Հայաստանում ընտանիքի պլանավորման առումով մտահոգիչ պատկերը զգալիորեն շտկվել է: Մեկ կնոջը միջին հաշվով բաժին ընկնող հղիությունների ընդհատման թիվը կրճատվել է 4 և ավելի անգամ: 2000-ի համեմատ 2015-ին: Վերջին 3 տարիներին դրական միտումը շարունակվում է: հոկտեմբերի 1-2-ին Հղիության` պտղի սեռով պայմանավորված ընդհատումների դեմ պայքարը ևս զգալի արդյունք է գրանցել. նորածին տղաների և աղջիկների համամասնության տարբերությունը կրճատվել է 5 միավորով: Վերջին 5 տարում ամեն տարի ծնվել է 500-ով ավելի աղջիկ երեխա:
Մայրական մահացության եռամյա միջին վիճակագրությունը ևս կրճատվել է գրեթե կրկնակի, իսկ վերջին 10 տարում հղիության ընդհատման հետևանքով չի գրանցվել մայրական մահացության և ոչ մի դեպք: Հայաստանյան վիճակագրության այս և այլ ուշագրավ ցուցանիշերը, առողջապահության ոլորտի ձեռքբերումները` ICPD+25 համատեքստում և հետագա անելիքները` ուղղված Կայուն զարգացման նպատակների հասանելությանը, «Ժողովրդագրություն եվ զարգացում` ICPD+25» խորագրով տարածաշրջանային համաժողովի ժամանակ ներկայացրել է առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ով Հայաստանի պատվիրակության կազմում Ժնևում էր:
Ժողովրդագրության հարցերով համաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ: Մասնակցել են եվրոպական տարածաշրջանի և ԱՊՀ գրեթե բոլոր երկրների պատվիրակությունները, որոնք հանդես են եկել վերջին տասնամյակների ձեռքբերումների վերաբերյալ ելույթներով:
Հայաստանի անունից ելույթով հանդես են եկել նաև պատվիրակության նախագահը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և պատվիրակության անդամ Սարգիս Ղազարյանը: