Կառավարության երեկվա նիստում բուռն քննարկման արժանացած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը եկավ եւս մեկ անգամ ապացուցելու, որ շատ հաճախ կառավարության անդամները գործում են պահի թելադրանքով: Ընդ որում, հաճախ լինում են դեպքեր, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախարարները վերջում ետ են կանգնում իրենց կարծիքից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետը վեր դասելով եւ պարզապես լռելով: Երեկ տեղի ունեցածը եւս դրա վառ ապացույցն էր:
Մասնավորապես, երեկ ներկայացված նախագծով առաջարկվում էր կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաեւ չորս եւ ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Սա արվում էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Սակայն Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` պետք է նշվեր ոչ թե չորս եւ ավելի պետությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում, այլ բացառիկությամբ պայմանավորված: Նախագծի հիմնական զեկուցողը եւ, ըստ էության, նաեւ ձեւակերպումների հեղինակը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր, ով այս առումով վարչապետից դիտողություն ստացավ: Եվ սրանից հետո կառավարության ՔՊ-ական անդամները փորձեցին ամեն կերպ պաշտպանել Տիգրան Ավինյանին:
Օրինակ, փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մտահոգություն հայտնեց, որ եթե բացառիկ գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա, եւ տեսականորեն ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ: Նա նույնիսկ պաշտպանեց՝ ասելով. «Ես չեմ մասնակցել այս ձեւակերպումը գտնելու գործընթացին, բայց երբ Տիգրան Ավինյանը կարդում էր նախագիծը, մտածում էի՝ ինչ լավ ձեւակերպում է կարողացել գտնել»,- ասաց նա:
Թերեւս քննադատության ամենամեծ չափաբաժինը ստացավ ՀՀ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, ով նշեց, թե հարցը կապված է կառավարության լիազորությունների հետ, եւ մտածում են` Ազգային ժողովում քննարկման առարկա կդառնա: Վարչապետն էլ երիտասարդ նախարարին հայրաբար սաստեց. «Ձեր մեկնաբանություններն աբսուրդ են»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ ի սկզբանե տրված է բացառիկ իրադարձության ձեւակերպումը, բայց դա կառավարությանը կտա լայն լիազորություն, եւ Ազգային ժողովում տարընթերցումներ կլինեն:
Այս խոսակցությանը կեսից միջամտեց արդեն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Ինձ անհանգստացնում է, որ սա տոների եւ հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»,- ասաց նա եւ դա առաջացրեց կառավարության անդամների ծիծաղը: Նաեւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսեց ու ասաց, որ նախկինում ՀՀ-ն 6 եւ ավելի երկրների ղեկավարներ է ընդունել, ու խնդիրներ չեն եղել:
Վարչապետն ամփոփելով ասաց, որ այս որոշումը ոչ միայն ղեկավարների հետ է կապված, այլ այն գագաթնաժողով է, որին հազարավոր մարդիկ են մասնակցում, եւ այդ մարդիկ նույն ժամին, նույն տեղը պետք է տեղաշարժվեն, ըստ էության, Երեւանի բոլոր կողմերից, եւ պետք է այնպես կազմակերպել, որ ապահովեն՝ ուշացումներ չլինեն, խցանումների մեջ մարդիկ չհայտնվեն:
Այսպիսով, Փաշինյանն առաջարկեց փոփոխություն կատարել, չորս եւ ավելի ղեկավարների այցից բացի նշել` «ինչպես նաեւ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»: Եվ արդեն սրանից հետո այլեւս ոչ ոք, այդ թվում մինչ այդ Տիգրան Ավինյանին պաշտպանողները, ձայն չհանեցին. բայց կարող էին գոնե դեմ քվեարկել՝ այդպես իրենց դիրքորոշումը պնդելով եւ իրենց դեմքը փրկելով: Դա էլ չարվեց: Եթե ղեկավարն ասում է, ուրեմն ճիշտ է սկզբունքով, հավանաբար: Իսկ որ ղեկավարը ճիշտ էր, միանշանակ է:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ