«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շառլ Ազնավուրի մահվան բոթը առանց չափազանցության երեկ ցնցել է աշխարհը: Նրան կարելի էր համարել Հայաստանի դեսպանը աշխարհում. մարդ, ում շնորհիվ աշխարհը ճանաչեց մեր փոքր երկիրն ու ժողովրդին, ճանաչեց փոքր երկրի մեծ ողբերգությունը: 94 տարեկանը միգուցե շատերի համար մեծ թվա, բայց ոչ Ազնավուրի: Նա մինչեւ վերջ եղավ բեմում երիտասարդի ավյունով:
Ծրագրված էր, որ Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ազնավուրը գալու է Հայաստան: Բայց, ավա~ղ…
Ազնավուրը լեգենդ էր, կենդանի լեգենդ՝ սիրված ու ընդունված ոչ միայն հայության, այլեւ աշխարհի շատ ժողովուրդների կողմից: Դրա առհավատչյան էր նրա մահվան բոթին հաջորդած արձագանքները աշխարհի մի շարք պետությունների ղեկավարների, պետական, քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների ցավակցական հեռագրերը, որոնցում փորձ էր արվում եւս մեկ անգամ ներկայացնել Ազնավուր մարդուն, Ազնավուր արվեստագետին: Երեկ Երեւանում եւ Գյումրիում` Ազնավուրի անվան հրապարակում, մոմավառություն էր, ծաղիկների, միաժամանակ նաեւ արցունքների հեղեղ: Հայաստանում նրա հուղարկավորության օրը հայտարարված է սգո օր:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս սգում է մեծ Հայի մահը, ցավակցում բոլորին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: