Նախկին դատախազը հաղթեց դատարանում և վերականգնեց իր պաշտոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ավետիս Ափիյանը հաղթեց դատարանում եւ վերականգնեց իր դատախազի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել ՀՀ գլխավոր դատախազությանը անվավեր ճանաչել 2018թ. հունիսի 22-ի հրամանը եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 2018թ. հունիսի 6-ի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ կայացված թիվ 2 որոշումը:

Միաժամանակ, Ափիյանը պահանջում էր իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ ՀՀ գլխավոր դատախազությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը: Այս գործը ՀՀ վարչական դատարանում քննում էր դատավոր Հրաչ Այվազյանը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռեւս 2016 թվականին դատախազ Ափիյանը կաշառքի գործով դատարանում հարցաքննվել է, եւ չի բացառվում, որ այս հանգամանքի համար են նրան ազատել աշխատանքից:

Եվ ահա երեկ տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Այվազյանը որոշել է բավարարել Ափիյանի դիմումը` անվավեր ճանաչելով դատախազության որոշումը եւ հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելով:




Լրահոս