ԳԱՂՈՒԹԻ ՈՒՂԵԳԻ՞Ր, ԹԵ՞ ՄԱՔՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ պատգամավորների թեժ քննադատության արժանացավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախ նշենք՝ փոփոխությունները վերաբերում են ընտրական հանցագործություններին, ըստ այդմ՝ խստացում է ենթադրվում նաեւ այն հոդվածների պարագայում, որոնք նախկինում համարվում էին միայն վարչական իրավախախտում:

Հատկանշական է փաստը, որ այս նախագիծը մշակվել է ոչ թե արդարադատության նախարարության, այլ վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կողմից: Այս հանձնաժողովը, հիշեցնենք, ստեղծվել էր Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ կազմելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հունիսի 19-ին ստեղծված հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, իսկ քարտուղարն էլ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Երեկ պետաիրավական հանձնաժողովի անդամ պատգամավորների մեծ մասը քննադատում էին, բայց քննադատում էին ոչ թե ընտրակաշառքի խստացումը, այլ ոչ ճիշտ իրավական ձեւակերպումները եւ դրանց պատճառ մատնանշելով հենց այդ հանգամանքը: Չնայած, նկատենք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւս հանդիսանում է այդ հանձնաժողովի անդամ, եւ հենց դա է պատճառը, որ լրացուցիչ ուսումնասիրության այս նախագիծն արդարադատության նախարարությունում շատ թռուցիկ է անցել:
Ինչեւէ, անցնելով բուն փոփոխություններին եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների բողոքի առիթ հանդիսացած նախագծերին` նշենք, որ ներկայացված նախագծերի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է ընտրակաշառք տալը նախատեսել հոդվածի առանձին մասով՝ դրանում հստակ սահմանելով հանցագործության նպատակը՝ «թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք տալու նպատակը»:
Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է նաեւ քրեականացնել քր.օր.-ի 154.2-րդ հոդվածով ներկայումս չնախատեսված հետեւյալ արարքները՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը: Բացի դրանից, առաջարկվում է կաշառք տալու եւ ստանալու նպատակների մեջ նշել նաեւ գործնականում հնարավոր այնպիսի նպատակներ, ինչպիսիք են մեկից ավելի անգամ քվեարկելը կամ այլ անձի փոխարեն քվեարկելը: Հենց այս փոփոխություններն էլ դարձան պատգամավորների քննադատության հիմնական թիրախը:
Նախ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե ընտրակաշառքը բացառելուն ուղղված նախաձեռնություններին միանշանակ կողմ է, սակայն նրա խոսքով` կան ձեւակերպումներ, որոնք խառնաշփոթ են առաջացնում: «Ենթադրենք ընտրակեղծարարը որեւէ գյուղում թակում է քաղաքացու դուռը ու մի տատիկի ասում է՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք: Տատիկը ժպտում է, ասում է՝ լավ ու դուռը փակում է։ Տատիկին դատապարտելո՞ւ ենք երեք տարվա ազատազրկման։ Բացատրեք՝ խոստումը ընդունելը ի՞նչ է նշանակում»։ Հարցի հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ նախագիծը որակեց «անփույթ, շտապողականության բարձր մակարդակի դրսեւորումներով»: Հետաքրքիր է, որ նախագիծն արժանացավ անգամ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների քննադատությանը, ովքեր, ի վերջո, Նիկոլ Փաշինյանի հետ նույն թիմում են:
Մասնավորապես, Գեւորգ Պետրոսյանը նախագիծն անվանեց «չիմացության եւ երեւակայական իմացության» դրսեւորումներով եւ հավելեց, որ իր ասածը վերաբերում է ոչ թե փոխնախարարին, այլ «այն մարդկանց, ովքեր երբեք իրենց մտածողության գործիքը չեն ծանրաբեռնել իրավական ոլորտի իմացությամբ, այլ ելնում են այն դրույթից, որ իրենց կարծիքը աստվածաշնչյան ճշմարտություն է»: Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ հակադարձեց` համաձայն չէ անփույթի հետ, շտապողական է, քանի որ ցանկանում են, որ առաջիկա ընտրություններն ավելի լավը լինեն: ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ պատվեր է տեսնում այս նախագծում: Համաձայն է, որ վերջին շրջանում ընտրակաշառքը դոմինանտ էր եւ վատ էր, բայց դրա դեմ պետք է պայքարել, ոչ թե հավելյալ ծուղակների մեջ գցել բոլոր այն կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք իշխանությունների համակրանքը չեն վայելում: ՀՀԿ-ական պատգամավորների մտահոգությունն այն է, որ չեն հասցնի քաղաքացիներին իրազեկել, որ կաշառքի առաջարկին համաձայնվելն անգամ քրեականացման ենթակա է:
Առաջին հայացքից ՀՀԿ-ական պատգամավորների այսպիսի պահվածքը կարող է տարօրինակ թվալ. ի վերջո, իրենք չեն մասնակցում ընտրություններին եւ հետեւաբար կաշառք բաժանելու խնդիր չունեն, սակայն առջեւում նաեւ խորհրդարանական ընտրություններ են լինելու, եւ այս դրույթները կգործեն նաեւ այն ժամանակ:
Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին եւ դա համարել քաղաքական որոշում, մյուսները՝ եւս: Հետաքրքիր է, որ Գեւորգ Պետրոսյանն էլ իր թիմակիցներին կոչ էր արել ձեռնպահ մնալ, սակայն նիստին ներկա Նապոլեոն Ազիզյանն ու Վանիկ Ասատրյանը եւս կողմ քվեարկեցին նախագծին: Իսկ ահա «Ելք» դաշինքի Էդմոն Մարուքյանն այս հարցի քննարկումը սկսելուց առաջ հեռացավ եւ չմասնակցեց քննարկմանը. թե ինչու Փաշինյանի կուսակցության հետ ԱԺ-ում դեռեւս դաշինքի մեջ գտնվող Մարուքյանն այդպես վարվեց, մնում է միայն ենթադրել: Հավելենք, որ հարցը ներառված է այսօր մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
Տեւական ժամանակ է, ինչ ՔՊ-ական փոխմարզպետները ակտիվ փնտրտուքների մեջ են: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` նրանք փորձում են գյուղապետի նախընտրելի թեկնածու գտնել: Բանն այն է, որ թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ գյուղապետեր հրաժարականի դիմումներ են ներկայացրել` ազատվելով զբաղեցրած պաշտոնից: Եւ հիմա նրանց փոխարինող գտնելու հույսով ՔՊ-ական փոխմարզպետները ամեն գնով փորձում են գյուղերում մարդ գտնել: Փոխմարզպետներն այսպես նաեւ նպատակ ունեն համալրել իրենց թիմը, որպեսզի գյուղապետերի ազդեցությունն օգտագործեն հաջորդ տարի նախատեսված խորհրդարանական ընտրություններին ձայն բերելու համար: Ի դեպ, գյուղապետեր գտնելու հարցում ՔՊ-ականները լուրջ խնդրի առաջ են կանգնած. դժվար է գտնել արժանի կադրեր, քանի որ նախկին իշխանությունների օրոք արտագաղթի հետեւանքով շատ մարդիկ լքել են իրենց գյուղը, եւ կադրային սով կա նաեւ այս հարցում: ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով այս հարցին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նման բան չկա. «ՔՊ-ական փոխմարզպետները հավուր պատշաճի իրականացնում են իրենց գործառույթները, մասնավորապես Կոտայքի մարզում»:

 

 

ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը շարունակում է «չկողմնորոշված» մնալ: Նա ավելի շատ մասնակցում է պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին, քան թե այն հանձնաժողովի նիստերին, որի կազմում է. խոսքը պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի մասին է, որի ղեկավար Կորյուն Նահապետյանի հետ գեներալներից շատերը խնդիրներ ունեն՝ չեն ընդունում, հետեւաբար նիստերին չեն ներկայանում: Փոխարենը Միհրան Պողոսյանին ավելի ՛շատ տեսնում ենք հենց պետաիրավականի նիստերին: Երեկ եւս Միհրան Պողոսյանը ներկա գտնվեց պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի առաջին մի քանի րոպեներին, ապա հեռացավ շենքից եւ դա այն դեպքում, երբ երեկ նախատեսված էր նաեւ իր հարազատ հանձնաժողովի նիստ: Իսկ երեկ այդ հանձնաժողովի կազմում նիստին 11 հոգուց միայն 4-ն էր մասնակցում:

 

 

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արտակ Միքայելյանը: Նա պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի՝ 2018թ օգոստոսի 3-ի որոշումը, իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձել: Տեղեկացանք, որ Արտակ Միքայելյանը աշխատել է Արմավիրի մարզի Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի տնօրեն: Այս գործը քննելու է դատավոր Էդգար Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ դատական հայց էր ներկայացվել նոր պաշտոնյաներից Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի դեմ, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ. հայց ներկայացնողներն էլ նրանց որոշմամբ պաշտոնանկ արված անձինք են:

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՏԱՑԱԾ Է
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադարձել է հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններին: Նրա խոսքով` ԱՄՆ-ն հավատացած է` ամերիկյան եւ հայկական բիզնեսի համար գերազանց հնարավորություններ կան միասին աշխատելու եւ ծաղկում ապրելու համար: «Մենք հավատացած ենք, որ բիզնեսի եւ առեւտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, եւ մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Կարծում եմ` կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձեւավորվող աշխատանքները»,- ասել է դեսպանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանության կողմից անցկացվող ֆրենչայզինգի համաժողովին, դեսպանը նշել է, որ այն կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների եւ հայ ներդրողների միջեւ:

 

 

ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՅՏՆԻ Է
Կրեմլի պաշտոնական կայքը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը քննարկվելիք օրակարգային հարցերը: «Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաեւ համագործակցությունը եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միավորումներում»,- տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումներով պետությանը 23,5 մլրդ դրամի վնաս է հասցվել: «ՀՀ Գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը: Պարզվել է, որ ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018թթ. ընթացքում բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը` դրանցում ներառել են անարդյունավետ եւ չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: Պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի չափով վնաս: ՀՀ գլխավոր դատախազության որոշմամբ` ՀՀ քր. օր. 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

 

 

ՏԱՐԲԵՐ ԱՆՁԻՆՔ
Երեւանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են:




Լրահոս