ՀՀԿ-Ն ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳՆԱԼ ԱԺ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ու խորհրդարանի միջեւ հակամարտությունը գնալով ավելի է լարվում:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս օգոստոսի 16-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ խոսել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու իր տեսլականի մասին: Ըստ Սահմանադրության` պետք է խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի, որպեսզի խորհրդարանը լուծարվի, եւ քանի որ այս տարբերակը վարչապետն այնքան էլ հուսալի չի համարում, նա խոսեց սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մասին, որից հետո խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաեւ առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն` խորհրդարանը ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում: Վերջերս էլ իր հերթական ուղիղ եթերի ժամանակ վարչապետը հայտնեց, որ հիմա աշխատում են սահմանադրական փոփոխությունների վրա: «Փաթեթը շուտով պատրաստ կլինի, եւ մենք այն կուղարկենք խորհրդարան: Այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, ինչպես նաեւ ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,- նշել էր նա` հավելելով, որ մի բան ակնհայտ է` ամենաուշը հաջորդ տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը նշում է, թե աշխատում են այդ փաթեթի վրա, սակայն խորհրդարանի ներսում ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ի մոտ այլ տրամադրություններ են: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ում եւ ոչ միայն այդ կուսակցությունում որոշել են, որ խորհրդարանը չպետք է լուծարվի, եւ որպես պատճառաբանություն բերում են այն հանգամանքը, որ խորհրդարանը բնականոն աշխատում է, կառավարությանը չի խոչընդոտում, ընդունում է նրանց բերած օրենքները, ինչու են ստիպում գնալ ընտրությունների: Եվ պատահական չէ, որ նոր կառավարության ներկայացրած նախագծերը չնայած ՀՀԿ-ականների կողմից մասնագիտական թեժ քննադատության են արժանանում, սակայն նաեւ կողմ են քվեարկում, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խոչընդոտում են նրանց աշխատանքը եւ այդպես նաեւ հիմքեր չթողնելով ինքնալուծարման պատճառների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չնայած նշեց, թե կուսակցությունում կամ խմբակցությունում դեռեւս պաշտոնական քննարկում կամ որոշում չունեն, սակայն ներկայացնելով իր անձնական տեսակետը` ընդգծեց, որ այս պահին խորհրդարանի ինքնալուծարման հիմքեր չկան: «Ազգային ժողովի լուծարման համար հիմքեր չկան: Ազգային ժողովն իշխանության առանձին ճյուղ է, նա կառավարության, առավել եւս Փաշինյանի կցորդը չէ: Մենք ապրում ենք խորհրդարանական երկրում, իսկ այս համակարգում ոչ թե կառավարությունն է Ազգային ժողով ընտրում, այլ խորհրդարանն է ընտրում վարչապետին: Սահմանադրական ճգնաժամ չկա` մեկ, երկրորդը` խորհրդարանն իր գործունեությունն իրականացնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ», – նշեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից միասնական որոշման կայացմանը` նա հայտնեց. «ՀՀԿ-ի օրակարգում նման բան չկա: Հանրապետականն իր աշխատանքային գրաֆիկով աշխատում է, եւ կոնկրետ հատուկ քննարկում չի եղել, բայց ես իմ կարծիքն եմ ընդգծում եւ քննարկման ժամանակ պնդելու եմ իմ կարծիքը: Այսօրվա դրությամբ, կրկնում եմ, այսօրվա դրությամբ, քանի որ չեմ կարող ասել, թե մի քանի ամիս անց ինչ կլինի, բայց այսօր ես խորհրդարանի ինքնալուծարման հիմքեր չեմ տեսնում եւ չկա»: Շարմազանովի խոսքով` Նիկոլ Փաշինյանի թիմը չի կարող բերել խորհրդարանի ինքնալուծարման քաղաքական կամ իրավական հիմքեր: «Միայն նրա համար, որ Փաշինյանին դուր չի գալիս ԱԺ-ի կազմը, քիչ է, որ ԱԺ-ն գնա ինքնալուծարման: Նա կարող է գնալ ինքնալուծարման, եթե անգործության է մատնվել: Ինչ ինքնալուծարման մասին է խոսքը: Իրենց ներկայացրած հիմքերը բավարար չեն: Ամեն ինչ պետք է լինի օրենքով, այնպես չէ, որ մենք կառչած ենք աթոռներից: Նոր սահմանադրական փոփոխություններ միայն նրա համար, որ խորհրդարանը գնա լուծարման, հիմքերը չեմ տեսնում: Եթե չեք ցանկանում աշխատել, պարոն Փաշինյան, մի՛ աշխատեք: Եթե ուզում եք աշխատեք, մենք ձեզ արհեստական չենք խանգարում», – եզրափակեց նա:
Իսկ ահա ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության վարչության անդամ Լենա Նազարյանը ՀՀԿ-ին խորհուրդ է տալիս չշտապել ինքնալուծարման համար հիմքեր չտեսնելու հարցում` ասելով, թե նախագիծը ներկայացնելիս բերվելու են բոլոր քաղաքական հիմնավորումները: «Այս հարցի դեմ լինելու մասին իրենք շտապելով են ասում, քանի որ մենք կներկայացնենք քաղաքական հիմնավորումներ, թե ինչու է պետք, որ ԱԺ-ն լուծարվի: Եվ եթե իրենք հետեւողական են, քանի որ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին եւ իսկապես մտահոգ են, պետության շահերով են մտահոգ, ապա պետք է համաձայնեն քաղաքական ճգնաժամի առկայության հարցում», – նշեց նա:
Նազարյանը դժվարացավ պատասխանել` եթե ամեն դեպքում մեծամասնությունը դեմ լինի փոփոխությունների, ինչ է արվելու: «Իրենք ասում են` դեմ են, իրենք են վերջնական կարծիք հայտնում, բայց պետք չէ շտապել, քանի որ հիմնավոր փաստարկներ ենք ներկայացնելու: Առաջիկայում կներկայացնենք, մեզ էլ կլսեք, իրենց էլ»:
Եվ հաշվի առնելով, որ հասարակության մոտ էյֆորիան նվազում է, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը սայթաքումներ է անում` ՀՀԿ-ն եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ու մյուս հականիկոլական ուժերն ատամները սրած սպասում են, որ հեղաշրջում անեն: Եվ այս իրավիճակում հետաքրքիր է, թե ինչով կավարտվի Պուտին-Փաշինյան հանդիպումը, որը լարված ընթացք է ունենալու:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնի համար աթոռակռվին, հայտնեց, որ խնդրին ծանոթ չէ, պետք է ճշտի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը իր թեկնածությունը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում: Անդրադառնալով այս խնդրին` Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Ներկայիս դրությամբ ավելի փորձում ենք ամրապնդել մեր համակարգը, որոշ բարեփոխումների ծրագիր ունենք, որի նպատակը մեկն է` ավելի ամրապնդել մեր համակարգը արհեստավարժ, պրոֆեսոնալ մարդկանցով, ողջ իմաստը դա է, առայժմ այսքան»:

 

 

ԿՈՌՆԻՁՈՐԻ ԱՐՈՆ ԷԼ
«Երկրապահ կամավորական միության» ներսում կրքերը չեն հանդարտվում: «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը, ով Մանվել Գրիգորյանի ձերբակալումից հետո փորձեր է անում ԵԿՄ նախագահ դառնալու, շարունակում է տարբեր հանդիպումներ ունենալ: Սակայն ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահի թեկնածու կարող են առաջարկել կամ առաջադրվել միայն պատվիրակները, իսկ Խուդավերդյանը պատվիրակ չէ: Եվ որպեսզի կրքերը հանդարտվեն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` որոշում է կայացվել նրան եւս պատվիրակ տալ, որը հնարավորություն կտա առաջադրվել նախագահի պաշտոնում եւ մրցակցել Արամ Սարգսյանի հետ: Հավելենք, որ ԵԿՄ նախագահի ընտրությունները կկայանան հոկտեմբերի սկզբին:

 

 

ՉԵՆ ՄԵԿՆՈՒՄ
Այս տարվա 7 ամիսների արդյունքներով` ինքնաթիռով Հայաստան ավելի շատ թվով ուղեւոր է ժամանել, քան մեկնել. մի ցուցանիշ, որը տեւական ժամանակ ՀՀ-ում չէր արձանագրվում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 696 հազար 903, իսկ ժամանել` 734 հազար 648 ուղեւոր: Ասել է թե` այս օդանավակայանով ուղեւորափոխադրումների դրական հաշվեկշիռը կազմել է 37 հազար 745 հոգի: Որոշ մասնագետների համոզմամբ` մեկնողների թվի նվազումը պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ: Շատերը նոր իշխանության հետ հույսեր են կապում եւ առժամանակ ետ են կանգնել հայրենիքը լքելու մտքից, շատերն էլ ուղղակի վերադառնում են ՀՀ: Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանով պատկերն այլ է. այս օդանավակայանով մեկնել է 47 հազար 239, իսկ ժամանել` 46 հազար 747 ուղեւոր: Այսինքն` յոթ ամիսների ընթացքում այս օդանավակայանով 492 ուղեւոր մեկնել է եւ չի վերադարձել: Իսկ ընդհանուր առմամբ օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների դրական մնացորդը կազմել է 37 հազար 253 քաղաքացի:

 

 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
ԱԳՆ հաղորդմամբ` Հայաստանի արտգործնախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս: Բայբուրդյանը 2004-2008 թթ. զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Բայբուրդյանն ԱԳՆ մի շարք աշխատակիցների հետ միասին ազատվել էր աշխատանքից 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից առաջ այն բանից հետո, երբ համարձակվել էին իշխանությանն ու ընդդիմությանը երկխոսության կոչ անել` զգուշացնելով բախման գնալու դեպքում Հայաստանի միջազգային վարկի մասին: Ու հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերականգնում է դիվանագետներից մեկի խախտված իրավունքները: Մնում է՝ առաջիկայում նույնկերպ վերականգնվեն նաեւ 2008թ. աշխատանքից հանիրավի ազատված ԱԳՆ մյուս պաշտոնյաների դիվանագիտական կոչումներն ու աշխատանքը:

 

 

ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե մեծ ակնկալիքներ ունի Պուտին-Փաշինյան հանդիպումից: «Շատ մտահոգիչ հայտարարություններ են արվում, խոսվում է այն մասին, որ մեր հարաբերություններում ինչ-որ խնդիրներ են առաջացել: Ես կարծում եմ, որ մեր ռազմավարական շահերն այնքան կարեւոր եւ նշանակալից են, որ ցանկացած խնդիր պետք է ստորադասվի: Այն խնդիրները, որ գոյություն ունեն, արդեն մտահոգիչ են, եւ նման հանդիպումները նրա համար են, որ պարզաբանվեն եւ լուծում ստանան, եւ Ռուսատանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը չխաթարվի»,- ասել է նա: Ռուստամյանի խոսքով` այս հանդիպումը լավ առիթ է, որ երկու երկրների ղեկավարները խոսեն Արցախի հիմնախնդրից:

 

 

ՉԻ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Մարտի 1»-ի նոր գործով հարցաքննության չի հրավիրվել: Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Հարցին, թե 2008 թվականի մարտի 1-ին հերթապահել է Ազատության հրապարակում, նա պատասխանել է. «Այո՛, եղել եմ մի քանի հարյուրավոր ոստիկանների պես»: Օսիպյանը նաեւ պնդել է, որ 2008թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում զենք-զինամթերք չի տեսել, բայց տեսել է փայտեր:




Լրահոս