ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի մեջ, եւ ասում են՝ մյուս խմբակցություններում (որոնք, ի դեպ, Փաշինյանի կառավարության կազմում են) գտել է համախոհների: Ու հիմա նրանք որոշել են, որ կողմ չեն քվեարկելու խորհրդարանի լուծարման տանող ցանկացած որոշման` որպես պատճառաբանություն բերելով այն հանգամանքը, որ ԱԺ-ն բնականոն աշխատում է, չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, այլ ընդունում նրանց բերած օրենքները: Եվ պատահական չէ, որ նոր կառավարության ներկայացրած նախագծերը չնայած ՀՀԿ-ականների քննադատություններին, ԱԺ-ում ընդունվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության: Ասել է թե՝ նախկին իշխանությունները շարունակում են մնալ ոչ թե քաղաքական, այլ տղայական որոշումների մակարդակի: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում:
Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն ատամները սրած սպասում են նոր կառավարության սայթաքումներին ոչ միայն ներքաղաքական դաշտում, այլեւ արտաքին քաղաքականության մեջ` հայ-ռուսական հարաբերություններում: Այս առումով լավագույն ցուցիչը լինելու է սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. բոլորը սպասում են, թե ինչպես է անցնելու այդ հանդիպումը:
Այս լուրերի համատեքստում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը. «Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք ՀՀ իշխանության, իսկ երբ կհեռանամ, պետք է ունենամ հստակ երաշխիքներ, որ որեւէ մեկին թույլ չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»,- ասել է վարչապետը:

 

 

 

ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ եղել է խորհրդարանում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ Խնդիրը, որ հանձնաժողովի առջեւ էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված եւ հասարակությանն էր անհանգստացնում: Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, եւ վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց»։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հիմա` նոր իշխանությունների օրոք, մարտի 1-ի դեպքերը կբացվեն: «Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, եւ մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետեւություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ»,- ասել է Արսենյանը:

 

 

 

Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի դեմ դատական հայց ներկայացրած հերթական դատավորը Լիզա Գրիգորյանն է: Նա դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները: Բացի այդ, դատական համակարգում ստորագրահավաք է սկսվել, որով դատավորները պահանջում են, որ ԲԴԽ անդամներն արտահերթ նիստ հրավիրեն, հանդիպեն իրենց հետ: Հանդիպումը կայացել է, սակայն դատավորները դժգոհ են, քանի որ ԲԴԽ անդամներն իրենց գործողությունների հետ կապված ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել՝ ասելով. «Ինչ արել ենք, լավ ենք արել»:

 

 

 

ՀՀ մշակույթի նախարարությունը վերջերս հանդես է եկել ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ նոր նախաձեռնությամբ։ Նախարարությունը որոշել է խրախուսել հետեւյալ ժանրերի զարգացումը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն։ Միայն թե, գրողների շրջանում այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը տարակուսանք է հայտնել՝ արդյոք սարսափ ժանրի գրականությունը խրախուսելու հանրային պահանջ կա՞: «Մենք մինչեւ վերջերս խոր ճգնաժամի մեջ էինք՝ պետական քաղաքականությունը հավասարվել էր մի ոհմակի շահերին, իշխանությունը խրախուսում էր միայն իրեն անմռունչ ծառայող արվեստագետներին։ Հեղափոխությունից հետո պետական միջոցները արժե ծախսել ստեղծագործական հանդուգն մտահղացումներին աջակցելու համար, որոնք քաղաքացիական արիության դրսեւորումներից են եւ դրանով նպաստում են մեր պետականության ամրապնդմանը»,- ասել է նա։

 

 

 

ԱՆԻՄԱՍՏԻ ՏԱՐՕՐԻՆԱԿԸ
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության որոշումները երբեմն տարակուսանքի տեղիք են տալիս: Օրինակ` կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ` նշանակվել, իսկ ավելի ճիշտ՝ վերանշանակվել են Հանրային խորհրդի 15 անդամները` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Այնպես որ Փաշինյանի կառավարության կողմից նման որոշումը լուրջ հարցեր է առաջացնում: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Հանրային խորհուրդն իր գոյության մոտ տասը տարիների ընթացքում ապացուցել է՝ այն Հայաստանում եղած ամենաանիմաստ կառույցներից մեկն է, ՀՀ պետական բյուջեի, այդպիսով ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա անիմաստ բեռ:
Ճիշտ է, ՀՀ Սահմանադրությամբ Հանրային խորհրդին տրված է խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Օրենսդրությամբ էլ սահմանված են այս խորհրդի խնդիրները՝ քաղաքականության մշակման եւ իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը եւ այսպես շարունակ:
Բայց արի ու տես, որ այս ողջ ընթացքում Հանրային խորհրդի գոյությունը եղել է ձեւական: Ճիշտ է, այս ընթացքում նրանք նիստեր են գումարել, մի շարք կարեւոր հարցեր քննարկման առարկա դարձրել, անգամ խորհուրդը եզրակացություններ է տվել այդ հարցերի վերաբերյալ, բայց նախկին իշխանությունների որոշումների վրա Հանրային խորհրդի եզրակացությունները, խորհրդատվական կարծիքը որեւէ նշանակություն չեն ունեցել:
Ավելին, հասարակության զգալի մեծամասնությունն ինքն էլ լուրջ չընդունեց Հանրային խորհրդի գոյությունը: Ու սա պատահական չէր:
Հասարակության համար էլ էր պարզ, որ ժամանակին նախագահի աշխատակազմին կից այդ կառույցը ստեղծվեց Սերժ Սարգսյանի որոշման արդյունքում՝ 2008թ. նախագահական աղմկահարույց ընտրություններից ու մարտի 1-ի իրադարձություններից հետո նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին իր կողմը գրավելու համար: Միաժամանակ, Հանրային խորհուրդը լավ հնարավորություն էր որոշ անձանց փառասիրական մղումները բավարարելու համար: Այդպես մոտ տասը տարի:
Ու հիմա, մեղմ ասած, անհասկանալի է, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր Հայաստանում, նոր իրողությունների պայմաններում վերանշանակում է այդ կառույցի նույն անդամներին:




Լրահոս