթե երկրորդ կամ երրորդ օրը ցրեինք այդ հանրահավաքը, հետեւանքներն ավելի մե՞ղմ կլինեին, թե՞ ոչ։ Իմ տպավորությամբ՝ շատ ավելի մեղմ կլինեին…»:
Կապ ունի՞ Քոչարյանը մարտի 1-ի լուսադեմի իրադարձությունների հետ, թե՞ ոչ, հետեւությունները թողնում ենք ընթերցողներին:




Լրահոս