Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին խմբակցության հայտարարությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների երկու ամյակը, որը, ինչպես բոլորս ենք հիշում, մնաց պատմության մեջ որպես մանդատագողության խայտառակ դրսևորում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը և հետևողական քայլերի միջոցով հասավ ընդհուպ մինչև ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով Վանաձորում մոտ մեկ տարի իրականացվող ոչ իրավազոր ավագանու նիստերն ու դրանց ընթացքում ընդունված իրավական ակտերն ու որոշումները:
Այս ամենը որևէ կերպ չստիպեց Վանաձորի կառավարումը ստանձնած մեծամասնությանը, մասնավորապես, ՀՀԿ, ՀՎԿ և ՀՅԴ, վերանայել իրենց դիրքորոշումներն ու պահվածքը:
Ավելին՝ հեղափոխության օրերին ՀՎԿ և ՀՅԴ կուսակցությունների ղեկավար մարմինների կողմից արված հայտարարությունները նույնպես չկարողացան խարխլել Վանաձորի մակարդակում վերջիններիս տարածքային գրասենյակների անմնացորդ նվիրումը ՀՀԿ-ին:
Հաշվի առնելով վերը թվարկված հանգամանքները, ինչպես նաև Վանաձորում շարունակվող Հանրապետականի անարդյունավետ կառավարումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույնով կոչ է անում Վանաձորի ավագանու բոլոր անդամներին միանալ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու մեր նախաձեռնությանը:
Նախաձեռնությանը կարող են միանալ ինչպես խմբակցությունները, այնպես էլ անհատ ավագանու անդամներ: Եռօրյա ժամկետում ակնկալում ենք հստակ դիրքորոշումների արտահայտում մեր բոլոր գործընկերներից, որից հետո կքննարկվեն հետագա քայլերը: Նախաձեռնությանն ընթացք տալու համար անհրաժեշտ է ավագանու օրենքով սահմանված անդամների թվի 1/3-ը, սակայն մենք առաջ կշարժվենք միայն բավարար քանակի ստորագրություն ունենալու պարագայում»։