ՎՈՎԱՅԻ ԱՐՇԱԿԻ ՈՐԴԻՆ ԿՌԻՎ Է ԱՐԵԼ. ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԱՍՏԱՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւան քաղաքում, մասնավորապես` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել, որի կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: Մեր այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` նշելով, որ միջադեպին ընթացք է տրվել:

-Պարո՛ն Օսիպյան, Երեւան քաղաքում, մասնավորապես` Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել, որի կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: Ոստիկանությունը տեղյա՞կ է եղել միջադեպից, սակայն ընթացք չի՞ տվել, թե՞ տեղյակ չէ:
-Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան ընթացք է տրված:
-Ի՞նչ ընթացք, մանրամասնեք, խնդրում եմ:
-Իսկ թե ինչ ընթացք, նյութեր են նախապատրաստվում, լրացուցիչ Ձեզ կասենք:
-Մինչ Երեւանի ավագանու թեկնածուները նախապատրաստվում են սպասվելիք ընտրություններին, ՀՀ ուժային կառույցներում այս օրերին ինքնակազմակերպման գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ավագանու ընտրություններից առաջ ուժային կառույցներն իրենց ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգ են իջեցրել, որ բոլոր այն անձինք, որոնք այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, վերադառնան աշխատանքի: Ավելին` ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` ներքին հրահանգ է իջեցվել սեպտեմբերից սկսած այլեւս որեւէ մեկին թույլ չտալ արձակուրդ գնալ, այլ արտակարգ ռեժիմով աշխատել:
-Ինձ որեւէ մեկը չի հրահանգել, անկեղծ ասած, ես սեպտեմբեր ամսվա նախավերջին կիրակին, որ ընտրություն է լինելու, ուղղակի ուժերի միջոցները հաշվարկելու, ընտրությունների ընթացքում ծառայությունները ճիշտ կազմակերպելու, ոստիկանական ուժերը համաչափ լինելու համար, միայն այս կարճ ժամանակահավածի համար է արվել դա, այնուհետեւ կշարունակվի մեր նորմալ աշխատանքային ընթացքը: Դա միշտ էլ եղել է, դա միայն արվում է նրա համար, որպեսզի մենք քիչ ուժեր օգտագործենք, այլ ստորաբաժանումներից, մարզային վարչություններից եւ այլն: Եթե Երեւանում է ընտրություն, փորձենք միան Երեւանի ուժերով իրականացնել, դա է խնդիրը:
-Օրերս տեղեկություն էինք հրապարակել, որ նախկինում գործարարները ուժային կառույցներին՝ ոստիկաններին, գումարներ են տվել, որպեսզի իրավապահների հետապնդումներից իրենց ապահովագրեն, իսկ ոստիկանությունն էլ այդ գումարով իր աշխատակիցներին է հավելավճարներ տվել: Սակայն իրավիճակը եկել է նրան, որ հետագայում գործարարները ոստիկանության եւ այլ ուժային կառույցների հետ գործարքի են գնացել եւ տեղեկություններ են ուզել իրենց թշնամիների մասով: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա եւ ներկայումս ի՞նչ եք անում հնարավոր նման դրսեւորումները կանխելու համար:
-Ինձ համար անտրամաբանական է, ես չեմ լսել նման բան, բայց եթե կա որեւէ գործարար, որը ցանկություն ունի գումար փոխանցել ոստիկանությանը կամ պետբյուջեին, ես կոչ եմ անում փոխանցել, դա նպատակային կօգտագործենք եւ թափանցիկ, ինչպես նաեւ հասարակական խորհուրդ ունենք ձեւավորված, հասանելի կլինի բոլորին: Բայց պետք է նշեմ, որ դա չի ազատի այդ գործարարին այն պատասխանատվությունից, եթե նա օրենք խախտի:
-Իսկ տեղեկություն տրամադրե՞լը:
-Ինֆորմացիա տալը, առհասարակ, անթույլատրելի եմ համարում, ուղղակի, կներեք, դա ուրիշ բառով կմեկնաբանեի, պարզապես անթույլատրելի եմ համարում: Դա օրենքով էլ չի թույլատրվում, կա ծառայողական գաղտնիք, կա պետական, որը քրեորեն պատժելի արարք է: Յուրաքանչյուրը պետք է պատասխան տա, եթե նման բան կա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Պաշտոնատար անձանց կողմից Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի հանցագործությունները թաքցնելու մասին գործը մտավ դատարան: Ինչպես հայտնի է, Թաթուլ Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար քրեական հեղինակությունից` Վահագն Աբգարյանից, պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Արայիկ Ներսիսյանն եղել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Արտակ Հովհաննիսյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ խոշոր չափերով կաշառք է ստացել: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
Շիրակի մարզի Իսահակյան համայնքի ղեկավարը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտավազդ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2012-2016թթ. ընթացքում, զբաղեցնելով Իսահակյանի գյուղապետի պաշտոնը, ցորենի սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում Շիրակի Մարզի Իսահակյան համայնքի բնակիչներին աշնանացան ցորենի սերմնացու բաշխելիս իր պաշտոնեական դիրքը օգտագործելով` կատարել է կեղծիք եւ յուրացնելու եղանակով հափշտակել խոշոր չափերի` 2 միլիոն 812 հազար դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երրորդ կետերով` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

 

 

ՕՐԵՆՔԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ
Մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ Հայաստանի ԶՈՒ-ը խաղաղապահ զորք է ուղարկելու Սիրիա, եւ այդ հարցի շուրջ ՌԴ-ի հետ քննարկումներ են ընթանում: ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է այս տեղեկատվությունը: «Այսօր գործող օրենքը ինձ թույլ չի տալիս, որ ավել բան հրապարակեմ, բայց շատ շուտով բոլորդ կիմանաք»,-շեշտել է նա: Անդրադառնալով հարցին, արդյոք խոսքն այն ծրագրի մասին է, որը քննարկվում էր դեռեւս Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, Գաբրիել Բալայանն ասել է` ոչ: Վերջինս նաեւ անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ ՌԴ տարածքում հետախուզման հնարավոր դադարեցնելու հարցին: «ՊՆ-ն ո՛չ քրեական հետապնդում իրականացնող մարմին է, ո՛չ այդ գործընթացներին մասնակցող: ՊՆ-ն նախաքննությանը մասնակցելու իրավասություն չունի: Հետեւաբար, ես ձեռնպահ եմ մնում որեւէ մեկնաբանությունից, դա մեր տիրույթից դուրս է»,-ասել է նա: Նշենք, որ ռուսական «Ինտերֆաքս»-ը հայտնել էր, որ ՌԴ-ն իր տարածքում չեղարկել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: Օրեր առաջ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Ավան վարչական շրջանում գտնվող «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա: Պարզվել է, որ դիմակավորված անձը զինված ատրճանակով, գույք հափշտակելու նպատակով հարձակում է գործել գրասենյակի վրա, որից հետո ապօրինի կերպով մուտք է գործել գրասենյակի օպերատորի համար առանձնացված սենյակ եւ նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել սեղանի վրա դրված 200.000 ՀՀ դրամը եւ դիմել փախուստի:

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի պաշտոնավարման սկզբից (մայիսի 10) մինչ օրս ողջ հանրապետությունում ճանապարհային ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 9 մարդ` սեփական դիմումի համաձայն, որոնցից մեկը` հիվանդության պատճառով: Նույն ժամանակահատվածում ՃՈ-ում ծառայության է անցել 28 մարդ: Բացի այդ, օրեր առաջ ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել համակարգը նոր կադրերով համալրելու հայտարարությամբ, եւ հաշված օրերի ընթացքում ՃՈ-ում ծառայելու համար դիմել է 124 քաղաքացի, որոնցից պահանջվող պայմաններին բավարարել են 75-ը եւ հիմա քննական գործընթացի մեջ են:




Լրահոս