Արտակարգ իրավիճակի հետևանքները. ինչպես են ԱԺ-ի հետ կապ չունեցողները հայտնվել ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նախօրեին խորհրդարանի ներսում, ինչու ոչ, դրա պատերից դուրս արտակարգ իրավիճակ էր տիրում: Եվ այդ ամենը փաստեց մեկ բան, որ խորհրդարանը պատրաստ չէր դիմակայել նման իրավիճակին, եւ եղան բացթողումներ ու թերություններ, որոնք կարող էին նաեւ վատ հետեւանքներ ունենալ:

Նախ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ. քանի որ խորհրդարանում երեկ արտահերթ նիստ գումարվեց, որում պետք է քվեարկության դրվեր ԱԺ կանոնակարգ-օրենքի աղմկահարույց փոփոխությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոց եւ հավաքվել ԱԺ բոլոր մուտքերի մոտ եւ փակել դրանք: Արդեն ավելի ուշ` օրենքի ընդունումից հետո, նա ինքը գնաց Բաղրամյան պողոտա եւ որոշեց նաեւ մտնել խորհրդարան ու բանակցություններ անցկացնել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
Եվ ահա այդ ժամանակ բացվեցին նաեւ Ազգային ժողովի շենքի դարպասները, երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հոծ բազմության ուղեկցությամբ մտավ Ազգային ժողովի շենք:

Գաղտնիք չէ, որ, ընդհանուր առմամբ, ԱԺ-ն հատուկ պահպանվող տարածք է, որտեղ իհարկե վարչապետը կարող է ի պաշտոնե մտնել ցանկացած ժամի, բայց այլ անձինք` ոչ: Ինչպես հայտնի է, քաղաքացիները ԱԺ-ի շենք մուտք գործելու համար պետք է պատգամավորից կամ ԱԺ աշխատակազմից հատուկ թույլտվություն ունենան։ Սակայն երեկ այնպիսի իրավիճակ ստեղծվեց, երբ ամեն ինչ անվերահսկելի էր, եւ արդյունքում խորհրդարանի շենք են ներս մտել նաեւ քաղաքացիներ, ովքեր վստահաբար ոչ մի անցաթուղթ չեն ունեցել: Միաժամանակ, անհասկանալի էր այնտեղ վարչապետի դստեր, ԱԱԾ պետի որդու ներկայությունը: Եվ սա այն դեպքում, երբ ուշ ժամի նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր ունեցել են Ազգային ժողովի հավատարմագրման վկայական, չեն թողել ներս մտնել` պատճառաբանելով, թե վարչապետի անվտանգության ներկայացուցիչները կարող են միայն ներս թողնել եւ նրանք են որոշում` ով մտնի, ով ոչ: Ստացվում է` այստեղ անգործության են մատնված եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմն ու համապատասխան ստորաբաժանումները: ԱԺ մուտքի հնարավորություն չեն ունեցել հավատարմագրված լրագրողները, որոնք իրենց մասնագիտական պարտքն էին կատարում:

Իսկ սա մեկ անգամ եւս վկայում է, որ պետական գերատեսչությունները դեռ պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում աշխատելուն:

Եվ ահա նախօրեին ստեղծված արտակարգ իրավիճակի զոհ էին դարձել նաեւ մի քանի պատգամավորներ: Բայց սա արդեն միանգամայն այլ պատճառով: Բանն այն է, որ վարչապետի` խորհրդարանի մուտքերի մոտ հավաքվելու կոչից հետո բազմություն հավաքվեց շատ կարճ ժամանակում, եւ նույնիսկ ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու ուղեւորվող պատգամավորներից մի քանիսը, հասնելով Դեմիրճյան մուտքի մոտ, այնտեղ մեծ բազմության են հանդիպել, եւ այդպիսով շատ դեպքերում անհնարին է դարձել նրանց մուտքը խորհրդարան: Այդպիսի խնդրի մասին արդեն բարձրաձայնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը` նշելով, թե հասնելով մուտքի մոտ` իրեն ճանաչել են, եւ սկսել է կշտամբանքներ ստանալ հավաքված մարդկանցից եւ հետ է դարձել:

Նման ճակատագրի այլ պատգամավորներ եւս արժանացել են, այդ թվում նաեւ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը, ով, սակայն, երեկ մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե քաղաքում չի եղել եւ ԱԺ արտահերթ նիստից այդ պատճառով է բացակայել: Իսկ ահա ՀՀԿ-ական բացականերից Մուրադ Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե տեղյակ չի եղել արտահերթ նիստի մասին, իրեն չեն զգուշացրել, եւ այդ պատճառով է միայն բացակայել նիստից:

Ի դեպ, չի բացառվում, որ այդ հապճեպության մեջ նրանք չեն զգուշացրել վերջինիս, սակայն փաստ է, որ արտահերթ նիստի մասին չեն տեղեկացվել անգամ «Ելք» խմբակցության պատգամավորները: Սա բոլոր օրենքների կոպտագույն խախտում է, քանի որ նիստերի անցկացման մասին պետք է ծանուցվեն բոլորը:
Ըստ էության, պատգամավորները նախօրեին ստիպված էին մնալ պատանդի կարգավիճակում, մինչ վարչապետը քննարկումներ էր իրականացնում ԱԺ խմբակցությունների հետ: Սակայն այդ ամենը նույնիսկ բանակցություն դժվար է համարել, քանի որ պատգամավորները կուլիսներում պատմում էին, թե Նիկոլ Փաշինյանը պարզապես սպառնացել է նրանց` ցույց տալով հավաքված բազմության քանակը եւ ասել, որ ոչ թե եկել է բանակցելու, այլ պարզապես տեղեկացնելու, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե բանակցություններն առհասարակ անհրաժեշտ չեն, եթե բանակցվելու է մի բան, ապա վերջում հայտարարվի, թե այդպիսի բան չի եղել, եւ միգուցե սխալ են միմյանց հասկացել: Եվ նա երեկ մեկ անգամ եւս վերահաստատեց` արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերին: «Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մենք իրար ճիշտ ենք հասկանում, եւ մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, ես կարծում եմ, որ էդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են ծագել»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը։

Հարցին, թե այդ պարագայում ինչպե՞ս է շարունակվելու գործընթացը, վարչապետը պատասխանել է. «Մենք մեր պլաններով գնալու ենք առաջ, եւ կարծում եմ` ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է, եւ ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն եւ մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»։ Միաժամանակ հարցին՝ վարչապետը հնարավոր համարո՞ւմ է, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն իր հրաժարականից հետո վարչապետի իրենց թեկնածուին առաջադրեն, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «ՀՀԿ-ն իր թեկնածուին առաջադրել էր եւ մի բան էլ ընտրել էր, դրանից ի՞նչ փոխվեց: Հիմա ավելի լավ իրավիճակ է, քան ունեինք ապրիլ-մայիսին»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում նախօրեի գիշերը հանդիպմանը, Փաշինյանն ասել է. «Երեկ ես իրենց տեղեկացրել եմ ՀՀ-ում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում անել: Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, եւ ասել են շատ հստակ. եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրեն, թող փորձեն առաջադրել»: Եւ, վերջապես, Նիկոլ Փաշինյանը երեկ պնդել է. «Երկրում հաստատված է ճգնաժամ, ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք ասում են՝ մի՛ լուծեք այդ ճգնաժամը: Ո՛չ, մենք պատրաստվում ենք լուծել այդ ճգնաժամը եւ կլուծենք»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս