30-ից ավելի բժիշկներ մարդասիրական առաքելությամբ Հայաստանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրեզնոյից ժամանած ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանին, ով Հայաստանում է մարդասիրական առաքելությամբ:

Նրա գլխավորած պատվիրակությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից 30-ից ավելի բազմափորձ բժիշկներ, հանրապետության մարզերում իրականացնում են նեղ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական միջամտություններ:

Պերճ Աբգարյանը նշել է, որ մասնագիտական խմբերը (գինեկոլոգներ, մանկաբույժներ, մանկական և ընդհանուր վիրաբույժներ) արդեն այցելել են Շիրակի և Լոռու մարզեր, ատամնաբուժներից կազմված խումբն իր մասնագիտական առաքելությունն իրականացրել է Գյումրու որբանոցում, մեծ ծավալի աշխատանք է կատարվել Աշտարակում: Իսկ շաբաթվա վերջ կմեկնեն Արցախ:

«Մեր հաջողությունը, ձեր հաջողությունն է, ուստի շարունակական համագործակցության ակնկալիքով, ուզում ենք արդյունավետ աշխատել` նախարարության առաջնահերթությունները հիմք ընդունելով», – ընդգծել է պատվավոր հյուպատոսը: Կարևորելով իրականացվող աշխատանքը` Արսեն Թորոսյանը նշել է, որ հայաստանցի բժիշկներին մեծ նպաստ կբերի գործընկերների լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը, մասնագիտական կարողություններով ու հմտություններով կիսվելը, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնելը:

«Մեր բժիշկները լավն են, ստացիոնար ծառայությունը բավարար հիմքեր ունի, բժշկական հաստատությունները, այդ թվում մարզերում, հագեցած են անհրաժեշտ սարքերով, մնում է բարելավել գործնական հմտությունները, և այս ոլորտում կապահովվի զարգացում»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով առողջապահության նախարարության քաղաքականությանը և խնդիրներին` Արսեն Թորոսյանն առաջնահերթություն է համարել հիվանդությունների կանխարգելումը, առաջնային օղակի օպտիմալ մոդելի ստեղծումը, ուռուցքաբանության ոլորտի զարգացումը` վաղ հայտնաբերումից մինչև պալիատիվ բուժում, սքրինինգների ընդլայնումը, բժշկական ապահովագրությունը:

Պերճ Աբգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոչ միայն բժշկական առաքելությամբ, այլև բժիշկների վերապատրաստման և նշված հարցերի շուրջ ունեցած փորձը տրամադրելու առումով:

Նշենք, որ ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունն իր հետ բերել է բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի և Արցախի բժշկական հաստատություններին նվիրաբերելու նպատակով:




Լրահոս