ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Վերջին օրերին տպավորություն է, թե հայ-ռուսական հարաբերությունները լարված են` նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Միխայիլ Հարությունյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ մարտի 1-ի գործով քրեական հետապնդում սկսելու պատճառով: Տեսակետ կա, որ ռուսական կողմի համար ցանկալի չէին այդ իրադարձությունները, որ Հայաստանը նման քայլի է գնացել առանց իրենց համաձայնության: Այդ համատեքստում Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը բնականաբար կարեւոր է: Ի վերջո, շատ բան կախված է նրանց ձեռք բերած պայմանավորվածություններից: Փաշինյան-Պուտին հանդիպումը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն հայաստանյան, այլեւ ռուսական մամուլի կողմից: Եվ պատահական չէ, որ այս օրերին Փաշինյան-Պուտին հանդիպման շուրջ թեմաները չեն դադարում ամենապահանջվածը համարվելուց հենց ռուսական մամուլում:

«EADaily» կայքը երեկ հոդված է հրապարակել «Երեք ընկերական խորհուրդ Փաշինյանին Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին» վերնագրով: Հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Նշվել է, որ այդպիսով Պուտինը «խաղադրույք է կատարել Քոչարյանի վրա» եւ հրաժարվել տեսնել Փաշինյանին՝ որպես ՀՀ-ի երկարաժամկետ ղեկավարի: Ըստ հոդվածի` «Թավշյա հեղափոխության» առաջնորդը փորձում է հարթել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններում հանկարծակի հայտնված սուր ծայրերը: Մոսկվայի հետ հարաբերությունների սրեցումն այժմ խստիվ հակացուցված է: Այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ աճող փոխադարձ անվստահության միտումը տագնապալի է. մի բան, որ նախկինում երբեք չի եղել: Նշվում է, որ Մոսկվայում ոչ ոք չի ցանկանում հանդուրժել նոր իշխանությունների սխալները երկար ժամանակ: Եվ այդ առումով հոդվածում Փաշինյանին խորհուրդ է տրվում ուշադիր լինել յուրաքանչյուր քայլի, որը անմիջականորեն կամ անուղղակիորեն ազդում է Ռուսաստանի շահերին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի իմիջին: Որպես ամփոփում՝ Փաշինյանին խորհուրդ է տրվում Ռուսաստանի մայրաքաղաք կատարելիք շատ կարեւոր այցից առաջ կուրորեն չհավատալ եւ չվստահել Արեւմուտքին:
Regnum գործակալությունը զրուցել է փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, եւ վերջինս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, ինչպես նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը Հայաստանի մասին՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները, հեղափոխությունից հետո նախկին ղեկավարության հետ հաշիվներ մաքրելով, Մոսկվայի հետ հարաբերություններում որոշակի վակուում են ստեղծել, ինչը լցրել է Ադրբեջանը՝ հաշվի առնելով, թե որքան արդյունավետ էր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը:
«Նեզավիսիմայա Գազետա»-ն իր հոդվածում ընդգծում է, որ ոչ միայն ՌԴ-ում, այլ ՀԱՊԿ-ի որոշ այլ անդամ երկրներում կարծում են, որ ՀՀ նոր իշխանությունների գործողությունները լուրջ վնաս են հասցնում կազմակերպությանը։
Տեսակետ կա, որ ռուսական մամուլում նման հոդվածները տպագրվում են ՀՀ նախկին իշխանությունների պատվերով, նրանց ֆինանսական «ներդրումների» արդյունքում: Նպատակն էլ տպավորություն ստեղծելն է, թե հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի իշխանության օրոք վատացել են ՀՀ ղեկավարի մեղքով, եւ մամուլի արձագանքներն այնտեղի իշխանությունների տրամադրություններն են արտացոլում:
Հետաքրքրական է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ «Սպուտնիկ Արմենիա» ընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե լարվածություն չի տեսնում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում։ Նա վստահ է` Պուտին-Փաշինյան հանդիպումը անցնելու է շատ բարեկամական մթնոլորտում ու բարձր մակարդակով։ «Ցանկացած հանդիպում մեծ երկրի ղեկավարի հետ շատ կարեւոր է Հայաստանի համար, մասնավորապես՝ ՌԴ նախագահի հետ»,- պնդել է նա:
Հիշեցնենք, որ սա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն է: Փաշինյան-Պուտին առաջին հանդիպումը կայացավ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց օրեր անց՝ մայիսի 14-ին, Սոչիում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այնուհետեւ հունիսի 13-ին Փաշինյանը մեկնեց Մոսկվա մասնակցելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է
Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու համար ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքը քննելու է քրեական պալատի դատավոր Արթուր Պողոսյանը: Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Արթուր Պողոսյանի նկատմամբ դատական համակարգում առանձնահատուկ տեսակետ չկա, նա այս ընթացքում ոչնչով աչքի չի ընկել, կարեւոր պահերին կտրուկ տեսակետով աչքի չի ընկել: Նշենք, որ 54-ամյա դատավորը ծնվել է Կիրովաբադում: 1995-99թթ. աշխատել է ԱԺ-ում՝ որպես խորհրդատու: Եւ դատական համակարգում նրա կարիերան սկսվել է հենց Քոչարյանի նախագահության օրոք. Քոչարյանի հրամանագրով 1999թ. նա նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատավոր, այնուհետեւ 2001թ. Քոչարյանի հրամանագրով նշանակվել վերաքննիչ դատարան դատավոր` պաշտոնավարելով մինչեւ 2009թ: Հետաքրքիր է՝ այս հանգամանքներն արդյոք դեր կխաղա՞ն նրա դիրքորոշման մեջ: Մեկ փաստ էլ. ՀՀ գլխավոր դատախազությունը ճիշտ կաներ, եթե ճշտեր՝ արդյոք նա մասնակցել է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ քաղբանտարկյալների գործերի դատաքննությանը` այդպես արտահայտելով դիրքորոշում: Այդ փաստերը ճշտելուց հետո, թերեւս, դատախազությունը կարող է քննարկել նաեւ նրան բացարկ հայտնելու նպատակահարմարությունը: Մանավանդ, լուրեր կան, որ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հետ կապված գործը ցանկանում է ուղարկել ՍԴ նախկին նախագահին կալանավորման հարցի սահմանադրականությունը որոշելու համար:

 

 

ՀԻՄԱ ԷԼ ԿԱԹՈՎ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանձն է առել Հայաստանում զարգացնելու կաթնարտադրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծվել է կաթնարտադրության զարգացման համալիր ծրագիրը մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն էլ գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Այդ խմբում ներառված են նաեւ գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարարները եւ այլոք: Եւ Տ. Ավինյանը, եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է ներկայացնի կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկություն: Հատկանշական է, որ հուլիսի 17-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավինյանին հանձնարարել էր նաեւ Սեւանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակի, ոչ պատշաճ աղբահանության կազմակերպման, ապօրինի շինությունների առկայության վերաբերյալ հարցերի շուրջ գերատեսչությունների հետ կազմակերպել քննարկում եւ զեկուցել դրանց արդյունքների մասին: Բայց այս հանձնարարականը դեռ հորով-մորով չարած` Ավինյանը անցում է կատարել մեկ այլ` կաթնարտադրության ոլորտ:

 

 

ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ընթացիկ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերին գործնական այցերով այցելել Ադրբեջան, Տաջիկստան եւ Ուզբեկստան, հայտնել է «Իզվեստիա» պարբերականը` վկայակոչելով պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովին: Նրա խոսքով` սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Դրանից բացի, սեպտեմբերի 27-28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Հոկտեմբերի համար նախատեսված է Վլադիմիր Պուտինի այցը Ուզբեկստան:

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հովհաննես Նավասարդյանին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու վերաբերյալ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Սոֆյա Նավասարդյանը նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում, իսկ Գեղամ Շախբազյանը` քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար:

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՖՐԱՆՍԻԱ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին կայցելի Ֆրանսիա: Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում, կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

 

 

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Հայաստանում իշխանափոխությունը ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երեւանի միջեւ ռազմատեխնիկական գործակցության վրա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը: «Հայաստանի հետ հարաբերությունները կառուցվում են ըստ հաստատված ծրագրի: Այն պայմանագրերը, որոնք մենք ունենք, ուրեմն ունենք: Նոր բան այս առումով ես չեմ ասի»,-նշել է Շուգաեւը: Ավելի վաղ, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը Մոսկվայում քննարկել է ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական գործակցության հարցեր: Այնուհետեւ Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը զարգացնելու է կործանիչ-ռմբակոծիչ ավիացիա:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, միաձայն ընդունել է ընտրական հանցագործությունների պատասխանատվությունը խստացնող օրենսդրական փաթեթը: Կառավարության նպատակն է օր առաջ խստացնել ընտրական կեղծիքների եւ բարեգործության անվան տակ տրվող կաշառքի պատիժը, դրանից հետո գնալ արտահերթ ընտրությունների: Հանրապետական խմբակցությունը նկատել է, որ կառավարությունն ընդունել է իրենց ներկայացրած մի շարք առաջարկները, ինչն իրենց համար գոհացուցիչ է:




Լրահոս