ՀՀ մշակույթի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը վերաբերում է ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցությանը։ Նախարարությունը որոշել է խրախուսել հետեւյալ ժանրերի զարգացումը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն։ Գրողների համայնքում, սակայն, այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել։ Արձակագիր, թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցնում է՝ պետության ի՞նչ հոգսն է, օրինակ՝ սարսափ ժանրի գրականությունը խրախուսելը, արդյոք կա՞ հանրային պահանջ։ Գրողը նախարարության հայտարարությունը համարում է մշակույթի զարգացման գործում պետության դերի թյուրըմբռնման արդյունք։
-Պարո՛ն Մարտիրոսյան, տեղյակ եմ, որ նախարարության նոր նախաձեռնությանը հավանություն չեք տալիս։ Ճի՞շտ եմ հասկանում՝ նկատի ունեք՝ սարսափի գրականությունը կոմերցիոն ժանր է, եւ դրա խրախուսմամբ պետությունը չէ, որ պետք է զբաղվի՞։
-Սարսափի գրականությունն Արեւմուտքում ստեղծել է մի քանի հնչեղ կերպար մի քանի դարի ընթացքում՝ Ֆրանկենշտեյն, Դրակուլա, դ-ր Ջեքիլը եւ մ-ր Հայդը, մնացածը զանգվածային մշակույթի ոլորտին են պատկանում (Mass culture): Բայց, լավ, հիմա մեր ինչի՞ն է պետք՝ պետությունը մի միլիոն դրամ տրամադրի, որ սարսափի գրականություն ստեղծվի, ո՞րն է տրամաբանությունը։ Պետությունը թող խրախուսի, ասենք, վերջին կես դարում աշխարհում ստեղծված մշակութաբանական ահռելի ժառանգությունը՝ մի ընտրանիով հասարակությանը ներկայացնելուն, որը չի կարող առեւտրային հաջողություն ունենալ։ Նույնիսկ Նոբելյան մրցանակը մեր յուրահատուկ շուկայում բավարար պայման չէ, որ գիրքը գոնե հազար օրինակով վաճառվի, հրատարակչի ծախսերը ծածկի, թարգմանիչն էլ հոնորար ստանա։ Գիտեմ իմ վերջին թարգմանության՝ Իմրե Կերտեսի «Անբախտություն» հրաշալի վեպի օրինակով։ Ու «էս նեղ մաջալին» ուզում են գրողներին խրախուսել, որ «սարսափ» գրեն։ Ուզում եմ ճշտել. գրողներին, արվեստագետներին խրախուսելն էլ մշակութային քաղաքականության ուղղություններից մեկը պետք է լինի։ Դիցուք, վեպ գրելու համար, որը երկար ժամանակ է պահանջում։ Ինքս վերջին վեպերիցս մեկը վեց տարում եմ գրել, ստացել եմ 120 հազար դրամ հոնորար. օրը մոտ 10 դրամ է գալիս։ Արդյունավետ կլինի, եթե պետությունը դրամաշնորհ տա, որ գրողը գոնե մեկ տարի միայն ստեղծագործի։ Ինձ համար չեմ ուզում, նոր վեպս արդեն վերջացրել եմ ու այլեւս այդ ժանրով չեմ գրելու, հոգնեցի (ծիծաղում է)։
-Ի վերջո, այդ փորձն ամբողջ աշխարհում կա։
-Այո, դժվար չէ դրան նույնիսկ առցանց ծանոթանալ… Կամ խորհրդակցել մարդկանց հետ, ովքեր տեղյակ են։ Նախարարության ձեռնարկն ինձ համար, մեղմ ասած, արտառոց է։ Չեմ հասկանում՝ ես ինչու պետք է որպես հարկատու, որպես ընթերցող վճարեմ Հայաստանում սարսափի գրականությունը զարգացնելու համար։ Սա պետության դերի թյուրըմռնման արդյունք է։
-Որքանո՞վ եք կարեւորում նման որոշումներ կայացնելուց առաջ հանրային քննարկումների դերը։ Այս պարագայում, կարծես թե, նման քննարկումներ չեն եղել։
-Դատելով սոցցանցային արձագանքներից՝ չեն եղել, բայց շատ կարեւոր է։ Իմ կարծիքով՝ ճիշտը հիմնադրամ ստեղծելն է։ Մշակույթի նախարարության ինչ-որ պաշտոնյա չպետք է հանձնաժողով ձեւավորի, որը անհասկանալի դրամաշնորհ հայտարարի։ Հիմնադրամի խորհրդի անդամները պետք է մասնագիտական հարգանք վայելեն, գործընթացները լինեն թափանցիկ։ Կարճ ասած՝ գրականության հոգածության առարկա են այն ժանրերը, որոնցով հնարավոր չէ փող վաստակել։ Մենք մինչեւ վերջերս խոր ճգնաժամի մեջ էինք. պետական քաղաքականությունը հավասարվել էր մի ոհմակի շահերին, իշխանությունը խրախուսում էր միայն իրեն անմռունչ ծառայող արվեստագետներին։ Հեղափոխությունից հետո պետական միջոցները արժե ծախսել ստեղծագործական հանդուգն մտահղացումներին աջակցելու համար, որոնք քաղաքացիական արիության դրսեւորումներից են, եւ դրանով նպաստում են մեր պետականության ամրապնդմանը։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԴԵԼՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԵՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՆԱԽԱԳԾՈՒՄ
Հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, ով տեւական ժամանակ է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում, արդեն երկու ամիս է՝ Հայաստանում է։ «Ժողովուրդ» օրաթերթը Դելոյի հետ զրուցել է նրա գործնական ծրագրերի եւ հայրենիքի հետ կապված պլանների մասին։
Դերասանը մեզ տեղեկացրեց, որ աշխատում է նոր նախագծի շուրջ՝ դեռեւս զերծ մնալով մանրամասներ հայտնելուց. «Շուտով հանրությունը կտեսնի, թե խոսքն ինչի մասին է»,-ասաց նա։
Հարցին, թե հումորային կերպար մարմնավորելու առաջարկ ստացել է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, չեմ ստացել։ Գովազդային հոլովակում նկարահանվելու առաջարկ ունեմ, այդ նախագծի շրջանակում հանդես եմ գալիս նաեւ որպես պրոդյուսեր։ Ասեմ, որ ոչ ստանդարտ գովազդ է լինելու»։
Տարիներ առաջ համացանցում տարածվել էր Դելոյի մասնակցությամբ էրոտիկ գովազդ, որը եթեր չէր հեռարձակվել։ Ուստի հետաքրքրվեցինք՝ գուցե այս անգամ եւս մեր զրուցակիցը նկարահանվել է նմանատիպ գովազդում. «Ոչ, գովազդն էրոտիկ բնույթի չէ, դրա հիմքում սերն է եւ գեղեցկությունը (ծիծաղում է)»,-հավաստիացրեց նա։
Մենք մի փոքր էլ զրուցեցինք քաղաքական թեմաներից։ Դելոյին հարցրեցինք՝ հետեւում է արդյոք հայաստանյան ներքին իրադարձություններին եւ ինչ տպավորություններ ունի. «Ես քաղաքականության մեջ չեմ խառնվում, շատ թեթեւ եմ վերաբերվում ամեն ինչին, առհասարակ, էությամբ թեթեւ մարդ եմ։ Հույսս միայն ինձ վրա եմ դնում, այն չեմ կապում որեւէ իշխանության հետ»,-մեկնաբանեց դերասանը։
Նրա խոսքով՝ ինքը բնակության վայրը չի փոխել, պարզապես երկարատեւ բացակայել է հայրենիքից։ Հարցին, թե որտեղ է տեսնում իր երեխայի ապագան՝ ԱՄՆ-ում, թե Հայաստանում, հումորիստը պատասխանեց. «Բնականաբար, երեխայիս ապագան էլ, ներկան էլ անմիջականորեն կապված է Հայաստանի հետ։ Ամեն դեպքում, չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք։ Կարեւորը՝ պետք է լինել ուրախ, պոզիտիվ ամեն հարցում, այդ դեպքում ամեն բան լավ կլինի»։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ՍՈՒԱՐԵՍԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ ԵՆ
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ իրեն զայրացնում են Մադրիդի «Ռեալի» հաջողությունները Չեմպիոնների լիգայում: Ակումբը երեք տարի անընդմեջ նվաճել է Եվրոպայի գլխավոր ակումբային տիտղոսը. «Չեմպիոնների լիգայի հետ կապված իրավիճակը մեզ համար անտանելի է: «Բարսելոնա»-ն այդքան շատ ազգային տիտղոսներ է նվաճել, բայց «Ռեալը» երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Սա պատմական պահ է, բայց մեզ այն զայրացնում է: Չեմպիոնների լիգան շատ դժվար մրցաշար է, որը կարելի է հաղթել միայն թիմային ջանքերի շնորհիվ: Անարդար է ասել, որ Մեսսին ամեն ինչ միայնակ է անում: Չնայած նրա տաղանդին` նա ունի մեր օգնության կարիքը: Մեսսին հիմա ավելի մոտիվացված է, քան` երբեւէ: Հիմա, երբ նա դարձել է «Բարսելոնայի» ավագը, ցանկանում է գլխավերեւում պահել Չեմպիոնների լիգայի Գավաթը»,-ասել է Սուարեսը։
ԱՉՔԻ ԿԱՊՏՈՒԿՆԵՐՈՎ
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է թուրինյան թիմի մարզմանն այն ֆուտբոլիստների հետ, ովքեր չեն միացել իրենց հավաքականներին: Ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է մարզման լուսանկարները, որոնցում կարելի է նկատել, որ պորտուգալացի ֆուտբոլիստի ձախ աչքի տակ կապտուկ կա: Ամենայն հավանականությամբ, կապտուկն առաջացել է Իտալիայի առաջնության 3-րդ տուրի` «Պարմայի» հետ խաղի դրվագներից մեկում դեմքին ստացված ցավալի հարվածի արդյունքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն չի ընդգրկվել Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում սեպտեմբերյան խաղերին մասնակցելու համար: Ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հայտնել է, որ Կրիշտիանուն հավաքական չի հրավիրվել, քանի որ դեռեւս ադապտացիոն շրջան է անցնում թուրինյան ակումբում:
ԺԱՄԿԵՏԻՑ 72 ՕՐ ԱՆՑ
Սենեգալցի պաշտպան Պապի Ջիլոբոջին «Սանդերլենդին» է միացել նախատեսված ժամկետից 72 օր անց: Այժմ ակումբը դիտարկում է 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու տարբերակը: Բացի դա, «Սանդերլենդը» հրաժարվում է ֆուտբոլիստին վճարել այն օրերի աշխատավարձը, որի ընթացքում ինքը բացակայել է թիմից:
Սենեգալցին 2015 թվականից է հանդես գալիս «Սանդերլենդում», ուր տեղափոխվել էր «Չելսիից»: Այդ ժամանակ «Սանդերլենդը» նրա համար 8 մլն ֆունտ (մոտ 8,8 մլն եվրո) է վճարել: