Մանվել Գրիգորյանին առաջարկվել է ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ. ինչպես է արձագանքել գեներալը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել։ Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, տուշոնկա-սգուշչոնկաներ, ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, եւ քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները։ Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը։ Անգամ տուշոնկաների մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ․ Գրիգորյանի հրահանգով, եւ նա տեղյակ է եղել։

Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է Մարտի 1-ի գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը եւ ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար՝ խոստանում են թեթեւացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է։

Ի դեպ, դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, եւ թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել․ հայտնի չէ՝ բնույթը չարորա՞կ է, թե՞ ոչ։ Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամիջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարազատները, եւ քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան։ Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլեւ հեռախոսով խոսելու։ Նաեւ սահմանափակ քանակի սնունդ են ընդունում։ Մի խոսքով՝ գեներալը ոչ թե նախնական կալանքի տակ է, այլ արդեն պատիժ է կրում։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս