Սեպտեմբերի 19-ին հղում անելով մեր աղբյուրներին` գրել էինք, որ մարտի 1-ի գործով հատուկ քննչական ծառայություն են հրավիրում 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ոստիկանության Ներքին զորքերում ծառայածներին: Մասնավորապես ՀՔԾ էր հրավիրվել մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի տեղակալ Արթուր Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ներքին զորքերի զինվորների կողմից իրավապահներին հայտնած որոշ տեղեկություններ են հայտնի դարձել:
Նախ հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մարտի 1-ի թեմայով մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: Մասնավորապես այն, որ Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Ըստ Սասուն Խաչատրյանի` «Տիգրան Աբգարյանի` ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, եւ այս ուղղությամբ մենք նույնպես բավականին աշխատանք ենք արել: Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ, հստակ ապացույցներ: Այսինքն` ինչի՞ մասին է սա խոսում. Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Եվ մեր տարբերակը, որը հետեւյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվեն: Դա նախաքննությամբ հիմնավորվել է: Կարծում եմ, որ այս նորությունն արդեն իսկ բավարար է, որ մեր դեմ` իմ եւ պարոն Վանեցյանի դեմ, իսկական գործ սկսվեր, այդ իսկ պատճառով չէինք հրապարակում այս տվյալները»:
Եվ ահա այս ամենից հետո «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Հատուկ քննչական ծառայությունն ակտիվ հարցաքննության է հրավիրում 2008 թվականի մարտի 1-ին Ներքին զորքերում ծառայած զինվորներին, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց: Մասնավորապես, հարցաքննվել են Ներքին զորքերի հրամանատարի տեղակալը եւ այլ զինվորականներ, որոնցից առաջին հերթին Հատուկ քննչական ծառայության քննիչները հետաքրքրվել են բանակի ներգրավածության մասին, բանակի ստորաբաժանումների պատրաստվելու, տեղակայման, գործողությունների կամ հրամանների մասին:
Արդյունքում Ներքին զորքերի զինվորականները ցուցմունք են տվել, որ բանակի ներգրավածության մասին ոչինչ չգիտեն եւ անգամ չեն էլ տեսել, թե բանակի զինվորները որտեղ են կանգնած եղել կամ ովքեր են եղել կրակոցներ արձակողները, , որտեղից է եղել կրակոցը:
Մեզ տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ն Ներքին զորքերի պաշտոնատար անձանցից հետաքրքրվել է նաեւ Տիգրան Աբգարյանի վիրավորման հանգամանքների մասին: ՆԶ զինվորակաները իրենց ցուցմունքներում նշել են, որ մինչ արտակարգ դրության հայտարարելը իրենք առաջին շարքում կանգնած զինվորականների մեջ վիրավորում ստացած ոստիկան են ունեցել, որը եղել է ոստիկանության զորքերի սպա Համլետ Թադեւոսյանը, իսկ ահա Տիգրան Աբգարյանը երեկոյան է վիրավորում ստացել:
Ի դեպ, բացի Ներքին զորքերի զինվորականներից այս օրերին հարցաքննության են հրավիրվել նաեւ ոստիկանության աշխատակիցներ, որոնց եւս բանակի, ինչպես նաեւ Տիգրան Աբգարյանի վիրավորման մասով հարցադրումներ են արվել: Նշենք, որ հարցաքննված Ներքին զորքերի զինվորականներից ու ոստիկաններից որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Համադրելով զինվորականների տված ցուցմունքները եւ ՀՔԾ պետի հայտարարությունը` ուշագրավ հակասություններ են առաջ գալիս: Մանավորապես, Սասուն Խաչատրյանը ասել է. «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար», մինչդեռ զինվորականների ցուցմունքներում հակառակ պատկերն է, նրանք ասել են, որ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ իրենք մահացու հրազենային վիրավորում ստացած ոստիկանության սպա են ունեցել:
Բայց սա դեռ ամենը չէ: Դատական համակարգում եւս այս գործով խառնաշփոթ է ստեղծվել:
Դատական համակարգը լռում է
Ինչպես գիտենք, ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը: Եւ ուշագրավն այն է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, որոնք ուսումնասիրում են Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ թողելու կամ կալանավորելու հարցը, նախկինում տարբեր դրվագներով առնչվել են Մարտի 1-ի գործի հետ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը Մարտի 1-ով անցնող Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Գեւորգ Մանուկյանի եւ մի քանիսի գործով մեղադրող դատախազներից մեկն է եղել: Նա Մարտի 1-ի գործով նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է:
Գրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու է դատավոր Արթուր Պողոսյանը, որը եղել է Մարտի 1-ի գործով անցնող Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի վերաքննիչ բողոքը քննած դատավորների կազմում, իսկ ահա Համլետ Ասատրյանը եղել է Նիկոլ Փաշինյանի վճռաբեկ բողոքը քննած դատավորների կազմում, Ելիզավետա Դանիելյանը` Սասուն Միքայելյանի:
ՀՀ քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը եղել է ՀՀ վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի` մարտի 1-ի գործը քննող դատավորը:
Դատավորների այս կազմը, որը քննելու է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հարցը, իրավապաշտպանները համարում են անթույլատրելի, քանի որ վերոնշյալ անձինք չեն կարող լինել անկողմնակալ: Նրանք պետք է ինքնաբացարկ հայտնեն: Բայց մյուս կողմից էլ եթե բոլորը ինքնաբացարկ հայտնեն, ապա ո՞վ պետք է քննի այդ բողոքը: Մի խոսքով, խառնաշփոթ է ստեղծվել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանից հետաքրքրվել, թե նա ծանոթացել է Ռոբերտ Քոչարյանի գործին, ի վերջո, հիմա նա անձեռմխելի՞ է, թե՞ ոչ, ի պատասխան` Սերժիկ Ավետիսյանն ասաց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ արձակուրդից նոր է եկել եւ չի ծանոթացել գործին: Անդրադառնալով հարցին` ինքնաբացարկ կհայտնի՞, թե՞ ոչ` Սերժիկ Ավետիսյանը նշեց. «Հիմա որեւէ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ իրավասու չեմ, կգա ժամանակը, բոլոր հարցերն էլ քննության կառնվեն»:
Մինչեւ հիմա հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանը որտեղ է նման հայտարարություն արել: ՀՔԾ-ն մեզ պարզաբանել էր, թե մենակ հրապարակային հայտարարությունները չեն:
Քնար Մանուկյան