Դեռեւս 2018 թվականի հունիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի թիվս այլ խնդրահարույց գործերի, խոսել էր ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն ակտիվացնելու մասին:
Ինչպես հատնի է, Գեւորգ Մհերյանի սպանության գործը քննվում էր ՀՔԾ-ում, իսկ ահա պաշտոնատար անձանց մասով հարուցված քրեական գործը քննվում էր Ազգային Անվտանգության ծառայությունում: Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ե՛ւ սպանության գործը, ե՛ւ պաշտոնատար անձանց մասնակցությամբ գործը միացվել է մեկ վարույթում եւ քննվում է Ազգային Անվտանգության ծառայությունում:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է 2009թ.-ի փետրվարի 3-ին` ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում վերելակից դուրս գալուց հետո: Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել: Փաստի առթիվ դեռ 2009թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում:
Սպանված փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը, մշտապես հայտարարել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ամեն ինչ արել է իր որդու գործը կոծկելու համար: Իսկ ահա Ալիկ Սարգսյանն օրերս ասաց, որ ինքը միայն ուրախ կլինի, որ սպանությունը բացահայտվի: