Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված աղմուկ է հասունանում: Քաղաքապետի թեկնածու առաջադրված Գագիկ Աթասյանը երեկ հայտարարություն է տարածել, որ խոչընդոտվել է իր՝ թեկնածու առաջադրվելու գործընթացը: Վերջինս պնդում է, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունները պետք է հետաձգվեն կամ էլ գրանցվի իր թեկնածությունը:
«Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները չեն կարող լինել լեգիտիմ, կայացած, քանի որ խախտվել է իմ ընտրվելու Սահմանադրական իրավունքը, միտումնավոր խոչընդոտվել է իմ` թեկնածու առաջադվելու եւ գրանցվելու պրոցեսը: Վերոնշված փաստերի կապակցությամբ 01.10.2018թ. սկսվել է քննություն: Չնայած խոչընդոտներին` օրինական պայքարի շնորհիվ ինձ հաջողվել էր առաջադրվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու, սակայն ՏԸՀ 48 ժամ հետո չի գրանցել իմ թեկնածությունը իմ հանդեպ թույլ տրված օրինախախտումների պատճառահետեւանքային կապի արդյունքում առաջացած խնդիրների հետեւանքով:
Փաստ է, որ Հրազդանի անձնագրային բաժնի պետը միտումնավոր, հետագայում գուցե ապացուցվի, որ նաեւ անօրինական հրահանգով, հրաժարվել է ինձ տրամադրել համապատասխան տեղեկանք, որ ես չկարողանամ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու մասնակցել ընտրությանը»,- իր հայտարարության մեջ նշել է նա` հավելելով, որ Հրազդանի արտահերթ ընտրությունները պետք է հետաձգվեն կամ գրանցվի իր առաջադրված թեկնածությունը:
Պարզվում է, սակայն, իրականում նրա թեկնածությունը չի գրանցվել միանգամայն այլ պատճառներով. թեկնածուն չի վճարել ընտրագրավը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին` փորձելով ճշտել՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել, որ Գագիկ Աթասյանի թեկնածությունը այդպես էլ չի գրանցվել: Վերջինս ասաց, որ խնդիրը կապված է եղել ընտրական գրավի մուծման հետ: «Պարոն Աթասյանը տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փասթաթղթերը, այդ թվում նաեւ այն տեղեկանքը, որի մասին նշել էր հայտարարության մեջ:
Տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ներկայացված չի եղել ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Հանձնաժողովը որոշում է կայացրել, որով իրեն տվել է 48 ժամ այդ անդորրագիրը ներկայացնելու համար: Այսինքն՝ մերժումը միանգամից չի եղել: 48 ժամվա ընթացքում նա չի մուծել գրավը, դրա համար էլ մերժվել է: Ես նաեւ ճշտել եմ անձնագրային ծառայության հետ կապված հարցը, եւ եթե չեմ սխալվում, նա այնտեղ է դիմել ուրբաթ օրը, շաբաթ օրը ստացել է իր տեղեկանքը:
Եվ եթե նույնիսկ նա չստանար այդ տեղեկանքը, դա հիմք չէր լինելու նրան մերժել: Ե՛վ 48 ժամ ժամանակ տալու վերաբերյալ է որոշում կայացված, ե՛ւ գրանցումը մերժելու վերաբերյալ է որոշում կայացված: Այսինքն՝ այդ բոլոր որոշումները սահմանված կարգով հաստատվել են»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Մուկուչյանը:
Այսքանից հետո թեկնածուն թե ինչու է նման հայտարարություն տարածել, մնում է միայն ենթադրել:
Լուսինե Մինասյան