Խորհուրդ կտամ` հետաքրքրվեն իրենց հոգեկան առողջության վիճակով. Արթուր Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կազմում փոփոխությունները մի կողմից սպասված էին, միաժամանակ նաեւ անակնկալ: Սպասված էին, որովհետեւ Փաշինյանի կառավարության մաս կազմող ԲՀԿ եւ ՀՅԴ միջեւ հակասությունները գնալով խորանում էին, բայց եւ անսպասելի էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնանկ անելու կտրուկ առաջարկ կներկայացնի:

«Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու` մեծ աղմուկ հանած օրինագծի օգտին կողմ քվեարկեցին խորհրդարանական 3 ուժերի 67 պատգամավորներ: Դրանից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Աժ-ի դիմաց: Կոչից հաշված րոպեներ հետո ժողովուրդը շրջափակեց ԱԺ-ի բոլոր մուտքերը: Հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հենց բեմի վրայից հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների նախարարներին` ժողովրդի աչքի առաջ ստորագրելով նախագահին ներկայացվելիք առաջարկները:

Ըստ էության, կուսակից պատգամավորների պատճառով տվյալ կուսակցությունների ներկայացուցիչ նախարարները իրենց տներում կամ գրասենյակներում նստած տեղեկացան, որ իրենք այլեւս նախարար չեն: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է գյուղատնտեսության արդեն նախկին նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, վերջին դեպքերը սպասելի՞ էին Ձեզ համար։

-Որ նման միջադեպ կարող է լինել, իհարկե, դա սպասելի չէր։ Բայց այն, որ հաղորդակցության մեջ որոշակի խզում էր առաջացել, որը անհանգստացնում էր, դա միանշանակ։ Այդ խզումը ինձ շատ էր մտահոգում, եւ դրա շարունակական լինելը հանգեցրեց նրան, ինչին որ հանգեցրեց։

-Այսինքն` մինչեւ տվյալ միջադեպը որոշ խնդիրներ են եղե՞լ։

-Այո։ Որոշակի խզում կար։ Մեր գերագույն մարմնի հայտարարության մեջ էլ դա երեւում է։ Կար ազգային համաձայնության կառավարություն։ Ընտրության ժամկետների, մեխանիզմների, ընտրական օրենսգրքի մասին հարցերը պետք է քննարկվեր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերի հետ, եւ այդ ուժերի հետ պետք է ձեռք բերվեր համաձայնություն։ Ամեն դեպքում, մենք հանուն Հայաստանի պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։

-Ինչպե՞ս ընդունեցիք Ձեզ պաշտոնանկ անելու լուրը։

-Դե դրանից մոտ 40 րոպե առաջ արդեն կար ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը, եւ դրանում ասված էր, որ իր նախարարներին «Դաշնակցությունը» հետ է կանչում։ Այսինքն` ետ կանչված նախարարները պաշտոնանկ արվեցին։ Բնականաբար, ինչպե՞ս կարող է մարդը ուրախ լինել, որ մի քանի ամիս աշխատելուց հետո նման բան է տեղի ունենում։

-Կարո՞ղ էր այս ամենը տեղի չունենալ։

-Այո։ Կարծում եմ` կարող էր։ Եթե այդ կոմունիկացիոն կանալները խցանված չլինեին, եւ քաղաքական ուժերը, որոնք քաղաքական պատասխանատվություն էին ստանձնել, ազգային անվտանգության կառավարության մաս էին կազմել, նստեին, խոսեին ժամկետների, ընթացակարգերի, օրենքների մասին, հնարավոր էր, որ նման բան չլիներ։

-Շատ քաղաքական ուժեր ասում են, որ ներկայիս քաղաքական իրավիճակը ճգնաժամային է։ Դուք ինչպիսի՞ գնահատական կտաք։

-Նայած թե ինչպես են սահմանում ճգնաժամը։ Կառավարությունում մնացել է մի քաղաքական ուժ։ Բնականոն ընթանում է։ Կարող եմ ասել` ճգնաժամ չկա, բայց ռիսկեր, իհարկե, կան։ Սահմանումների հետ պետք է շատ զգույշ լինել։ Մի բան մեկի համար ճգնաժամ է, մյուսի համար կարող է մի փոքր բան լինել։ Ըստ իս` հիմա իրավիճակը լարված է եւ սպասողական։

-Վստահաբար, ժողովրդին հետաքրքրում է` ինչո՞վ են հիմա զբաղված պաշտոնանկ եղած նախարարները։

-Ժողովրդի՞ն, թե՞ «Ժողովուրդ» օրաթերթին։ Առավոտյան վեր եմ կացել, երեխաներիցս մեկին տարել եմ մանկապարտեզ, գնացել եմ գնումների, ընկերոջս հետ եմ հանդիպել, մյուս երեխայիս բերել եմ դպրոցից։ Մի խոսքով, ապրում եմ իմ սովորական կյանքով։

-Նկատելի էր, որ դուք Ձեր հրաժեշտի խոսքում բոլորին շնորհակալություն հայտնեցիք բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Մամուլն էլ այս թեմային ուշադրություն դարձրեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Հանդիպել եմ նման բաների։ Դա աբսուրդ է։ Չգիտեմ` ինչպես ասեմ, որ կոպիտ չհնչի, բայց դա խեղման դրսեւորում է, որովհետեւ վարչապետը կառավարության մաս է։ Շնորհակալություն հայտնելով կառավարությանը` շնորհակալություն հայտնել եմ կառավարության բոլոր անդամներին` այդ թվում նաեւ վարչապետին։ Վարչապետը կառավարության անդամ է, թող բացեն, սահմանադրություն կարդան։ Ի վերջո, պետք չէ շիզոֆրենիայի մակարդակի հասնող հարցեր բարձրացնել։ Նման բաներ ասողներին ընկերաբար խորհուրդ կտամ` հետաքրքրվեն իրենց հոգեկան առողջության վիճակով:

Լուսինե Մինասյան




Լրահոս