Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ը Ազգային ժողովի մշտական խմբակցություններում նախատեսված է քննարկել 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Իսկ քննարկումներից հետո այն արդեն կհաստատվի նոյեմբերի 13-ին մեկնարկող հերթական նիստերին: Սակայն հետաքրքիրն այն է, որ չի բացառվում` այդ քննարկումներն անցկացվեն հրաժարական տված կառավարության եւ լուծարված Ազգային ժողովի պայմաններում:
Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո հրաժարական տալու հնարավորության մասին, իսկ դա էլ նշանակում է, որ 14 օր անց, երբ երկու անգամ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը պետք է իրավունքի ուժով ազատ արձակվի: Սակայն Սահմանադրությունը սահմանում է, որ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:
Այսինքն` փաստացի մինչեւ դեկտեմբերի կեսեր (քանի որ Նիկոլ Փաշինյանը հենց դա է ընտրությունների հնարավոր ժամկետ համարում) այս խորհրդարանը գործելու է եւ կարողանալու է օրենքներ անցկացնել կամ մերժել, այդ թվում հենց պետական բյուջեի նախագիծը, որը միգուցե վտանգի տակ է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ-ում լայնորեն քննարկում են բյուջեն տապալելու սցենարը, եթե իրադարձություններն իրենց ցանկալի հունով չընթանան: