Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 13-ին եւ 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանան ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար եւ Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումները: Թեեւ այս հանդիպումներին մնացել է ավելի քան 10 օր, բայց ազգային հավաքականի մարզիչ ունենալու հարցը շարունակում է օդում կախված մնալ: Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական էր ներկայացրել եւ տեւական ժամանակ է, ինչ ազգային հավաքականը չունի գլխավոր մարզիչ, ինչը, ըստ մասնագետների, մտահոգիչ է: Նրանց խոսքերով` Վարդան Մինասյանը ազգային հավաքականին միայնակ թողեց ամենապատասխանատու պահին:
Ավելին` իտալացի մարզիչ Ջիանի դե Բիազին ժամանել էր Հայաստան, որպեսզի ՀՖՖ-ի հետ քննարկի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու պայմանները: Սակայն Ջիանի դե Բիազին մեկնել է Հայաստանից` անորոշ թողնելով ազգային հավաքականի մարզիչ դառնալու առաջարկը: Ի դեպ, նա իտալական Rai2 հեռուստաալիքի եթերում մասնակցել էր հաղորդման, որտեղ որպես փորձագետ քննարկել էր Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի հանդիպումները, իսկ Հայաստանի հետ ոչ մի ծրագիր: Այս պահին շարունակում է օդում կախված մնալ հարցը` ի վերոջ ո՞վ է լինելու ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Հարց, որը դեռ պատասխան չունի:
Մյուս կողմից նկատենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում հայտնվելը իր դրական ազդեցությունն ունեցավ ազգային հավաքականի տոմսերի սակագների վրա. դրանք զգալի նվազել են: Օրինակ` եթե նախկինում հյուսիսային եւ հարավային տրիբունաներում ազգային հավաքականի հանդիպման տոմսերի սակագները սկսել են 3000 դրամից, ապա դրանք հիմա զգալի նվազել են` դառնալով 1000 դրամ: Իսկ ահա արեւմտյան տրիբունայում տոմսերը նախկինում արժեցել են 8000-10000 դրամ, հիմա դրանք կազմում են 5000-7000 դրամ: Արեւելյան տրիբունայի տոմսերը արժեցել են 5000-7000 հազար դրամ, այժմ դրանք 3000-4000 դրամ են:
Էդգար Բաղդասարյան
Սյունէ Համբարձումյան