Ուրցաձոր գյուղում կրքերն օր օրի ավելի են թեժանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում կրքերն օր օրի ավելի են թեժանում: Տեւական ժամանակ է, ինչ Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ պահանջում են գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ի նշան բողոքի` ուրցաձորցիները փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին:

Սակայն Անդրեասյանը, հակառակը, վճռական է տրամադրված: Նա չի պատրաստվում հրաժարական տալ: Ավելին` Ռաֆիկ Անդրեասյանը մտադիր է դիմել դատարան իրեն զրպարտելու համար: Նրա խոսքերով` իր դեմ բողոքի ակցիաները կազմակերպվում է Մանուկ Մանուկյանի կողմից, ով նախկինում մտերիմ է եղել իր հետ: Ի դեպ, նշենք, որ Ռաֆիկ Անդրեասյանը 19 տարի է, ինչ Ուրցաձորի գյուղապետ է: Ըստ դժգոհող բնակիչների` Ռաֆիկ Անդրեասյանը գյուղապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել:

Նրանց պատմելով` գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է: Սակայն Անդրեասյանի պնդմամբ` «ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում»: Բացի այս, գյուղացիները պատմում են, որ գյուղապետն ու իր ընտանիքը տնօրինում են համայնքի վարձակալական հողերի նշանակալի մասը:

«Ժողովուրդը այսօր ոչ թե հրաժարական է ուզում, այլ ընտրելու հնարավորություն: Տարիներ շարունակ էս ժողովուրդը ընտրության իրավունքից զրկված է էղել»,-երեկ հայտարարել են բողոքի ակցիային մասնակից գյուղացիները:

Տեղեկացնենք, որ գյուղապետարանի մոտ հավաքվել են նաեւ գյուղապետի աջակիցները, որոնք գոհ են Անդրեասյանի աշխատանքից: Նրանց խոսքերով` Անդրեասյանը գյուղապետարանի նոր շենք է կառուցել, շուտով կսկսի գործել մանկապարտեզը: Ի դեպ, նշենք, որ սա առաջին գյուղը չէ, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո բողոքի ակցիաներ են տեղի ունենում` ընդդեմ գործող համայնքապետերի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս