«Խադավիկ Անդոն» կմնա բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Իջեւան քաղաքում կալանավորվել է Իջեւանի բնակիչ Անդրանիկ Խոջումյանը, ով համաքաղաքացիների շրջանում առավել հայտնի է «Խադավիկ Անդո» մականունով: 2014թ. ապրիլի 1-ին Իջեւան քաղաքի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի տարածքում կրակոցներ էին հնչել: Իջեւանին հարակից Գետահովիտ գյուղի մի խումբ բնակիչներ Աշոտ Այդինյանի գլխավորությամբ մի հողատարածքի հետ կապված խնդրով գնացել են ռեստորանային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի հետ «հարցեր պարզելու»: Ա. Խոջումյանը, տեսնելով համալիր մտնողներին, կրակ էր բացել, հնչել էին փոխադարձ կրակոցներ:

Դեպքից հետո սկզբում մեղադրանք է առաջադրվել Աշոտ Այդինյանին, սակայն հետո նա ազատ է արձակվել, մեղադրանք է առաջադրվել Ա. Խոջումյանին, քրեական գործի ապացույցները կեղծելու համար` ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Անդրանիկ Ազիբեկյանին եւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին: 2015 թ. օգոստոսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Անդրանիկ Խոջումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով մեղավոր է ճանաչել եւ նրան դատապարտել 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման, Ա. Ազիբեկյանին եւ Ա. Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Ազիբեկյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, Ավետիսյանին՝ 4 տարվա ազատազրկման:

Այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին ներկայացվել: 2016թ. մարտի 29-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է Ա. Ազիբեկյանի պատժաչափը փոխել, այն դարձնել չորս տարվա ազատազրկում, Ա. Ավետիսյանի պատժաչափը թողնել նույնը, Ա. Խոջումյանին մեղավոր ճանաչել 137 հոդվածի 1-ին մասով, նրան ազատ արձակել: Այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ. Մելքոնյանը, այդ բողոքը մասնակի բավարարվել է` Ա. Խոջումյանի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի 2016թ. մարտի 29-ի որոշումը բեկանվել է, գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:

Այդ դատարանի 2018թ. փետրվարի 22-ի որոշմամբ` Ա. Խոջումյանի վերջնական պատիժ է թողնվել կրելու 3 տարի, 3 ամիս, 25 օր ժամկետով ազատազրկումը: Խոջումյանի պաշտպանները դրա դեմ վճռաբեկ բողոք են բերել: 2018թ. սեպտեմբերի 5-ին վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Խոջումյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը: Այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս