Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա մեծանուն հայ, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին։
Աշխարհահռչակ շանսոնյեի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անմահ արվեստի միջոցով Ազնավուրն աշխարհին էր ներկայացնում Հայաստանն ու համայն հայությանը: Օրհասական պահերին նա միշտ հարազատ ժողովրդի կողքին էր, անում էր հնարավորը համազգային խնդիրների լուծման գործում իր անգնահատելի ավանդը բերելու ուղղությամբ:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա անզուգական արվեստի բոլոր երկրպագուներին։
Շառլ Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի ու հայ ժողովրդի պատմության մեջ, եւ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: