Ինչպես հայտնի է, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման մասով ԱԺ-ում ստեղծվեց Քննիչ հանձնաժողով, որի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ հարցումներ են ուղարկվելու պետական եւ ոչ պետական մարմիններին տեղեկություններ տալու, թե հեռախոսային խոսակցություններ լսելու հնարավորություն ունեցող ինչ սարքավորումներ են ներմուծվել ՀՀ անկախությունից ի վեր, բացի այդ, թե ինչ տեղեկություններ կան, որ որեւէ անձ ապօրինի է ներմուծել կամ օգտագործում նման սարքավորումներ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ բացի այս հարցադրումներից նաեւ քննիչ հանձնաժողովը այլ հարցեր է ուղղել իրավապահ մարմիններին:
Ավելին, քննիչ հանձնաժողովը նաեւ հարցաքննության է հրավիրելու գաղտնալսման առիթով հարուցված քրգործում ներգրավված դատախազներին, նույնիսկ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հասկանալու համար, թե նրանք ինչ հսկողություն են իրականացնում:
Միգուցե Քննիչ հանձնաժողովը այս քայլին գնում է, քանի որ տեղեկություններ ունի, որ վերահսկող դատախազները այդքան էլ լավ չեն տիրապետում քրեական գործին, կամ միգուցե նախաքննություն իրականացնող մարմինը նրանց պատշաճ տեղեկություն չի հայտնում: Ամեն դեպքում, հարցաքննությունը հետաքրքիր բացահայտումներ է խոստանում: