«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է. «Հայաստանում երեկ տեղի ունեցավ այն, ինչը վաղուց սպասելի էր: Համաժողովրդական ճնշմամբ ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման առաջին օրից հասարակությանը սնում էր «հակահեղափոխականության» գաղափարով: Իհարկե, հակահեղափոխության տեսլականը ռեալ էր: Եւ մարդիկ, մոռանալով իրենց սոցիալական ծանր վիճակի մասին, մտածում են միայն՝ ՀՀԿ-ն ոչ մի դեպքում հետ չգա կամ Ռոբերտ Քոչարյանը ռեւանշ չվերցնի: Եւ իրավիճակն ավելի սրվեց Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ իշխող կուսակցությունը հասարակությանը բաժանեց «սեւերի եւ սպիտակների»: Ու «սեւ ուժերին» այլ ելք չէր մնում, քան միավորվելն ու «ատամ ցույց տալը» Փաշինյանի կառավարությանը: Այդ գործընթացը եղավ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը՝ 67 կողմ կասկածելի ձայներով (առանց էլեկտրոնային քարտերի, ուղղակի ձեռքով քվեարկելով), որը ՀՀԿ-ին կրկին միավորեց «հին դաշնակիցների»՝ «Դաշնակցության» եւ ԲՀԿ-ի հետ. երեք ուժ, որ իրար հետ անքակտելիորեն կապված են մարտի 1-ի խարանով:
Ինչպես երեւում է, իրավիճակի լրջությունը չեն գիտակցում նաեւ «սեւ ուժերը», որոնք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից 5 օր առաջ անասելի լարեցին իրավիճակը երկրում, պղծեցին Մեծ հայի հիշատակը. Շառլ Ազնավուրի մահը սգալու փոխարեն հրապարակում «արտահերթ ընտրությունների պահանջ» է բղավում ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը: «Սեւերը» նաեւ իրականում չեն տիրապետում երկրում առկա իրավիճակին, եւ նրանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանին քննադատելով` իրենց տեղը կբացվի քաղաքական արենայում: Բայց հասարակությունը մերժել է նրանց: Եւ այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանի կոչով հազարավոր քաղաքացիներ կարճ ժամանակում հավաքվեցին Բաղրամյան պողոտայում, հենց ասվածի ապացույցն էր: Նա դարձյալ ժողովրդի մանդատով հայտարարեց ԲՀԿ, ՀՅԴ նախարարներին աշխատանքից ազատելու մտադրության մասին: Այնուհետեւ մտավ ԱԺ բանակցելու արտահերթ ընտրությունների շուրջ, որի ժամկետ էր նշել դեկտեմբերը: Եւ կեսգիշերնանց հայտարարեց, որ խորհրդարանական մեծամասնության հետ բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: