ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ ԷՐ ՑՈՒՅՑ ՏԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի հունիսի 6-ին ստեղծվեց «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»՝ ՀՀԿ֊ական Սամվել Նիկոյանի գլխավորությամբ։ Այն բաղկացած էր 15 անդամներից։ Հանձնաժողովն աշխատեց մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 15-ը։ Դրա աշխատանքի արդյունքում հրապարակվեց 140 էջանոց «Եզրակացություն 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի» վերնագրով փաստաթուղթը։ Նշենք, որ հանձնաժողովի կազմում ի թիվս այլ պատգամավորների ընդգրկված էր Գուրգեն Արսենյանը։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքի եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արսենյանի հետ, ով ներկայում պատգամավոր չէ, բայց շարունակում է ակտիվ լինել քաղաքական դաշտում եւ հետեւել իրադարձությունների զարգացմանը։

-Պարո՛ն Արսենյան, «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով»-ն ի՞նչ դեր կատարեց, արդյոք արդարացրե՞ց իրեն։
-Այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ Հանձնաժողովը ստեղծված էր այդ հարցին անդրադառնալու համար։ Այդ հանձնաժողովը հիմնականում բաղկացած էր այն ուժի ներկայացուցիչներից, ովքեր այդ իրադարձությունների արդյունքում իշխանություն էին դարձել։ Ես իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ իշխանություններն են մեղավոր, սա իշխանությունների մեղքով է առաջին հերթին։
-Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրը կատարե՞ց, թե՞ ոչ։
-Այն խնդիրը, որ հանձնաժողովի առջեւ էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված եւ հասարակությանն էր անհանգստացնում։
-Հանձնաժողովը գլխավորող Սամվել Նիկոյանը նշել էր, որ գործին առնչվող փաստաթղթերը հանձնվել էին իրավապահներին։ Այս մասով ի՞նչ է Ձեզ հայտնի:
-Մենք բոլոր փաստաթղթերը, որ ստացել ենք քննչական մարմիններից, հետ ենք ուղարկել։ Մենք ստացել էինք արձանագրություններ, ստացել էինք փորձագիտական հետազոտությունների վերաբերյալ տեղեկանքներ, բացատրություններ եւ այլն։ Կարող եմ ասել, որ հսկայական փաստաթղթային բազա կար։ Բայց էականն այդ փաստաթղթային բազան չէր։ Խնդիրն այլ էր. իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, եւ վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց։
-Հիմա՝ նոր իրավիճակում, երբ մարտի 1-ի գործը վերաբացվել է եւ նաեւ երկրորդ գործն է հարուցվել, Դուք տեսնո՞ւմ եք գործի ամբողջական բացահայտման հնարավորությունը։
-Ես կարծում եմ, որ այն ժամանակ էլ կարող էին գործը բացահայտել, բայց, իհարկե, ցանկության դեպքում։ Հիմա էլ դա կարող է լինել, եթե ցանկությունը լինի բացահայտելու, թե ովքեր են մարտի 1-ի կազմակերպիչները, իրականացնողները, ովքեր են եղել ներգրավվածները, ովքեր են եղել անօրինական կերպով ներկաներ, մասնակիցներ եւ այլն։ Այդ ամբողջ ծաղկեփունջը եղել է պետության ձեռքին, դա պետության կողմից իրականացված խնդիր է։ Եվ պետության կողմից իրականացված գործողությունները եղել են իրենց փիլիսոփայությունից ելնելով։ Իրենք չէին համարում, որ մարդիկ կարող են բողոքել առանց իրենց թույլտվության։ Այդպես են մտածել։
-Հիմա, քանի որ գործը վերաբացված է, Դուք նոր իշխանությունների մոտ տեսնո՞ւմ եք կամքն ու պատրաստակամությունը դրա լիովին բացահայտմանը չխոչընդոտելու եւ մինչեւ վերջ աջակցելու հարցում։
-Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, եւ մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետեւություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ։
-Բայց այս պահի դրությամբ արդեն իսկ բավական թվով անձինք հարցաքննվել են, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, այս համատեքստում չե՞ք տեսնում գործի շրջանակում առաջընթաց։
-Ասեմ հետեւյալը. այս պահի դրությամբ այն, ինչ կատարվում է, այդ ամենին ես չեմ տիրապետում, որովհետեւ դա գործընթաց է, որն ընթանում է հատուկ ծառայության՝ Քննչական ծառայության ներսում։ Եվ հանրությանն առանձնապես տեղյակ չի պահվում, թե ինչ է կատարվում։ Ընդհանուր առմամբ մեկ բան է ընդամենը տեղյակ պահվել խափանման միջոցի հետ կապված։ Ուրիշ ոչինչ։ Մանրամասներ չգիտենք։
-Ըստ Ձեզ՝ մարտի 1-ի գործն ամբողջությամբ կբացահայտվի՞, թե՞ ոչ։
-Ես կարծում եմ եւ հուսով եմ..։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
Չնայած մարտի 1-ի քրեական գործով լուրջ տեղաշարժ է սկսվել, բայց մինչեւ հիմա ՀՔԾ-ում չի հարցաքննվել 2008թ. ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Մինչդեռ, հիշեցնենք, մարտի 1-ի գործի դրվագներից մեկն էլ վերաբերում է բանակն օգտագործելով սահմանադրական կարգի տապալմանը:
Տեւական ժամանակ է՝ Մանվել Գրիգորյանը կալանավորված է յուրացումների ու ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկություններ ճշտել Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված՝ ի՞նչ փուլում է այն գտնվում, արդյոք գեներալին հարցաքննե՞լ են եւ արդյոք նոր փաստեր ի հա՞յտ են եկել: Սակայն նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հրաժարվել է մանրամասներ հայտնելուց` ասելով, որ գործը նախաքննական փուլում է, եւ ինքը չի կարող որեւէ բան ասել: «Դա նախաքննական գաղտնիք է»,- պատասխանեց նա: Փաստաբանը խոսեց Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների մասին: Լեւոն Բաղդասարյանը նշեց` ճիշտ է պատշաճ բուժօգնություն է ցույց տրվել պարոն Գրիգորյանին, բայց մենք շարունակում ենք պնդել որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ: «Նա տառապում է քաղցկեղով, վիրահատված է, ունի շաքարային դիաբետ: Սա անհամատեղի է կալանքի հետ: Մենք պատրաստ ենք հասնել մինչեւ Եվրոպական դատարան այս հարցին լուծում տալու համար»,- հավելեց փաստաբանը:

 

 

ՀԱՐԿ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամում. մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Ըստ ՔԿ-ի` հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ քաղաքական գնահատական ունի ՀՅԴ-ն այս հարցի մասին, սակայն ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Իսկ Արսեն Համբարձումյանը ասաց. «Երբ որ հարկ համարենք քաղաքական գնահատական տալ, կտանք»:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

«ԼՈՒՅՍԸ» ԼՈՒՅՍՈՎ
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին` երկուշաբթի օրը, եւ մինչ այդ ընտրություններին մասնակից 12 ուժերն այս օրերին որոշում են, թե ինչպես սկսեն քարոզարշավի առաջին օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Լույս» դաշինքը, որի ավագանու ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյանը, որոշել է քարոզարշավի հենց առաջին օրը բակային քարոզարշավ չանցկացնել: Մասնավորապես, մեր տեղեկություններով` երկուշաբթի երեկոյան դաշինքի անդամները կհավաքվեն երեւանյան հյուրանոցներից մեկում, կներկայացնեն իրենց ծրագիրն ու կարգախոսը:

 

 

ԹԱՔՑՐԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը վերջապես ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել տարեկան հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները կազմում են 7 մլն 895 հազար 779 շվեցարական ֆրանկ, 4970 եվրո, 8700 դոլար, 16 մլն 128 դրամ: Որպես եկամուտ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Սիրմակեսը հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 279 հազար դրամ եւ 38 հազար 318 շվեցարական ֆրանկ: Բացի այս, նա նաեւ փոխառություններ է ստացել 537 հազար շվեցարական ֆրանկի չափով: Տեղեկացնենք, որ շվեյցարահայ գործարար Սիրմակեսը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է, ով ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց թվում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Ըստ Forbes-ի` նրա կարողությունը գնահատվում է 225 մլն շվեյցարական ֆրանկ: Ի դեպ, Սիրմակեսը «Արցախբանկի» 39.1 տոկոսի եւ «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է: Բայց նրա պաշտոնական հայտարարագրում ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին տվյալներ լիարժեք ներկայացված չեն: Նշենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ հուլիսին վարույթ էր հարուցել մի շարք պաշտոնյաների, այդ թվում հյուպատոս Սիրմակեսի դեմ հայտարարագիր չներկայացնելու համար:

 

 

ՊՆ-ԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ
Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձինք, այլեւս չցանկանալով աշխատել, ազատման դիմումներ են գրում: Սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կամո Քոչունցն անձամբ է ցանկացել ՊՆ-ից դուրս գալ` հայտնելով, որ աշխատանքի է անցնելու այլ նախարարությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանն էր աշխատանքից ազատվել: Ավելին, վերջինիս հորդորել էին մնալ եւ շարունակել աշխատել, սակայն նա ասել էր, թե հոգնել է:




Լրահոս