Առաջիկայում ես հրաժարական կտամ. սա նոր և ուրիշ փուլ է. Նիկոլ Փաշինյանի ամբողջական խոսքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ ողջույն:

Դուխո՞վ եք:

Դուք հաղթել եք, եւ որեւէ մեկը չի կարող ձեզանից խլել այդ հաղթանակը: Սա ամենակարեւորն է: Հիմա փորձեմ ներկայացնել այն, ինչ տեղի ունեցավ շենքի ներսում: Սա նոր եւ ուրիշ փուլ է: Խնդրում եմ, հորդորում եմ վանկարկումների, գրառումների, մեկնաբանությունների, արտահայտությունների մեջ որեւէ քաղաքական գործչի մասին որեւէ անձնական վիրավորանք պարունակող որեւէ արտահայտություն չանել: Եթե էս հարցով պառակտում լինի, ուրեմն մեր գործերը լավ չեն: Եթե փոխադարձ հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվելու, ի՞նչ պիտի փոխենք. Հին կառավարությանը նորո՞վ: Հին իրականության էջը փակված է: Եթե ՀՀԿ-ական ամենաչսիրված պատգամավորը դուրս գա, պիտի ասեք՝ խնդրեմ, դուրս եկեք, բարի գիշեր:

Ես բարձրացա ԱԺ նախագահի աշխատասենյակ եւ ասացի, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարենք: ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք եւ մյուս խմբակցության ներկայացուցիչները եւս ասացին, որ պետք է հաղթահարենք, եւ երկիրը պետք է շահած դուրս գա այս ամենից: Ես ասացի, որ դրա տարբերակը հետեւյալն է:

Առաջիկա օրերին պետք է հրաժարական տամ վարչապետի պաշտոնից եւ ես ակնկալում եմ, որ որպեսզի ՀՀԿ-ն եւ գործող ԱԺ-ն ավելի չգրգռեն մարդկանց, հանկարծ այլ խմբակցություն առաջադրի վարչապետի այլ թեկնածու, կարող են նույնիսկ ուրիշին վարչապետ ընտրեն, բայց պիտի հասկանան, որ հանրության շրջանում ռեակցիա է առաջացնելու: Ես ասացի՝ ճիշտ կլինի, որ մենք ստորագրենք փաստաթուղթ, որ այսինչ օրը ես հրաժարական կտամ, որից հետո խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, մի անգամ վարչապետի ընտրություն տեղի չի ունենա, որից հետո 2-րդ անգամ կլինի նույնը, ինչի արդյունքում մենք դեկտեմբերին կունենանք ԱԺ արտահերթ ընտրություններ: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե, ըստ էության` ընկալում են ժողովրդի ուղերձը եւ հարգանքով են վերաբերվում ժողովրդի ուղերձին, դիրքորոշմանը, եւ նրանք բանավոր ասացին՝ 3 խմբակցություններն էլ, անկախ հուշագրից, չեն պատրաստվում ոչ 1-ին, ոչ էլ 2-րդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու:

Եթե ինչ որ բանի մասին ես սխալ տպավորություն եմ ստացել, թող իրենք պարզաբանեն:

Իրենք հարց տվեցին՝ ինչն է հիմնավորումը ԱԺ արտահերթ ընտրությունների. արդյո՞ք դրա պատճառը տնտեսությունն է, Ղարաբաղի հարցը, քաղաքական պահանջը եւ այլն: Բայց այսօր կա ամենագլխավոր պատճառը, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, որը պետք է րոպե առաջ հանգուցալուծվի: Որն է դրա էությունը. երկրում հաստատվել է ԱԺ, որը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիներին: Եւ հետեւաբար, այս ճգնաժամը հանգուցալուծելու միայն մեկ տարբերակ կա՝ ԱԺ արտահերթ ընտրություններ: Ես ինձ իրավունք եմ վերապահել ներսում խոսել ձեր անունից:

Հիմա՝ ե՞րբ տեղի ունենա այդ ընտրությունը: Ես ասացի, որ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին: Հարց է հնչում. իսկ ինչո՞ւ չի կարող տեղի ունենալ մայիսին: Ես դրա համար բերել եմ 2 պատճառ.

1. Երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ: Եթե որեւէ մեկն ասում է մայիսին, նշանակում է ճգնաժամը թող շարունակվի, լավ է, ճգնաժամ է:

2. Վարչապետի կարգավիճակում մի քանի ամիս է` զգում եմ, որ մյուս բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան: Բոլորը զանգում, նամակ են գրում, ասում են` շուտ արեք արտահերթ ընտրություններ, էլ չենք դիմանում, էլ ներվեր չկա: Դրա համար կա նաեւ օբյեկտիվ պատճառ, որովհետեւ ՀՀԿ եւ ոչ ՀՀԿ գործիչները բաներ են խոսում, որ հիմքում ոչինչ չունեն, բայց նյարդայնացնում եք մարդկանց անիմաստ: Հիմա՝ մեր դիրքորոշումը հետեւյալն է` ընտրությունները դեկտեմբերի առաջին կես: Հիմա հարց է առաջանում, ինչո՞ւ ոչ նոյեմբերին, որովհետեւ կա պատճառ, եթե ափալ-թափալ չշարժվենք, ավելի շուտ անելու հնարավորություն չկա: ՀՀ Սահմանադրությունը պահանջում է 7+7 օր վարչապետի ընտրություն, ձախողում, իսկ արտահերթը նշանակվում է 2-րդ տապալված ընտրությունից ավելի շուտ քան 30 օր:

Գիտեք, որ հոկտեմբերի 7-ին ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն է տեղի ունենալու եւ ես կարող եմ նաեւ պաշտոնակատարի կարգավիճակով մասնակցել այդ միջոցառումներին: Եւ ես գործընկերային կոռեկտությունից ելնելով` կփորձեմ քննարկել հարցը ֆրանկոֆոնիայի մասնակից մի քանի երկրների ղեկավարների հետ, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Կոռեկտությունից ելնելով` նաեւ հեռախոսազրույցներ եմ վարում մեր մի շարք միջազգային գործընկերների հետ, որ Հայաստանում ինչ իրադարձություններ են կատարվում, որ տեղեկացված լինեն:

Հիմա՝ մենք կարող ենք արձանագրել հետեւյալը` հենց այսօր ՀՀ-ում արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելը քաղաքացիական, համաժողովրդական, համազգային պահանջ է: Եւ էն քաղաքական ուժը, ուժերը, որոնք դեմ կգնան այդ պահանջին, նրանք ուղիղ պատերազմ են հայտարարում սեփական ժողովրդին: Իմ տպավորությամբ այդ ուղերձը ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ մեր գործընկերների կողմից ընկալված է:

Բայց որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն չկա: Ժողովուրդ ջան, հո խաբելով չի՞: Եւ մենք այդ պատասխանով, ես համարում եմ այս հոյակերտ այգու դռները բացելով, ինչի առիթով շնորհավորում եմ, մեզ մնում է հետեւյալը. շփումները կշարունակվեն: Ես իրենց ասել եմ, որ մենք էլ չենք խոսելու մի բանի մասին, որ հակառակ լինի ժողովրդի կողմից ոչ ընդունելի: Այդպիսի տարբերակ չկա:

Մտադիր եմ անպայման մասնակցել Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին: Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, եւ իմ տպավորությամբ նա ժողովրդի դեմ որեւէ քայլ չի անի: Ինքն էլ կգա Փարիզ՝ մասնակցելու հրաժեշտի արարողություններին, ինքն էլ կգա Հայաստան, կարող է ցանկություն ունենա՝ քաղաքական ուժերի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը: Եւ ես առաջիկա օրերին հրաժարական կտամ՝ մնալով վարչապետի պաշտոնակատար եւ Կառավարության անդամները կմնան պաշտոնակատարներ:

Ես ասել եմ՝ ճիշտ կլինի հուշագիր լինի, որ մարդիկ հանգստանան, ավելորդ չգրգռվեն: Հետագա բոլոր զարգացումները կլինեն ձեր տիրապետության ներքո: Մենք այսօրվա անելիքները երեւի գերազանց արեցինք:




Լրահոս