Սուրեն Քրմոյանը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է անչափահասների արդարադատությանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել
է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը:

Հանդիպման շրջանակում քննարկվել են արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, տարածման և դրանց օգտագործման բարելավման վերաբերյալ հարցեր: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական
հիմնադրամի միջև ձևավորված սերտ համագործակցությունը արդարադատության մատչելիության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման ոլորտում:

Գործուղման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ Սուրեն Քրմոյանը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է.Ազիմովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների արդարադատության և վիճակագրության հավաքագրման ոլորտի հարցեր: Ս.Քրմոյանը հանդիպել է նաև Ղազախստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի հետ և քննարկել է էլեկտրոնային արդարադատության և էլեկտրոնային դատարանների հետ կապված հարցեր:

Ղազախստան կատարած այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է նաև Ղազախստանի Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն




Լրահոս